30.07.2018 14:13

Լիզա Ճաղարյան. «Դավիթն իր մարտական գիտելիքներով մի ամբողջ գունդ կղեկավարեր»

Լիզա Ճաղարյան. «Դավիթն իր մարտական գիտելիքներով մի ամբողջ գունդ կղեկավարեր»

Ամիսներ առաջ, երբ հոսպիտալում զրուցում էի Դավիթ Քամալյանի հետ, զրույցի ողջ ընթացքում մի միտք հանգիստ չէր տալիս ինձ։

Սա էր՝ Դավիթն Իջեւանից է, իմ ծննդավայրն էլ է Իջեւանը, եւ հայրենակցական կապն է նաեւ պատճառը, որ հիմա նստած եմ այս հիվանդասենյակում եւ լսում եմ նրա պատմությունը, իսկ քանի-քանի այսպիսի արդարություն փնտրող զինվոր կա, որ չգիտի՝ ում դիմել ու ինչպես դիմել։

Այո՛, ես կարդացել էի ՊԲ հաղորդագրությունը, որ 2018 թ. փետրվարի 20-ին N զորամասում իր զինակցի կրակոցներից ծանր վիրավորվել է Դավիթը, հետագայում տեղեկացա իջեւանցի իմ հարազատներից, որ իմ ծննդավայրից է, ինձ ծանոթ ընտանիքի զավակ է, եւ որ՝ գրեթե անհուսալի է վիճակը։

Ահա այս անհուսալի վիճակում գտնվող պատանին, որ զորակոչվել էր ուսանողի կարգավիճակով, կարելի է ասել՝ հրաշքով ապրեց։ Զինակցի արձակած 15 կրակոցից չորս գնդակ ստացած նրա մարմինը դիմացավ երկու վիրահատությունների, սպասում է երրորդին...

Ես լսում էի նրան, հիանում նրա գրագետ խոսքով, զինվորական ծառայության կարգուկանոնի կատարյալ իմացությամբ, բա՛րձր գիտակցությամբ, թե ինչու էր ինքը Արցախի առաջնագծում, բայցեւ՝ հուզմունքս մի կերպ էի զսպում. դիմացս նստած էր բարալիկ մի պատանի, որը ծառայության ընթացքում արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի և «Լավագույն գնդացրորդ» պատվոգրի, երկու վիրահատություններից հետո կորցրել է մեկ երիկամը, փայծաղը, վնասվել են լյարդն ու թոքը, կողոսկրերը, աջ ձեռքի նյարդի վնասումից երեք մատները լիարժեք չեն գործում, մինչ օրս նրա մարմնի մեջ է գնդակներից մեկը, բժիշկները խուսափում են վիրահատությունից, որովհետեւ այդ գնդակը ողնաշարից ընդամենը երկու սանտիմետր հեռավորության վրա է գտնվում եւ... Եվ 20 տարեկան այս պատանուն ամիսներ շարունակ դռնեդուռ են գցել եւ չեն ցանկանում զինվորական թոշակ նշանակել։ Հիմնավորումն ուղղակիորեն խելքից-մտքից դուրս մի բան է՝ ա՛յ, որ թշնամու գնդակից վիրավորվեիր կամ... զոհվեիր...

Զառանցանքի է նման, բայց սա իրականություն է։ Հաշմանդամ դարձած զինվորը, փաստորեն, մեղավոր է, որ իրեն հաշմանդամ է դարձրել իր զինակիցը, ոչ թե՝ հակառակորդը եւ զինվորական թոշակից զրկվում է հենց ա՛յս հրեշավոր պատճառաբանությամբ։

Չե՞ն ուզում նրա վրա կրակած զինակցին դատել, Դավիթը նման նպատակ չի էլ հետապնդում. տղան ուզում է ընդամենն ստանալ իրեն հասանելիքը եւ շարունակել ուսումը, ապրե՛լ է ուզում քիչ թե շատ մարդավայել։

Դավիթի մայրն այս նամակն ուղարկել էր նախկին ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանին։ Անարձագանք մնացած այս նամակը հետո ուղարկել է ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին։

«Հայտնում եմ ձեզ, որ որդիս՝ Դավիթ Սերյոժայի Քամալյանը, 2016 թ. հուլիսի 22-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Լեռնային Ղարաբաղի «Մարտունի 3» զորամասում: Ուսումնական գումարտակում ծառայել է 2 ամիս (հետախուզական դասակում): Առաջադրանքները կատարել է  բարեխղճորեն, ձեռք բերել վստահություն, սակայն, ծանոթ չունենալու պատճառով, տղայիս տեղափոխել են վաշտ՝ պատճառաբանելով, իբրև ցածրահասակ է: Այնուհետև 2 ամսից տեղափոխել են առաջնային մարտական դիրք: Ծառայության ընթացքում արժանացել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանի և «Լավագույն գնդացրորդ» պատվոգրի: Նվիրված ծառայել է իր հայրենիքին (նույնիսկ ծառայությունը երկարացնելու ցանկություն ուներ): Սակայն 2018 թ. փետրվարի 20-ին՝ լինելով Մարտունի 3 զորամասի 137-րդ մարտական դիրքում, ժ. 20:45-ին զինակից, ծառայակից Սերյոժա Արթուրի Նահապետյանի կողմից ստացել է հրազենային վնասվածք, որի հետեւանքով 2 անգամ վիրահատվել է: Կորցրել է մեկ երիկամը, փայծախը, կարվել է լյարդը, թոքը, վնասվել են կողոսկրերը, իսկ աջ ձեռքի հատվածում ստացած 3 հրազենային վիրավորումից 3 մատները չեն աշխատում, վնասվել է նյարդը: Բժիշկների և իր դիմադրողականության շնորհիվ մահից փրկվել է, սակայն մնացել հաշմանդամ:

Չգիտեմ, կհասկանա՞ք մոր վիճակը, երբ իր 19-20 տ. տղային տեսնում է հաշմանդամ: Ես նրան ուրախ և հպարտ եմ բանակ ճանապարհել, չնայած նրան, որ 17 տարի չարչարվել եմ հիվանդանոցներում՝ նրան ունենալու համար: 18 տարի էլ դժվարությամբ մեծացրել եմ անկախության տարիներին: Ոչ մեկը դուռս չի բացել՝ իմանալու համար ապագա զինվորը սովա՞ծ է, թե՞ ծարավ: Ես նրան ողջ և առողջ պետության  խնամքին էի հանձնել ընդամենը երկու տարով, իսկ  նրան ինձ վերադարձրեցիք հաշմանդամ: Աստծուն փառք ենք տալիս, որ գոնե ողջ է: Ամուսինս մասնակցել է քառօրյա պատերազմին՝ մեկ ամիս մնալով առաջնագծում: Մենք հայրենասեր ընտանիք ենք, բայց, ինչպես երևում է, տեղ չունենք մեր իսկ հայրենիքում: Արդեն երկրորդ ամիսն է, ինչ գտնվում ենք Մուրացանի հոսպիտալում: Ճիշտ է, բուժումը կատարվում է պետության կողմից, սակայն երեխայի խնամքը, սնունդը, ընթացիկ և Իջևանից Արցախ ճանապարհածախսը հոգում և հոգացել ենք մենք ինքներս: Դիմել ենք նախկին նախարարին նամակով, սակայն նախարարությունից եկել է ոմն ներկայացուցիչ և ասել, թե մենք չենք կարող օգտվել պետությունից, քանի որ տղաս թշնամու գնդակից չէ վիրավորվել կամ չի մահացել, որ հետմահու թոշակ ստանա: Չգիտեմ էլ  ինչպիսի՞ հոգեբանությամբ մարդիկ են աշխատում: Տղայիս հազիվ են փրկել: Ի դեպ՝ ավելի վատ համակարգի համար, որ տղաս տուժել է հայի ձեռքով, որովհետև  8-ամյա կրթությամբ մի երեխայի 10 օրվա ընթացքում սերժանտի կոչում են տալիս, որը նույնիսկ զենքից ճիշտ օգտվել չի կարողանում, և ուղարկում են առաջնագիծ: Իմ տղան ավարտել է ավագ դպրոցը, ընդունվել ԵՊՀ և զորակոչվել բանակ:  Տղայիս ճնշում են կրակողի բարեկամները: Գալիս էին հիվանդանոց՝ համոզելու, դեպքը հօգուտ իրենց ներկայացնելու: Նույնը անում էին նաև զինծառայողները՝ ստիպելով, որպեսզի ասի, թե նշանաբան չի իմացել: Տղաս ծառայել է 19 ամիս, որից 17 ամիսը եղել է դիրքերում, շատ լավ տեղեկացված ենք նրա ծառայությունից, ուստի բացառվում է նման կոծկումը: Հրամանատարն անգամ ասում էր, որ Դավիթը իր մարտական գիտելիքներով մի ամբողջ գունդ կղեկավարեր: Մտածել են, որ տղաս չի ապրի, հարմար տարբերակ են գտել արդարանալու և գործը փակելու: Այս դեպքին ներկա են եղել կրակողը և ավագը: Ես նույնիսկ համոզված եմ, որ կրակոցը դիտավորյալ է եղել, քանի որ կրակ արձակողը իր 4 օրվա ծառայության ընթացքում կատարել է խախտումներ՝ թե' զենքի առումով, թե' գիշերը՝ հերթապահություն չկատարելով: Հերթապահության ժամանակ լքել է ընկերոջը և գնացել քնելու:  Դիմել են ավագին, սակայն վերջինս  ոչ մի կարգ ու կանոն չի հաստատել: Տղաս իր և ընկերների մարտական անվտանգությունը պաշտպանելու համար մի քանի անգամ նկատողություն է արել Սերյոժային և նա, հարմար պահ ստեղծելով, վրեժ է լուծել որդուցս: Տղաս նրան տեղյակ էր պահել, որ գնում է զուգարան: Նա պետք է հսկեր տղայիս անվտանգությունը, սակայն, թողնելով խաչմերուկը, իջել է բլինդաժ: Տղաս անգամ լսել է նրա և ավագի զրույցը 7 մետրի վրա, և, քանի որ տղայիս հանգստի ժամն էր, իջնում է այնտեղ: Առանց զգուշացման` տղայիս ուղղությամբ արձակվում է 14 կրակոց: Տղաս իրեն մի կողմ է գցել՝ ընդունելով 4 գնդակ՝ մեկը կրծքին, երեքը՝ ձեռքին: Տղայիս պատգարակի վրա տեղափոխելու ժամանակ ավագը մոտեցել և ասել է Դավիթին, մեջբերում եմ .  «Դավիթ, երբ հարցաքննեն, կասես երկու անգամ նշանաբան է հարցրել, չեմ իմացել»: Այն էլ ո՞վ է ասել՝ ավագը, որը հենց առաջին օրվանից տղայիս հետ է ծառայել:

Հարգելի' պարոն Տոնոյան, ես ձեզ մայրաբար խնդրում եմ պատժել մեղավորին՝ լինի զինծառայող, թե՛ ղեկավար: Տղաս անգամ հիվանդ ժամանակ ազատականի թղթով դիրքեր է բարձրացել՝ ասելով տղերքը քիչ են: Հիմա պետք է առերես անեն տղայիս և նրանց: Իմ տղան, ինչպես հասկացաք, առողջապես ի վիճակի չէ գնալ Արցախ, նա դեռ մեկ հնարավոր վիրահատություն էլ ունի. պետք է գնդակը հեռացվի, գտնվում է ողնաշարի մոտ: Իմ երեխան մահից է փրկվել և ես թույլ չեմ տա կրկին վտանգել նրա կյանքը: Ես  խնդրում եմ նաև, հանդիպումը կազմակերպեք Երևանում և առանց ձգձգելու: Արդեն երկրորդ անգամ եմ դիմում, քանի որ գործը տեսանելի ընթացք չի ստանում:

Հավելեմ նաև, որ ձգձգվում է նրա թոշակավորման գործընթացը: Արդեն երկրորդ բժշկական փորձաքննությունն է անցել, սակայն կրկին հետաձգել են, մեզ ուղղորդելով Նորք-Մարաշի բժշկական անձնակազմի մոտ: Տեղեկացնեմ նաև, որ աշխատանք չունենք՝ ծախսերը հոգալու համար: Վարկից վարկ ենք փակում: Ունեմ կիսաշեն, խոնավ, հաշմանդամ պահելու համար անհարմար մի տուն, որից ինքը մասնաբաժին չունի:  Խնդրում եմ նաև աջակցեք և օգնեք տղայիս, որպեսզի նա օգտվի իր արտոնություններից: Ինձ չի հետաքրքրում հայն է խփել, թե թուրքը։ Նա տուժել է: Պարտավոր եք հոգալ նրա ապագայի մասին, որպեսզի երկրորդ անգամ չտուժի: Ես խնդրում եմ անձամբ զբաղվել այս գործով: Կից թողնում եմ իմ կոնտակտային տվյալները և հասցեն:

Հարգանքներով՝ զինվորի մայր Շուշիկ Օհանյան

Ք. Իջևան, Նալբանդյան 16ա

11.04.2018

 

Ոչինչ չի փոխվում նաեւ այս նամակից հետո։ Հաջորդ նամակն արդեն գրել է ինքը՝ Դավիթը։ Գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հարգելի պարոն վարչապետ, հայտնում եմ Ձեզ, որ ես՝ Դավիթ Սերյոժայի Քամալյանս, 2016 թ. հուլիսի 22-ին զորակոչվել եմ բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության Մարտունի 3 զորամասում: Ծառայությունս կատարել եմ բարեխիղճ` պահելով սրբազան երդումս: Իմ զորակոչվելուց արդեն 2 ամիս անց բարձրացել եմ առաջնագիծ և կատարել մարտական հերթապահությունս, սակայն 2018 թ. փետրվարի 20-ին, գտնվելով առաջնագծում` ստացել եմ հրազենային վիրավորում, որի արդյունքում 2 անգամ վիրահատվել եմ: Կորցրել եմ մեկ երիկամս, փայծախս, կարվել է լյարդս, թոքը, որոնց աշխատանքը թերի է, վնասվել են կողոսկրերս, իսկ աջ ձեռքիս հատվածում ստացած 3 հրազենային վիրավորումից (արձակվել է 15 կրակոց, որից ընդունել եմ 4 գնդակ ) երեք մատներս լիարժեք չեն գործում, վնասվել է նյարդը, հայտնեմ նաև, որ գնդակը դեռ հեռացված չէ, որովհետև վտանգավոր է վիրահատությունը, և ներկայում ցանկալի չէ բժշկական միջամտությունը (գնդակը գտնվում է ողնաշարից 2 սմ հեռավորության վրա)

Դիմումով տեղեկացնում եմ, որ դեռ չի լուծվել իմ հաշմանդամության կարգի հարցը, առավել ևս չկան քայլեր ինձ կարգ հատկացնելու համար: Մինչև այսօր անցնում եմ տարատեսակ ստուգումներ, սակայն ինձ համարում են առողջ և ասում, որ չեմ կարող ստանալ զինհաշմանդամության կարգ: Բազմաթիվ դիմում-նամակներ եմ ներկայացրել պաշտպանության և առողջապահության նախարարություններ, սակայն քայլեր չեն ձեռնարկել։

Պարոն Վարչապետ, ինձ հաճելի չէ, որ ես նման խնդրի առաջ եմ կանգնել, բայց քանի որ այսպես է դասավորվել, հայցում եմ Ձեր միջամտությունը: Ես տուժող կողմ եմ, ցանկանում եմ շարունակել ուսումս և պետք է օգտվեմ ինձ հասանելիք ինչպես սոցիալական, առողջապահական, այնպես էլ կրթական արտոնություններից: Եվ այո՛, այդ զինթոշակը ճիշտ է, ինձ չի վերադարձնի իմ առողջությունը, բայց քիչ թե շատ կմեղմի սոցիալական վիճակս: Հայցում եմ ձեր արագ արձագանքը:

Հարգանքներով`ՀՀ Հպարտ քաղաքացի:

11.06.2018

 

Հ.Գ. Հուսով եմ, ընթերցողը հասկացավ, որ եթե այս նամակներն արժանի արձագանք ստանային, այսօր ես չէի հրապարակի դրանք։