23.07.2018 17:51

Շվեցարահայկական ցուցապաստառների եզակի ցուցադրանք

Շվեցարահայկական ցուցապաստառների եզակի ցուցադրանք

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությունը մտահղացել էր Հայաստանի հանրությանը ներկայացնել վերջին 100 տարում Ցյուրիխի Դիզայնի թանգարանում պահվող շվեցարական քաղաքական պլակատների ընտրանին:

Եվ ահա, հայաստանյան «ՀԱՅՓ Փոփ պատկերասրահի» հետ համագործակցությամբ, Հայաստանի արտգործնախարարության նախկին շենքում (Հանրապետության հրապարակ) հունիսի 29-ից ներկայացվեց «Ձայնաղբյուր» (Voices and Choices) ցուցադրանքը` նվիրված քաղաքականության մեջ պլակատացուցապաստառային ժանրի առանձնահատկություններին:

Ի լրումն շվեցարական ցուցադրանքի` ներկայացվել են նաև Երևանի պատմության, Սարդարապատի, «Դեմիրճյան» թանգարաններում Հայ ազգային կոնգրեսի պահոցում գտնվող քաղաքական թեմաներով պլակատներ, ցուցապաստառներ, լուսանկարներ: Ցուցադրվել են հայ նկարիչների անհատական ստեղծագործություններ:

Այս բազմապիսի, մեկտեղված հավաքածուների նպատակն էր.

ա) Ի ցույց դնել քաղաքական գործընթացների ընկալումները հանրային տիրույթում:

բ) Հանրության մասնակցության կարևորության գիտակցումը երկրի կառավարման գործընթացներում:

Ցուցադրանքում իրենց բազմազանությամբ, ինքնատիպությամբ աչքի են զարնում 2008-ի Համաժողովրդական շարժման և 2018-ի Թավշյա հեղափոխության ցուցապաստառները, պլակատներն ու լուսանկարները:

Անշուշտ, այցելուների ուշադրությունը պետք է գրավի 1988-91 թթ. Ղարաբաղյան շարժմանը նվիրված ցուցադրանքը, քանզի Ազգային առաջին զարթոնքը հանգեցրեց Հայաստանի անկախացմանը: Ցուցադրանքը ևս մեկ անգամ ընդգծում է Ղարաբաղյան շարժման բացառիկ դերակատարությունը հանրության սոցիալական գիտակցության վերափոխման գործում: Այդ ժամանակ էր, որ իրավազուրկ քաղաքացիները վերածվեցին սեփական սահմանադրական իրավունքների համար պայքարող քաղաքացիների:

Որպես քաղաքաշինարարներ` չէինք կարող չնկատել քաղաքաշինական ավերածություններին նվիրված թե´ եվրոպական և թե´ հայկական պլակատները: Հարց, որ առավել քան արդիական է նաև այսօր և շարունակում է մնալ այդպիսին, քանի դեռ շարունակվում են քաղաքակրթական և քաղաքաշինական ավերածությունները:

Այս ցուցադրանքը հետազոտական նպատակ ունի և շարունակական է լինելու: Քաղաքական թեմատիկայով ցուցանմուշները`տվյալ դեպքում պլակատներն ու ցուցապաստառները, պատմական իրողությունների և քաղաքական մտքի զարգացման վկաներն են: Դրանք, մեր կարծիքով, հետագա լուրջ համադրման և հետազոտման նյութեր են և դեռ պիտի մեկնաբանվեն, թե ինչպիսի պատկերազարդ հռետորաբանությամբ են ձևավորվել օտար և հայ քաղաքական մտքի  կրողները`պլակատները, ցուցապաստառները, բացահայտվի հանրության վերաբերմունքի փոփոխականությունը տարբեր քաղաքական, սոցիալական, տնտեսական իրավիճակներում:

Ի դեպ, հայկական պաստառների զգալի մասը ծնվել է հանպատրաստից` փողոցներում. թերևս դրանով է բացատրվում ցուցապաստառների ոչ թե որակական, այլ բովանդակային առավելությունը: Հենց այդ պաստառների հեղինակներն էին խրախուսում ժողովրդավարություն, պահանջում համակարգի փոփոխություն: Ամեն դեպքում ցուցապաստառների, պլակատների տեսանելի հնարքները նպաստում էին հանրությանը սթափվելու, մղվելու մտքի, երևակայության թռիչքների:

Պաստառների բազմազան «գաղտնագրերը» վկայում են նաև ոտքի ելած զանգվածների` իշխանությունների վրա քաղաքակիրթ ներգործելու կարողությունը:

Մարտին և Արամայիս Ասլանյաններ