23.07.2018 14:46

Լիզա Ճաղարյան. «Ուզում եմ «Հայլուր»-ի Հայաստանում ապրել»

Լիզա Ճաղարյան. «Ուզում եմ «Հայլուր»-ի Հայաստանում ապրել»

Հիշու՞մ եք, քոչարյանասերժական տարիներին այսպիսի մի անեկդոտ էր շրջում ու երբեք արդիականությունը չէր կորցնում։

Հանցագործ իշխանությունը, բարեբախտաբար, արդեն թամբին չի, բայցեւ՝ լիովին չեզոքացված չի։ Այսօրվա Հայաստանը դեռ հեռու է «Հայլուր»-ի «դրախտային» կյանքից։ Այսօրվա Հայաստանն զբաղված է տարիներով կուտակված հանցագործությունների բացահայտմամբ, իսկ դրանց թիվն ու ծավալները կարծես անսահմանության են ձգտում։

Ավելին, նախկինները քնած չեն, «թախտի տակից» են գործում, բայց ակնհայտորեն նահանջելու մտադրություն չունեն։ Այս պահին միայն ի վիճակի են տեղեկատվական պատերազմով թունավորել ՀՀ նոր կառավարության եւ այդ կառավարությանը սատարող հասարակության կյանքը։ Եվ թունավորում են մեծ եռանդով։ Պետությունից գողացած միլիարդները դեռ իրենց գրպաններում են, եւ եթե նույնիսկ ինչ-որ մասը հաջողվել է վերադարձնել պետբյուջե, միեւնույն է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ ետ բերվածը չնչին տոկոսն է այն զարհուրելի չափերի թալանի, որը դեռ, հուսով ենք, պետք է ջրի երես ելնի։

Իսկ քանի դեռ բացահայտված չէ, բնական է, որ հանցագործները ցանկացած ստոր ու նենգ միջոցի պետք է ձեռքները գցեն, որովհետեւ նժարին աստղաբաշխական չափերի հարստություն է, բազմահատոր չարագործություններ եւ բանտախցում հայտնվելու հեռանկար։

Ավելի պարզ՝ այսօրվա Հայաստանը վառոդի տակառին է նստած։ Եվ բնական է, որ երկրի ճակատագրով մտահոգ քաղաքացիները գերլարված հոգեվիճակում են եւ, անկախ այն հանգամանքից, թե ինչ վերաբերմունք ունեն նոր կառավարության այս կամ այն ներկայացուցչի նկատմամբ, այս կամ այն քայլի նկատմամբ, փորձում են աջակցել նրանց իրենց հնարավորությունների չափով։

Կհարցնեք՝ ինչու՞ հիշեցի «Հայլուր»-ի անեկդոտը։

Որովհետեւ ահա՛ այս գրեթե շեքսպիրյան կրքերով ապրող Հայաստանում, պարզվում է, դեռ կա՛ եւ ապրում է «հայլուրական» հովվերգությունը։

Այդ հովվերգության հովիվն էլ... Ներեցեք, ուզում էի ասել՝ նախագահը։ Ահա՛ այս նախագահը, որ կկոչվի Արմեն Սարգսյան, ապրում է Հայաստան դրախտավայրում։ Լույսը բացվում է Հայոց աշխարհի վրա, ու մի մարդ է ամեն առավոտ արթնանում երջանիկ ժպիտը դեմքին։ Այդ մարդը հասնում է իր աշխատավայր, օրացույցը թերթում է, որ տեսնի, թե ում կարելի է շնորհավորել՝ ինչի առթիվ։ Այդ դժվարին գործն անում է։ Հետո մտածում է՝ էլ ի՞նչ անի։ Հա՛, շոգ է, կարելի է պաղպաղակ ուտել մի խումբ երջանիկ մանուկների հետ։ Ուտում են։

Օրը մթնում է։

Լույսը բացվում է։ Ծանր օր է սպասվում։ Հարցազրույց է տալու։ Տալիս է։ Մեծարգո պարոն նախագահից ոչ ոք պարտք-պահանջ չունի. ինքը ոչ կոռուպցիայի դեմ է պայքարում, ոչ էլ կենսաթոշակ բարձրացնելու ծանր խնդիրն է իր ուսերին։ Փափլիկ-կոկլիկ հարցեր են տալիս, փափլիկ-կոկլիկ պատասխաններ են ստանում։

Օրը մթնում է։ Երեխաների հետ աստղերը վաղը կդիտի։

Լույսը բացվում է։ Հորիզոնից աչքով է անում Հայաստանի արեւաշող ներկան։ Եվ նախագահն շտապում է իր նստավայրի տարածքում երեխաների համար սիրողական աստղադիտումը իրականացնելու հրատապ գործին։ Դե, երեխաներին սիրողական մակարդակն էլ է ուրախացնում, բայց ինքը հո հասկանու՞մ է, որ դա սիրողական մակարդակ է, եւ հենց այդ սիրողական աստղադիտման պահին էլ որոշում է Բյուրականի աստղադիտարան այցելել։

Չի շտապում։ Դեռ պետք է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանոց այցելի, իսկ հաջորդ օրը՝ Բյուրականի աստղադիտարան, նույն օրը՝ նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց, նույն օրը՝ նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց...

Շատ հագեցած օր է։ Ինքն արվեստասեր է, կարող է ե՛ւս մեկ նկարչի արվեստանոց այցելել, բայց չէ՝ բոլորին արագ-արագ, իրար հետեւից այցելի, բա հետո՞ ինչ անի։

Հետո, իհարկե, կարող է նաեւ մեր շենքի մոտակայքի տաղավարում բլոտ խաղացող ՀՀ քաղաքացիներին այցելել։

Բայց ինչու՞ ես հուշեմ որ...

Ես սովորական ՀՀ քաղաքացի եմ եւ ուզում եմ ապրել Արմեն Սարգսյանի Հայաստանում։

Արմեն Սարգսյանի Հայաստանում կոռուպցիայի մասին ահասարսուռ լուրեր չեն շրջում, այստեղ թշնամական ապատեղեկատվությունն անելիք չունի, այստեղ վառոդի տակառ չկա, այստեղ արշալույսները շատ խաղաղ են, երեկոներն էլ՝ հովվերգական։

Իսկեւիսկ «Հայլուր»-ի Հայաստան։