20.07.2018 13:43

Մբապեն պետք է դառնա Մադրիդի «Ռեալի» աստղը

Մբապեն պետք է դառնա Մադրիդի «Ռեալի» աստղը

Կիլիան Մբապեն հաստատեց իր բարձր կարգը` Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճելով Աշխարհի չեմպիոնի կոչումը: Ամբողջ մրցաշարի ընթացքում երիտասարդ հարձակվողը ցուցադրեց կայուն ու բարձր մակարդակի ֆուտբոլ, մասնավորապես աչքի ընկնելով 1/8 եզրափակիչ փուլի Արգենտինայի ազգային ընտրանու հետ խաղում: Մունդիալից հետո Մբապեին այլ աչքով են նայում արդեն որպես կայացած աստղ ինչպես իր երկրում, այնպես էլ ակումբում` «Պարի Սեն Ժերմենում»: Ստեղծված իրավիճակում կրկնակի դժվարացել է Մադրիդի «Ռեալի» խնդիրը: Մադրիդցիները հետաքրքրված են Կիլիանի ծառայություններով, սակայն հնարավոր տրանսֆերի մասին դեռ վաղ է խոսելը: Ռոնալդուին Թուրինի «Յուվենտուսին»վաճառելուց հետո «Սերուցքայինները» նոր խաղացող են փնտրում և մտադիր են բացը լրացնել մինչև մրցաշրջանի մեկնարկը:

Մբապեն իր տարիքում ցույց է տվել արդյունքներ, որոնք ստիպում են շատերին արդեն իսկ համեմատականներ տանել նրա ու վերջին տասնամյակի լավագույն խաղացողներ Մեսսիի ու Ռոնալդուի միջև: Ավելին, եթե համեմատենք թե ինչ դերակատարում ունի հիմա 19-ամյա Մբապեն իր թիմերում և ինչ դերակատարում ունեին արգենտինացին ու պորտուգալացին այդ տարիքում, ապա առավելությունը միանշանակ ֆրանսիացու կողմն է:

Գոլ խփելու բնատուր տաղանդ ունի և այն ինչ հասցրել է դիտել ու ինչքան հասցրել է երկրպագուն հետևել Մբապեի խաղին, բավական է ընգծել, որ նա միակն է այս պահին, որը ի զորու է կրկնել Ռոնալդուի ցուցանիշները: Լինելով կենտրոնական հարձակվող և վերջին երկու տարում խաղալով Ռադամել Ֆալկաոյի ու Էդինսոն Կավանիի նման ռմբարկուների կողքին Մբապեն Ֆրանիայում հասցրել է խփել 28 գոլ: Կարելի է պատկերացնել, թե ինչքան գոլ նա կարող է խփել Մադրիդի «Ռեալում»: Մբապեն իրոք մեծ պոտենցիալ ունի:

Խոսվում է այն մասին, որ մադրիդցիները մտածում են թիմ կառուցել Մբապեի շուրջը և սա ավելի մտածելու տեղիք է տալիս, քան օրինակ նրա հնարավոր տրանսֆերի արժեքը: Կկարողանա արդյոք 19-ամյա երիտասարդը դառնալ Եվրոպայի լավագույն ակումբի առաջատարը: Հարցը շատերին է հետաքրքրում, սակայն քչերն են կասկածում, որ այդպես չի լինի: Մբապեն չնայած տարիքին հասցրել է ցույց տալ, որ բավականին հասուն է ու պատրաստ է նոր մարտահրավերների: Հատկանշական է, որ այս ընթացքում իսպանական շատ լրատվամիջոցներ կոչ են անում, որ հանուն Մբապեի վառ ապագայի արժե, որ Մադրիդը գնա այդ քայլին: