20.07.2018 12:03

Արսեն Գրիգորյան. Ո՞վ է լինելու ընդդիմության զինակիցը

Արսեն Գրիգորյան. Ո՞վ է լինելու ընդդիմության զինակիցը

Հայաստանում հերթական անգամ ընդդիմություն չկա: Բայց սա էականորեն տարբերվում է 1999-ից մինչեւ 2017 թվականները ժամանակ առ ժամանակ արտահայտվող ընդդիմության բացակայությունից:

Այն տարիներին իշխանությունը բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնում էր ընդդիմությանը: Դրանից ժողովուրդն իշխանամետ չէր դառնում: Իշխանությունը պաշտոններով գնում էր ընդդիմադիր գործիչներին, ոմանց հաճախ գործուղում ընդդիմություն, մյուսներին՝ ձերբակալում, չորրորդներին լռեցնում պարզ դոսյեներով, որոնց, եթե մեզ կատակել թույլ տանք, գրաբարում «կոմպրոմատ» են ասում: Սա բացատրվում էր նրանով, որ իշխանություննը կեղծում էր ընտրությունները եւ տրամաբանական չէր, որ օրինական, քաղաքական ճանապարհով թույլ տար ընդդիմադիրներին պաշտոնի «տեր դառնալ»: Իշխանությունն ավելի հեռու էր գնում՝ չունենալով ժողովրդին գնելու ռեսուրս, արժեզրկում էր նրա կամքը նրա իսկ քվեն կեղծելով: Փողոց դուրս եկողների հանդեպ կիրառվում էր ուժ, որպեսզի իշխանություն փոխել չկարողանալու հուսահատությունը կատարյալ դառնար: Իշխանությունն առաջին պլան էր մղում քրեական հանցագործներին եւ դրանով փոխում նաեւ երեխաների երազանքները՝ նրանք աղքատ ծնողների լուռ համաձայնությամբ դեմ չէին լինել օրենքի հակառակորդներ: Մի խոսքով, լինելով պետություն, Հայաստանը գրեթե չուներ քաղաքացի:

Այսօր նկարագրվածի ուղիղ հակառակն է: Քրեական հանցագործները հեռացված են իշխանությունից, իշխանությունը գոնե առերեւույթ թալանի ազատ ասպարեզ չէ: Իշխանությունից զրկվել է ՀՀԿ-ն, որը համարձակություն անգամ չունի ընդդիմություն ներկայանալու, թեպետ փորձեր անում է: Հեղափոխության էությունն է այդպիսին, ինքն ընտրություններից տարբերվում է նրանով, որ քվեից ագրեսիվ է լծվում պետական եղած համակարգի կազմաքանդմանը: Գրեթե ազգովի կողմնակից են նոր կառավարությանը: Սա չլսված բան է, չհաշված 1991-ը: Այս իրավիճակը շարունակվելու է գոնե մինչեւ ընտրություններ: Այս ընթացքում դաշտում եղած ոչ իշխանական կուսակցությունների համար դժվար կլինի ընդդիմություն լինելու հայտ ներկայացնել ոչ այն պատճառով, որ նոր կառավարությունը թերանալու ընդունակ չէ, այլ որ լեգիտիմության պաշարը չափազանց է նույնիսկ ընտրությունների համար:

Ընդդիմություն լինելու հավակնություն ունեցողները չեն կարող սպասել ոչ Ամուլսարի հարցում եւ ոչ էլ Արցախի խնդրի լուծման հարցում նոր կառավարության ձախողումներին: Արցախի հարցը գոնե մինչեւ մարտ-ապրիլյան ընտրություններ, լուրջ տեղաշարժեր չի ունենա: Ամուլսարի խնդիրն, այո, նոր կառավարության համար իսկական փորձաքար է, սակայն այստեղ Փաշինյանը ցանկացածին կապացուցի, որ խնդիրն ուռճացված է: Ի վերջո նրա հարյուր հազարավոր համակիրները պարտավոր չեն ամբողջ ճշմարտությանը տիրապետել, նրանք ճշմարտությունը վստահել են հեղափոխության առաջնորդին:

Ե՞րբ կարող է քաղաքական ուժը ընդդիմադիր լինելու այնպիսի հայտ ներկայացնել, որ դա ընկալվի արդեն քաղաքական կյանքի, ոչ թե հեղափոխության շրջանակներում: Նոր կառավարության լեգիտիմության պաշարը 4-5 տարուց պակաս դա չի երաշխավորում: Փաշինյանի կառավարությունը դեռ բազմաթիվ հանցագործություններ ունի բացահայտելու, որոնք միայն ուժեղացնում են նրա դիրքերը: Առաջիկա մեկ-երկու տարում գրեթե բացառված է արտաքին ուժերի ընդգծված հակափաշինյանական գործունեությունը: Եվ հետո հիմա ավելի դժվար կլինի արտաքին ուժերի օգնությամբ իշխանության հավակնել, քանի որ Փաշինյանը ցույց է տվել արդեն, թե ինչպես իշխանության հավակնելն իմաստ ունի հենց որպես հայաստանյան ուժ, որը հենվում է հայաստանցիների վրա: Լեգիտիմությունը զուտ ազգային երեւույթ է, այսինքն, տվյալ ազգային հանրույթով երաշխավորված երեւույթ: Այդպիսին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, այդպիսին կա Նիկոլ Փաշինյանը: Այսօր հայտնի է, թե ով է իշխանության հիմնական զինակիցը՝ քաղաքացին, որն արդեն գիտի, որ իշխանությանը կարելի է վստահել այն, ինչն ինքն իր ուժերով չի կարող անել: Ո՞վ է լինելու ընդդիմության զինակիցը, որը դեռ պետք է ապացուցի, որ ՀՀԿ-ի հետ ընդհանուր ոչինչ չունի: