20.07.2018 15:28

Փաշինյան. Կոռուպցիոներների հետեւից գնալու են, տարբերակ չկա, որ պլստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առաջին մեծ ասուլիսն էր հրավիրել, որի ընթացքում պատասխանել է ավելի քան երկու տասնյակ հարցերի: Փաշինյանը խոսել է տնտեսությունից, ԼՂ հակամարտությունից, կոռուպցիայի դեմ պայքարից, Մարտի մեկի գործից, արտաքին քաղաքականությունից՝ ԵՄ-ի եւ ՌԴ-ի հետ հարաբերությունների համատեքստում։ Փաշինյանը խոսել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ օրեր առաջ կայացած հանդիպումից:

Մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելով՝ Փաշինյանը նշել է, որ կոռուպցիայի մակարդակն ու դրսեւորումները հաճախ մեր երեւակայության սահմաններից անդին են:

Նրա խոսքով, կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարն այնպիսի ծավալներ է ստացել, որ այդ ծավալներով սկսում է ընդգրկել ավելի մեծ թվով մարդկանց, առնչվել մեծ թվով մարդկանց շահերին, նույնիսկ նրանց շահերին, ովքեր ծափահարել են տեղի ունեցած հեղափոխությանը: Ավելին, ըստ Փաշինյանի, կոռուպցիայի հարցում ճշմարտությունն այնպիսին է, որ ինքն է հաճախ մտածում՝ իսկ արժե՞ հանրությանը ներկայացնել ամբողջ ճշմարտությունը, արդյո՞ք դրանից հետո հանրությունը չի ասի՝ ինչի՞ մեզ ներկայացրիք ամբողջ տեղեկատվությունը: Այդուհանդերձ, Փաշինյանի խոսքով, ինքը հակված է ամբողջ ճշմարտությունը բացահայտելուն:

«Չարաշահումներ իրականացնողները լսում են ու իրենք էլ գիտեն, որ իրենց հետեւից գնալու են, տարբերակ չկա, որ պլստան»,- ընդգծեց Փաշինյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, նրա խոսքով, հիմնականում քննարկել են ԼՂ հիմնախնդիրը, եւ առաջին նախագահը՝ Փաշինյանի խոսքով, նրան է փոխանցել որոշ տեղեկություններ, որոնք, առաջին նախագահի կարծիքով՝ կարող էին օգտակար լինել: Հանդիպումը, նրա խոսքով, օգտակար էր: 

Նշեց, որ ժամանակի ընթացքում պատրաստվում է սուպերվարչապետական լիազորությունները կիսել, բայց ոչ թե նախագահի, այլ՝ խորհրդարանի հետ, եւ որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան ամենաուշը եկող տարվա մայիսին։