30.07.2018 16:43

Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանի «նախագա»-ն ձեզ խոստանում է ընդմիշտ «զարմանք»

Լիզա Ճաղարյան. Սերժիկ Սարգսյանի «նախագա»-ն ձեզ խոստանում է ընդմիշտ «զարմանք»

Ոմանց զարմացրել է Սերժիկ Սարգսյանին կից «նախագա»-ի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Մարտի 1-ի «գերագույն հրամանատար» Քոչարյան Ռոբերտի։

Երանի ձեզ։

Լավագույն բանը, որ կարող եմ մտածել զարմացողների մասին՝ անսահմանության ձգտող մոռացկոտությունն է։

Պարոնայք եւ տիկնայք, ԱԺՄ-ի անփառունակ ղեկավարի անցած ճանապարհը վերհիշելով՝ միայն մի պարագայում էր հնարավոր զարմանալ։ Եթե Մանուկյան Վազգենը հանկա՛րծ ու՝ չպաշտպաներ կամ նույնիսկ լռության մատներ Քոչարյանի կալանավորման փաստը։

Չէ՛ր կարող։ Նախ՝ այս «նախագա»-ին հոգեհարազատ են քոչարյանական արյունոտ մեթոդները։ Եթե մոռացել եք, հիշեցնեմ, թե 1996-ին ինչպես այս պարոնը եւ իր սադոյաններն ուղղորդեցին մի խումբ ցուցարարների, որ դաժանորեն ծեծեն ԱԺ ղեկավարներին, ինչպես էր երջանկությունից շողշողում այս պարոնի դեմքը Հոկտեմբերի 27-ի կոտորածից հետո, եւ թե ինչպես մի աման շիլա ստանալու ակնկալիքով՝ Մարտի 1-ի հրեշավոր սպանություններից հետո «փիսիկի» նման ծվարեց Սարգսյան Սերժիկի թեւի տակ՝ իր այդ նույն սադոյանների հետ միասին ու տասը տարի զբաղվեց միայն մեկ «նվիրական» եւ «պետականամետ» գործով՝ քծնեց իր տիրոջը, որ շարունակի պատկառազդու վարձատրություն ստանալ ոչի՛նչ չանելու համար։

Երկրորդ՝ այս մարդն ակնհայտորեն հիվանդ է, եւ ըստ երեւույթին սրա հիվանդությունը վարակիչ է, որովհետեւ անդառնալիորեն ախտահարել է նաեւ իր մերձավորներին, եւ բոլոր նախանշանները կան պնդելու, որ սա անբուժելի հիվանդություն է։ Կռահեցիք՝ հիվանդության պատճառը Հայաստանի առաջին նախագահն է։ Հիվանդությունն էլ այնպիսի «բարձունքներ է նվաճել», որ Մանուկյան Վազգենի առջեւ դնեն Հայաստանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանին իր մոլագար ուղեղի գրգիռների չափով որեւէ պատիժ, այս մարդն առանց տատանվելու կհամաձայնի, որ Հայաստանը գետնի տակն անցնի, միայն թե իր այդ կենդանական բնազդին հագուրդ տրվի։

Այնպես որ, կրկնում եմ, ինձ անհասկանալի է ոմանց զարմանքը, թե ինչպես է Վազգեն Մանուկյանն այն աստիճանի գահավիժել, որ սին ճամարտակությամբ փորձում է արդարացնել բազում չարագործությունների հեղինակ ոչ անհայտ կալանավորին։

Զարմացեք ձեր զարմանքի վրա, թե ոնց է պատահում, որ այս պարոնն արդեն տասնյակ եւ ավելի տարիներ գահավիժում է ու գահավիժում, ոչ մի ջանք չի խնայում ապացուցելու համար, որ ինքն այդ գահավիժման ճանապարհին ընդունակ է ցանկացա՛ծ ստորության, նենգության ու մանրախնդրության, իսկ դուք շարունակում եք «բարեհոգաբար» զարմանալ։

Գովազդ. Սերժիկ Սարգսյանի «նախագա»-ն ձեզ խոստանում է ընդմիշտ «զարմանք»։ Բարի վայելում։