13.08.2018 12:08

Թրամփի նախկին խորհրդականը նրա մասին գիրք է գրել. Սպիտակ տունը դժգոհ է

Թրամփի նախկին խորհրդականը նրա մասին գիրք է գրել. Սպիտակ տունը դժգոհ է

Նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Օմառոսա Մանիգոլթը հուշեր է գրել Սպիտակ տանն իր աշխատանքի մասին՝ «Հունից դուրս եկածը. Հայացք ներսից՝ Թրամփի Սպիտակ տանը », որը դեռ մինչև պաշտոնապես հրապարակվելը մեծ արձագանք է ստացել:

Օմառոսա Օնա Մանիգոլթ-Նյումանը 44 տարեկան է: Նա մասնակցել է Դոնալդ Թրամփի «Ենթավարպետներ» ռեալիթի-շոուում: 23 տարեկանում աշխատել է փոխնախագահ Ալբերտ Գորի գրասենյակում:

Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո 2016 թ. Օմառոսան դարձել է նախագահի օգնականը և հասարակության հետ կապերի վարչության հաղորդակցության գծով տնօրենը: Սակայն 2017 թ. դեկտեմբերին ազատվել է աշխատանքից՝ գործընկերների հետ տարաձայնությունների պատճառաբանությամբ:

Իր գրքում, որը պաշտոնապես կներկայացվի օգոստոսի 14-ին, սակայն շատ լրատվամիջոցներ արդեն իսկ դրանից մեջբերումներ են անում, Օմառոսա Մանիգոլթը Թրամփին անվանում է ռասիստ, ֆանատիկոս և կնատյաց:

Արձագանքը հետևել է անմիջապես: Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ Օմառոսայի գիրքը կեղծիք է և լի է մտացածին մեղադրանքներով, իսկ Թրամփն ինքը շաբաթօրյա ֆոտոսեսիայի ժամանակ նրան անվանել է «կյանքի հատակն իջած մարդ»:

Գրքում մեծ տեղ է հատկացվում նրան, որ նախագահն, իբր, միշտ վիրավորական «ն…» բառն է օգտագործում սևամորթների հասցեին, և իբր՝ կա ձայնագրություն, որտեղ նա արտասանում է այդ բառը: Բայց գրքում կան Թրամփի ռասայական անհանդուրժողականության այլ ապացույցներ ևս, այդ թվում՝ մինչև նախագահ ընտրվելը, պնդում են մի շարք լրատվամիջոցներ: Սակայն մի քանի քննադատներ կասկածի տակ են առել գրքում առկա պնդումներից շատերը: Օրինակ՝ Օմառոսան պնդում է, թե Թրամփն ուզում էր Աստվածաշնչի փոխարեն՝ սեփական գիրքն օգտագործել երդմնակալության ժամանակ: «Նա ինձ հարցրեց. Օմառոսա, ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի, եթե ես երդվեմ իմ «Գործարքի արվեստի» վրա: Ես հարցրի՝ Աստվածաշնչի փոխարե՞ն: Այո, ախր դա բեսթսելլեր է, դա բիզնեսի մասին ամենամեծ գիրքն է բոլոր ժամանակների համար, հենց այդպե՛ս ես մեծ գործարքներ կկնքեմ  մեր երկրի համար»,- իր գրքում գրել է Թրամփի նախկին խորհրդականը: Նրա ասելով՝ հետո Թրամփն ասել է, որ կատակ է արել, բայց ինքը կարծում ի, որ նա լուրջ էր ասում:

Փոխանցում է BBC-ն: