23.09.2012 00:16

ԼՂՀ կառավարությունում 4 նախարար է փոխվել

ԼՂՀ կառավարությունում 4 նախարար է փոխվել

Ինչպես արդեն տեղեկացրել է iLur.am-ը, այսօր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի 4-րդ կետով, ստորագրել է հրամանագիր` հանրապետության կառավարության անդամներ նշանակելու մասին:

Կառավարության նոր կազմում նախկին կազմից չեն ընդգրկվել 4 նախարարներ: Տնտեսական զարգացման նախարարությունը, որը ղեկավարում էր ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի որդին` Կարեն Եսայանը, լուծարվել է: Նախարարությունը միացվել է Ֆինանսների նախարարությանը, որն այժմ կոչվում է Ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարություն: Սոցիալական ապահովության նախարարությունը վերանվանվել է Սոցիալական հարցերի նախարարության, որտեղ նախարար է նշանակվել Արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը:   Ավելացվել է եւս մեկ առանձին պաշտոն: Խոսքը փոխվարչապետի մասին է. այդ պաշտոնում նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՅԴ ԱԺ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանը: Նախկինում փոխվարչապետի պարտականությունները կատարում էր Ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը: Ավելի քան մեկ տարի թափուր մնացած ԼՂՀ ԱԳ նախարարի պաշտոնում այսօր վերջապես նշանակում է տեղի ունեցել:

Ստորեւ ներկայացնում ենք ԼՂՀ հին եւ նոր կառավարությունների կազմերը:

 

ԼՂՀ վարչապետ` Արա Հարությունյան. չի փոխվել

Փոխվարչապետ` Արթուր Աղաբեկյան

Առողջապահության նախարար. նախկինում` Սերգեյ Մովսեսյան, այժմ` Զոյա Լազարյան  

Արդարադատության նախարար. նախկինում Նարինե Նարիմանյան, այժմ` Արարատ Դանիելյան

Արտադրական ենթակառուցվածքների նախարար. նախկինում Կառլեն Պետրոսյան, այժմ` Լեւոն Մնացականյան

Արտաքին գործերի նախարար. նախկին պաշտոնակատար Վասիլի Աթաջանյան, (ԱԳ փոխնախարար), այժմ` Կարեն Միրզոյան

Գյուղատնտեսության նախարար` Անդրանիկ Խաչատրյան. չի փոխվել

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար. նախկինում Արմեն Ավագյան: Պաշտոնը լուծարվել է  

Կրթության եւ գիտության նախարար. նախկինում Վլադիկ Խաչատրյան, այժմ` Սլավիկ Ասրյան

Պաշտպանության նախարար` Մովսես Հակոբյան. չի փոխվել

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյան. չի փոխվել

Քաղաքաշինության նախարար` Կարեն Շահրամանյան. չի փոխվել

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար` Սպարտակ Թեւոսյան. չի փոխվել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար` նախկինում Նարինե Ասծատրյան, այժմ` Նարինե Նարիմանյան

 

Լուսանկարում` սլաքները դեպի աջ նշանով նշված են պաշտոնանկ արված նախարարները, դեպի ձախ նշանով` նորանշանակները: v նշանով նշվել են այն պաշտոնյաները, որոնք եղել են կառավարութան հին կազմում, եւ չեն փոխվել: x նշանով նշվել են այն նախարարները, որոնց ղեկավարած գերատեսչությունները լուծարվել են: +1 նշանով նշվել են այն պաշտոնյաները, որոնց պաշտոնը բացվել է միայն այս նոր կառավարության օրոք: