20.07.2018 13:35

Թրամփը Պուտինին հրավիրում է Վաշինգտոն

Թրամփը Պուտինին հրավիրում է Վաշինգտոն

Սպիտակ տան մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Դոնալդ Թրամփը մտադիր է այս տարի աշնանը Վլադիմիր Պուտինին հրավիրել ԱՄՆ:

«Հելսինկիում ԱՄՆ նախագահը համաձայնեցրել է  աշխատանքնային երկխոսությունը երկու երկրների անվտանգության խորհուրդների աշխատակիցների միջև: Նախագահ Դոնալդ Թրամփը Ջոն Բոլթոնին խնդրել է նախագահ Պուտինին աշնանը հրավիրել Վաշինգտոն, և այդ հարցի քննարկումն արդեն սկսվել է»,- Twitter-ում գրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Թրամփը նախկինում մերժել էր Պուտինի առաջարկը՝ փոխադարձության հիման վրա մի շարք քաղաքացիների հարցաքննելու հնարավորության վերաբերյալ, սակայն ակնկալում է, որ 12 ռուսաստանցիները կժամանեն ԱՄՆ հարցաքննության, հայտարարել է Սանդերսը:

Ռուսաստանյան կողմը կցանկանար հարցաքննել Hermitage Capital ֆոնդի ղեկավար Ուիլյամ Բրաուդերին, որը հեռակա կարգով դատապարտվել է Ռուսաստանում, ինչպես նաև Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլին: Իր հերթին՝ ԱՄՆ-ը հետաքրքրված է 12 ռուսաստանցիներով, որոնց հետախույզներ է համարում և հեռակա մեղադրանք է ներկայացրել՝ 2016 թ. ամերիկյան ընտրություններին միջամտելու գործով:

Փոխանցում է BBC-ն: