22.07.2018 11:30

Լյովն ամփոփել է Գերմանիայի մասնակցությունը ԱԱ-2018-ին

Լյովն ամփոփել է Գերմանիայի մասնակցությունը ԱԱ-2018-ին

«Պետք է վերադարձնել ուրախության եւ կրքի զգացումը, որ կար մեր թիմի խաղում»,- ասել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը՝ ամփոփելով Բունդեսթիմի մասնակցությունը Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությունում: Գերմանիան պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը:

«Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավարության հետ քննարկումը կառուցողական էր եւ օգտակար: Մեր մասնակցությունը վերլուծել ենք մանրամասն, լուրջ եւ ինքնաքննադատությամբ: Եզրակացությունը վճռորոշ նշանակություն կունենա ապագայի համար: Ղեկավարությունը շարունակում է աջակցել մեզ:

Հիասթափությունը մեծ էր, բայց պետք է հանգիստ լինել եւ իրավիճակին նայել կողքից: Նույնը վերաբերում է խաղացողներին: Նրանք հիմա զբաղված են ակումբներում: Կշարունակեմ զրուցել նրանց հետ փոխադարձ հարգանքի հիման վրա: Նոր միջազգային օրացույցի մեկնարկից առաջ կմտածենք մեր քայլերը»,- Լյովի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը:

Լյովը Գերմանիայի հավաքականը ղեկավարում է 2006 թվականից։ 2014-ին թիմը դարձավ աշխարհի չեմպիոն։