03.08.2018 15:22

Լիզա Ճաղարյան. «Սերմացու գողացող մկան պես»

Լիզա Ճաղարյան. «Սերմացու գողացող մկան պես»

Երրորդ օրն է արդեն հանրությունը չի կարողանում պարզել, թե բացի ԱԺ նախագահից ու ՀՀԿ-ական երկու փոխնախագահներից, է՞լ ովքեր են իրենց երաշխավորությամբ Քոչարյան Ռոբերտի խափանման միջոցը փոխելու համար դիմել Վերաքննիչ դատարան։

Այս երեքի մասին էլ՝ երեւի անզգուշորեն, հայտնել է Քոչարյանի հոգնած խոսնակը։

Մնացածների անունները յոթ փակի տակ են։

Ինչու՞, պարոնայք եւ տիկնայք երեսփոխաններ։

Լավ բան եք արել, չէ՞։ Վստահ եք, որ Քոչարյանի նկատմամբ «վենդետա» է իրականացվում, անձնական հաշվեհարդար է, առավե՛լ վստահ եք, որ ղարաբաղյան պատերազմում նախեւառաջ ի՛նքն է հաղթել, եւ որ ինքն անմեղ է նորածին մանկան պես, ուրեմն՝ ինչու՞ եք ձեր հերոսական արարքը թաքցնում։ Հակառակը, հպարտորեն հայտարարեք, որ դուք եք ստորագրել, լրատվամիջոցների դռներին հերթ կանգնեք ու բացճակատ հայտարարեք, որ ստորագրել եք ու շատ էլ լավ եք արել, հիմնավորեք, թե՝ ինչու եք ստորագրել։

Եթե «37 թիվ» բերած նոր կառավարությունից եք վախենում, քոչարյանասերժական ազատ եւ ժողովրդավարական Հայաստանից անսպասելի հայտնվել եք բռնակալական Հայաստանում ու այդ դաժան հարվածից դեռ շողուլի չեք եկել, բայց հո խելքներդ այն աստիճան չեք կորցրել, որ չհասկանաք այս տարրական բանը՝ ձեր անունները հենց ստորագրելու պահից հայտնի են «37 թվի» համապատասխան կառույցներում։

Պարզից պարզ է, որ հասկանում եք։ Բայց շարունակում եք թաքցնել։

Ուրեմն՝ վախենում եք Հայաստանի քաղաքացիների ցասումից ու արհամարհանքից։ Հրաշալի գիտակցում եք, որ ձեր պաշտպանության տակ եք առել մի մարդու, որը բազում հանցագործություններ է կատարել Հայաստանի քաղաքացու եւ Հայաստան պետության դեմ։

Վախենում եք, բայց ստորագրել եք։ Ստորագրել եք ու կուչ եկել ձեր պուճախներում «սերմացու գողացող մկան պես»։ «Դրսից տղա բերողներիդ» միակ հույսը Հայաստանի սահմաններից դուրս է, էն էլ, ավաղ, ձեր ստորաքարշ վասալական ջանքերն անհրաժեշտ արդյունքը չեն տալիս. «դրսի տղեքն» էլ են գիտակցում, որ մի ողջ ժողովրդի կամքի դեմ չարժե բռունցք թափահարել ինչ-որ հանցագործի համար, եթե նույնիսկ այդ մարդը կարկառու՛ն հանցագործ է, գիտակցում են, որ գուցե Հայաստանն է՛լ ինչ-որ պահի տուժի ձեր դավաճանական ջանքերով այլ պետությունների մեր դեմ տրամադրելու համար, բայց իրենց միակ շահածը լինելու է այդ ժողովրդի ատելությունը մեր երկրի ներքին գործերին խառնվողների նկատմամբ։

Գիտակցում եք, բայց նրանց օգնությունն եք մուրացել։ Գիտակցում եք, բայց ստորագրել եք։

Եվ սա ընդամենը մեկ բան կարող է նշանակել՝ հանցակից եք «կարկառուն» ամբաստանյալին, եւ ձեր միակ փրկությունը տեսնում եք հենց նրա «փեշերից» կախվելը։

Բայց որքան էլ անճարակի կարճամտությամբ փորձեք թաքցնել ձեր անունները, մի օր դուք էլ եք պատասխան տալու դատարանի եւ Հայաստանի քաղաքացիների առաջ։

Ավելի լավ է՝ ձեր մեղայականների տեքստերը գրեք։ Կամ՝ վճարեք որեւէ գրագետ գրչակի, թող ձեր փոխարեն գրի։