20.07.2018 14:16

Յունկերը Եվրոպային հորդորում է զգուշանալ «մանրացումից»

Յունկերը Եվրոպային  հորդորում է զգուշանալ  «մանրացումից»

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի կարծիքով՝ Եվրոպան, աշխարհում բնակչության թվի մեծացման ֆոնին, առաջիկա տարիներին կարող է այն աստիճանի «նեղանալ», որ արդեն ԵՄ ոչ մի երկիր չի լինի խոշոր պետությունների շարքում, ուստի Եվրամիությունը պետք է մեկ ամբողջություն մնա:

«Եվրոպան ամենանեղ աշխարհամասն է... 20-րդ դարասկզբին Եվրոպայում մարդկության 20 %-ն էր, այսօր՝ 6 %, դարավերջին՝ 3-4 %: Մի քանի տարի անց ԵՄ ոչ մի անդամ չի ունենա ընդհանուր բնակչության 1 %-ը: Մի քանի տարի անց ԵՄ ոչ մի պետություն չի մնա, որ լինի G7-ի անդամ: Ուստի մեր սեղմվելուն զուգընթաց՝ մենք պետք է կրկին ուժեր գտնենք, որոնք մեզ կակտիվացնեն և անքակտելի ամբողջություն  կդարձնեն»,- հայտարարել է Յունկերը՝ Իսպանիայում դասախոսելու ընթացքում:

«Ես շատ զարմացա, երբ ԱՄՆ նախագահը հայտարարեց, թե Եվրոպան իրենց հակառակորդն է: Մինչդեռ ես մեծացել եմ այն նաիվ  մտայնության մեջ, թե Եվրոպան ու Ամերիկան քույր ու եղբայր են: Ցանկացած ընտանիքում այնպես է լինում, որ ավագ եղբայրը չի հարգում կրտսերներին, բայց այդ կրտսերները լավ հիշողություն ունեն: Ուստի մենք պետք է  Ատլանտիկայի մյուս կողմում գտնվող մեր ընկերներին բացատրենք, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր մենք Եվրոպան դարձրել ենք խաղաղության ապաստարան: Այս բազմաչարչար աշխարհամասն իր մեջ ուժ է գտել պայմանավորվել, որ պետք է միասին գործել»,- հայտարարել է Յունկերը:

Փոխանցում է ria.ru-ն: