23.07.2018 09:01

Օզիլը բացատրել է, թե ինչու է լուսանկարվել Էրդողանի հետ

Օզիլը բացատրել է, թե ինչու է լուսանկարվել Էրդողանի հետ

«Արսենալի» ու Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը դիմել է երկրպագուներին, որոնք քննադատել էին իրեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ լուսանկարվելու համար: Պետության ղեկավարի հետ լուսանկարվել էր նաև Իլկայ Գյունդողանը: Օզիլը բաց նամակ է հրապարակել:

«Վերջին շաբաթների ընթացքում ես ժամանակ եմ ունեցել, որպեսզի ձևակերպեմ մտքերս տեղի ունենացածի մասին: Ես կուզեի դրանք կիսել ձեզ հետ:

Ինչպես շատ մարդկանց, այնպես էլ իմ արմատները մի քանի երկրների հետ են կապված: Թեև ես մեծացել եմ Գերմանիայում, իմ նախնիներն ապրել են Թուրքիայում: Ես երկու սիրտ ունեմ՝ մեկը գերմանական, մյուսը՝ թուրքական: Երբ ես երեխա էի, իմ մայրն ինձ սովորեցնում էր հարգել արմատներս, երբեք չմոռանալ, թե որտեղից եմ ես ծնունդով: Ես մինչև հիմա հիշում եմ դա ու պահպանում եմ այդ արժեքները: Մայիսին ես Լոնդոնում բարեգործական միջողառման ժամանակ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ: Առաջին անգամ մենք հանդիպել ենք 2010 թվականին, երբ Էրդողանն Անգելա Մերկելի հետ Բեռլինում դիտում էր Գերմանիա – Թուրքիա խաղը: Դրանից հետո մեր ուղիները բազմիցս խաչվել են:

Ես հասկանում եմ, որ Էրդողանի հետ իմ լուսանկարը մեծ աժիոտաժ է առաջացրել գերմանական ԶԼՄ-ներում: Չնայած որոշ մարդիկ ինձ մեղադրում են կեղծիքի ու դավաճանության մեջ՝ իմ լուսանկարը ոչ մի քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Ինչպես ես արդեն ասացի՝ մայրս ինձ սովորեցրել է միշտ հիշել իմ արմատների ու ավանդույթների մասին: Ինձ համար Էրդողանի հետ նկարը ոչ մի կերպ կապված չէր քաղաքականության կամ ընտրությունների հետ: Այն արտահայտում է իմ հարգանքը ընտանիքիս երկրի իշխանությունների նկատմամբ:

Ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ: Մեր հանդիպումն ուղղված չի եղել այն բանին, որ աջակցեմ Էրդողանի վարչակարգին: Դա անարգանք կլիներ արմատներիս, նախնիներիս, որոնք կհպարտանային նրանով, թե ով եմ ես դարձել: Ինձ համար բոլորովին կարևոր չէ, ով է զբաղեցնում նախագահի պաշտոնը: Կարևոր է, որ դա նախագահն է: Ես պետք է հարգեմ երկրի իշխանություններին: Վստահ եմ, որ ինձ հետ կհամաձայնեն Անգլիայի թագուհին ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, որոնք Լոնդոնում ընդունել էին Էրդողանին: Լիներ Գերմանիայի նախագահը, թե Թուրքիայի՝ իմ դիրքորոշումը կլիներ նույնը», - գրել է Օզիլը: