30.07.2018 13:37

Մուսինյան. Այս սուբյեկտները Տեր-Պետրոսյանից «դուրս»՝ գոյություն չունեն

Մուսինյան. Այս սուբյեկտները Տեր-Պետրոսյանից «դուրս»՝ գոյություն չունեն

Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը Ֆեյսբուքում գրում է.

Երբ մի քանի օր առաջ գրառում արեցի՝ Նախագահ Տեր-Պետրոսյանի դեմ սպասվելիք հարձակման մասին, պատճառը հետևյալ պարզ իրողությունն էր։

Հետհայացք նետեք Հայաստանի նորանկախ պատմությանը և կտեսնեք, որ՝ 
- Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Դաշնակցությունը (լինեն առանձին կամ միասին), բարդ ու ճգնաժամային իրավիճակներում հայտնվելու դեպքում, նախաձեռնել են վայնասուն Նախագահ Տեր-Պետրոսյանի հասցեին։ Ե՛վ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, և՛ նրա 10-ամյա լռության ժամանակ, և՛ նրա վերադարձից հետո։ Այս սուբյեկտներն են (գումարած՝ մանր-մունր արբանյակներ) տարիներ շարունակ ստի ու կեղծիքի վրա հիմնված քարոզչություն իրականացրել Տեր-Պետրոսյանի դեմ։ Երբ ճգնաժամ չի եղել՝ հանգիստ մսխել են Հայաստանը՝ տարբեր չափաբաժիններով։

- Տեր-Պետրոսյանից «դուրս»՝ իրենք գոյություն չունեն։ Իրենք իրենց համար իմաստավորվում են միայն Տեր-Պետրոսյանին հակադրվելու փորձերի մեջ։ Իրենց ողջ «քաղաքական կապիտալում» հասարակության առջև պարծենալու ո՛չ միտք/խոսք կա, ո՛չ գործ՝ բացի արած չարագործություններից ու տված վնասներից։ Պետությանն իրենք տվել են զրո օգուտ։

- Մեր նորանկախ պատմության երկու ամենահրեշավոր ողբերգությունների (Հոկտեմբերի 27, Մարտի 1) դեպքում այս բոլոր սուբյեկտները ունեցել են կատարելապես նույնանման դիրքորոշում։

Եվ վերջապես, Տեր-Պետրոսյանի և այս սուբյեկտների՝ արդեն տասնամյակներ ձգվող վեճը կարելի է խտացնել մեկ կոնստրուկտի մեջ․
Տեր-Պետրոսյանն գործել է՝ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ, ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ» սկզբունքով։ 
Նրանք գործել են՝ «ՍԿԶԲԻՑ ՄԵՆՔ, ՀԵՏՈ (այսինքն՝ ԵՐԲԵՔ) ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ» սկզբունքով։

Եվ սա ապացուցված է իրենց գործունեությամբ: