07.08.2018 14:38

Ռոուհանին՝ պատժամիջոցների մասին. «Ամերիկան կզղջա»

Ռոուհանին՝ պատժամիջոցների մասին. «Ամերիկան կզղջա»

Վաշինգտոնն սկսել է  Թեհրանի դեմ 2016 թ. իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելուց հետո չեղարկած պատժամիջոցների վերականգնման առաջին փուլը: Երեքշաբթի օրվանից սկսած՝ նորից ուժի մեջ են մտնում Իրանին դոլար վաճառելու, նրա հետ ոսկու և այլ մետաղների առևտուր անելու, ինչպես նաև Իրանի պետական պարտքի և ազգային արժույթի հետ գործողություններ կատարելու սահմանափակումները: Պատժամիջոցները կառնչվեն նաև Իսլամական հանրապետության ավտոմեքնաշինության սեկտորին:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկուշաբթի հայտարարել է, թե «Ամերիկան կզղջա» իր կատարած քայլերի համար:  Նա խոստացել է ապացուցել, որ չնայած պատժամիջոցներին՝ իր երկիրն իր խոսքի տերն է և կատարում է միջազգային պարտավորությունները:

«Թրամփն ու իր վարչակազմը մերժել են բանակցությունները և շեղվել դիվանագիտական ուղուց: Նրանց գործողություններն ուղղված են ընդդեմ իրանցի ժողովրդի, ընդդեմ մեր երկրի շահերի: Մինչդեռ Իրանը պատրաստ է հարցերի դիվանագիտական լուծմանը, ազնիվ գործընթացների»,- ասել է Ռոուհանին:

Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և Իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցները վերականգնելու, այլև՝ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մայիսին: Ընդ որում՝ նա նաև հայտարարել էր, որ պատրաստ է նոր պայմանագիր կնքել՝ նոր պայմաններով: Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Իրանի նախագահի հետ՝ գործարքը քննարկելու համար: Ռոուհանին դրան պատասխանել է, որ պատժամիջոցների վերականգնումից հետո նման հանդիպման իմաստը չի տեսնում:

Փոխանցում է euronews-ը: