13.08.2018 14:34

Լիզա Ճաղարյան. Բա իմացա՞ք՝ ընկեր Հրանտը զարմացել է

Լիզա Ճաղարյան. Բա իմացա՞ք՝ ընկեր Հրանտը զարմացել է

Սա, իհարկե, նորություն է։ Դաշնակցական վերնախավը «հին եւ բարի ավանդույթով» սովորաբար չի զարմանում, այլ զարմացնում է։ Անցած դարասկիզբ չհասնենք, մեր նորագույն պատմությունն էլ լիուլի բավարար է այս կուսակցության անցած ճանապարհին հետեւող ու դեռեւս զարմանալու հատկությունը չկորցրածների համար։

Զարմացանք, երբ 88-ին Արցախի եւ անկախության համար պայքարի ելած Հայաստանի քաղաքացիներին այս «անկախական» եւ «հեղափոխական» կուսակցությունն սկսեց սփյուռքներից «կոնդակներ» հղել առ այն, որ իրենք «անկախական ըլլալով դեմ են անկախությանը»։

Եվ մինչ օրս այս «արժանապատիվ» գծից չեն շեղվել։

Դեմ են հող հանձնելուն, բայց կատաղի ու փրփրաբերան պայքարում էին հող ազատագրող իշխանության դեմ։ Եվ պայքարում էին հե՛նց պատերազմի ամենածանրագույն տարիներին։

Դեմ էին թալանին, բայց կոալիցիա էին կազմում թալանչիների հետ ու պաշտոններ փախցնում հենց այդ թալանչիներից։

Օրենքի գերակայության ջատագով էին, բայց քսան տարի գիրկընդխառն համագործակցում էին օրենք ու Սահմանադրություն ոտնատակ տվողների հետ։

Տենչում էին ազատ եւ արդար ընտրություններ, բայց մշտապես ուս-ուսի պայքարել են ընտրակեղծարարների հաղթանակի համար։

Բողոքում են, որ դաշնակցության անցած փառահեղ ուղին խեղաթյուրված են ներկայացնում, բայց իրենք մեր նորագույն պատմության կեղծարարների մրցույթում աներկբա առաջին տեղն են գրավում։

Այս աներեւակայելի թվացող երեսպաշտության միակ պատճառը, անշուշտ եւ անտարակույս, պաշտելի հայրենիքի հանդեպ անտոչորելի սերն է եղել, հո վատ բան չմտածեցի՞ք։

Ոնց որ թե մտածեցիք, հա՞։ Դե մտածեցիք, դրա համար էլ ընկեր Հրանտը մի քանի օր առաջ ասուլիս է հրավիրել, որ ասի. «Ես զարմանում եմ նրանց վրա, որ քննադատում են»: Եվ իրոք։ Դաշնակցական վերնախավը հիմա էլ իր նախկին «կոալիցիոն գործընկերներին» պատմության աղբանոցը նետած նոր կառավարության հետ է համագործակցում ու զարմանում է, թե ինչու չեն հասկանում իրենց. «Մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, նոր Հայաստանի շարժումը»:

Իրենք ուզում էին ավազակապետական «հին Հայաստանն» էլ հաջողի, հիմա էլ ուզում են ավազակապետերի դեմ պայքարող «նոր Հայաստանի շարժումը» հաջողի։ Ու հանուն այդ հաջողության նորից զոհաբերվում են ու ողջակիզվում։ Քոչարյան Ռոբերտի նկատմամբ անկեզ սերը փորձում են խեղդել իրենց փոթորկված հոգում, բայց էդ անտերը չի ստացվում կարծես՝ սերը լափին է տալիս։

Ու... Ընկեր Հրանտը մտահոգված է, շա՛տ է մտահոգված, ախր «տեռոր է տեղի ունենում երկրում»։

Չէ, չէ, մի շտապեք աթոռից ընկնել հոմերական ծիծաղից ցնցվելով։ Ընկեր Հրանտը ձեր հասկացած եւ իրենց «ավանդապահ» կուսակցության շատ սիրելի ու հարազատ տեռորը նկատի չունի։ Ընկեր Հրանտին մտահոգել է «մտքի տեռորը», որը մոլեգնում է Հայաստանում։ Իրենք, անշուշտ եւ անտարակույս, դեմ չեն նաեւ «մտքի տեռորին»։ Ի վերջո, կարճ հիշողությամբ չտառապողները հիանալի հիշում են, թե դաշնակցական մամուլն ինչպիսի անբարոյական տեռոր էր սանձազերծել Հայաստանի անկախության եւ պատերազմի տարիներին՝ ընդդեմ նորաստեղծ պետության առաջին քայլերն անող նորընտիր իշխանության։ Բայց հիմա այդ «մտքի տեռորն» իրենց թանկագին Ռոբերտի դեմ է ծավալվում, իսկ դա դիմանալու բան չէ։ Բա որ հանկարծ ընկեր Քոչարյանը «նյարդանա» ու ընկեր Հրանտենց է՞լ հիշեցնի բազմաթիվ «մոռացված» արյունոտ պատմություններ, որ միասին են «կերտել...»։

Եվ այսպես, ընկեր Հրանտն, անշուշտ եւ անտարակույս, ուզու՛մ է, որ նոր կառավարությունը հաջողի (վերջապես հոդաբաշխ խոստովանեց, որ դաշնակցությունը չէր ուզում, որ 90-ականներին Հայաստանի իշխանությունը հաջողի)։ Ուզում է, դրա համար էլ գլխի է գցում, թե «ո՛ր ճանապարհով չերթա» Նիկոլ Փաշինյանը, թե չէ «ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին» (սպառնալիքի պես չի՞ հնչում, հարգելի «մտքի տեռորիստներ»)։

Խառն են դաշնակները։ Ե՛վ ուզում են, որ նոր իշխանությունը հաջողի, ե՛ւ ուզում են պաշտոններ պոկել այս նոր իշխանությունից, ե՛ւ ուզում են՝ իրենց արնահոտ «հին ընկերոջը» բանտում չփակեն, ե՛ւ ուզում են հասկացնել, որ «գլուխը քարին կպնելու» տարբերակը միշտ կա ու կա դաշնակցության հնամաշ եւ քոչարյանահոտ սնդուկում։