01.08.2018 12:55

Լիզա Ճաղարյան. Իրականության զգացումը մի կորցրու, պարոն Արցախի հերոս

Լիզա Ճաղարյան. Իրականության զգացումը մի կորցրու, պարոն Արցախի հերոս

«Առավոտ»-ի կայքում մի հայտարարություն է հրապարակվել։ Հեղինակն Արցախի հերոս (կոչումներն ու շքանշան-մեդալները բազմաթիվ են, ցանկացողները կարող են ըմբոշխնել հենց կայքի միջոցով, չնայած հիմա դրանցով ոչ մեկի չես զարմացնի՝ Շարմազանով Էդիկն ավելի շատ ունի) Արշավիր Ղարամյանն է։

Մարդը հուզված է եւ կոչ է անում «արցախցիներին դուրս գալ փողոց եւ արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ»։

Վտանգավոր գործընթացն էլ սա է. «Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները»։

«Առավոտ»-ը «Արցախի տարածքային զիջումներ»-ին հղում է տվել Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամներից մեկին, որը վերջերս օգտագործել է «գրավյալ տարածք» արտահայտությունը։ Դե, եթե «Առավոտ»-ի կարծիքով՝ այս մեկ օրինակը բավարար է «քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի» ողջ համայնապատկերը ցուցադրելու համար, Արցախի հերոսին էլ այս մեկ օրինակն է ստիպել, որ նման բոցաշունչ հայտարարություն անի, ինքս ոչնչով չեմ կարող օգնել էս մարդկանց։

Ընդամենը հիշեցնեմ Իլուր-ի ընթերցողներին, որ Հայաստանում Քոչարյան Ռոբերտի ղեկավարության տարիներին էր, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց «օկուպացված» տարածքների մասին, եւ էս մեր Արցախի հերոսի մտքով չանցավ արցախցիներին հանել փողոց։ Կրկնում եմ՝ ասողը Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուն էր։ Այդ պատասխանատուն էլ, ի դեպ, ի պաշտոնե արտահայտում է իր անմիջական ղեկավարի տեսակետները։ Ընդունված կարգ է՝ եթե ԱԳ նախարարն արտահայտում է իր երկրի ղեկավարի տեսակետին հակառակ տեսակետ, նրա հաջորդ քայլը պետք է հրաժարականը լինի։

Չէ, Օսկանյանը հրաժարական չտվեց, Քոչարյանը նրան անարգանքի սյանը չգամեց, արցախցի հերոսներն էլ փողոց դուրս  գալու կոչեր չարեցին։

Արցախցի հերոսները փողոց դուրս գալու կոչեր չարեցին նաեւ այն ժամանակ, երբ Սերժիկ Սարգսյանն անթաքույց խոսում էր տարածքներ զիջելու մասին եւ հայտարարում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։

Ի դեպ, ես կողմ եմ փոխզիջումային ճանապարհով խաղաղության հասնելու տարբերակին, եւ Սերժիկ Սարգսյանի այս հայտարարություններից չեմ ցնցվել ամենեւին։ Սա հիշեցնում եմ ընդամենը մեկ նպատակով. Արցախի սույն հերոսը եւ բազմաթիվ այլ՝ զանազան ու զարմանազան հերոսներ այն ժամանակ էլ  կոչ չարեցին արցախցիներին՝ փողոց դուրս գալ եւ «արցախցու կամքը» արտահայտել։

Հիմա՝ նույնիսկ ԱԺ-ում այս պահին մանդատ չունեցող մեկ կուսակցության ԱՌԱՆՁԻՆ ՎԵՐՑՐԱԾ մեկ անդամի անզգույշ արտահայտությունը Արցախի հերոսին այսահարել է՝ լոռեցու ասած, ու պարոնն այնքան է ինքնատիրապետումը կորցրել, որ կոչ է անում արցախցիներին՝ դուրս գալ փողոց, ընդգծում եմ՝ միայն արցախցիներին է կոչ անում դուրս գալ փողոց ու արտահայտել «արցախցու կամքը»։

Տեսնես՝ ու՞մ դեմ է արցախցիներին կոչ անում փողոց դուրս գալ Արցախի այս հերոսը։

Ու տեսնես՝ ինչի՞ էդ կոչը չէր արվում Քոչարյանի ու Սարգսյանի հանցագործ տարիներին։

Սթափվեք, պարոն հերոս։

Եթե նախադասությունները կիսատ ենք ասում, դա չի նշանակում, որ իրականության զգացումը պետք է կորցնեք։