19.01.2013 14:52

Դմիտրի Ադբաշյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ընդունած փաստաթուղթն ուժ չունի

Դմիտրի Ադբաշյանի համոզմամբ՝ Ադրբեջանի ընդունած փաստաթուղթն ուժ չունի

Ադրբեջանի ընդունած որոշումը հակասում է նախկին միջազգային փաստաթղթերի ստորագրված պարտականություններին, որ Ադրբեջանը ստանձնել էր: iLur.am-ի հետ զրույցում ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակազմի ղեկավար Դմիտրի Ադբաշյանն այսպես մեկնաբանեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, համաձայն որի՝ հաստատվել են «կանոններ», որոնցով իրավունք է տրվում ռազմաօդային ուժերին հարվածել այն բոլոր քաղաքացիական ինքնաթիռներին, «որոնք կխախտեն Ադրբեջանի օդային տարածքը»:

Համաձայն տեղեկատվության՝ այդ կանոններով սահմանվում է, որ եթե բացակայում են ինքնաթիռում անմեղ քաղաքացիների վերաբերյալ ստույգ տվյալները, թույլատրվում է գնդակոծել քաղաքացիական ինքնաթիռները: Ադբաշյանն ասաց՝ չի պատկերացնում, թե ինչպես են այդ մեխանիզմը գործարկելու ու պարզելու՝ օդանավի մեջ իրենց երկրի համար վտանգավոր մարդիկ կա՞ն, թե՞ ոչ:

«Համաձայն միջազգային կարգերի՝ միջազգային փաստաթղթերը, որը պետությունը ստորագրում է, ավելի հզոր են, քան իրենց ներքին ընդունած որոշումները: Երկրորդը՝ եթե նրանք ընդունում են որոշումներ, որոնք հակասում են միջազգային օրենքներին, կարգերին, կոնվենցիաներին, որոնց տակ Ադրբեջանի ստորագրությունը կա, ուրեմն կարելի է համարել, որ այդ փաստաթղթերը ուժ չունեն»,- նշեց Ադբաշյանը:

Նա նաև հայտնեց, որ իրենք այժմ փորձում են ճշտել այդ տեղեկությունը, քանի որ բացի ադրբեջանական մեկ լրատվական գործակալությունից, այդ նոր օրենքի մասին այլ տեղեկություն չկա:

Հատկանշական է, որ նախկինում Ադբաշյանը Ստեփանակերտի օդանավակայանի թռիչնքերի անվտանգությունը երաշխավորում էր նրանով, որ Ադրբեջանը` որպես ICAO-ի (Քաղավիացիայի միջազգային կազմակերպության) անդամ ստորագրել է հռչակագրի տակ, ըստ որի` երբեք չի վնասի քաղաքացիական օդանավերին:

Նշենք, որ Ադրբեջանի կառավարությունը հունվարի 15-ին հաստատել է «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոնները» փաստաթուղթը, որը ստորագրման պահից ուժի մեջ է մտել: