Թուրքիայում դեսպան Կառլովի սպանության գործով ևս մի մարդ է ձերբակալվել

Թուրքիայում ձերբակալվել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով ևս մի կասկածյալ, հաղորդել է Anadolu գործակալությունը:
Ձերբակալվածի անունը Այշե Սոգութ է: Նա Կառլովին սպանած Մևլյութ Ալթինթաշի կապավորներից մեկի կինն է:
Սոգութը, հետաքննության տվյալներով, ներգրավված էր այնպիսի ընկերությունների աշխատանքներում, որոնք կապ ունեն Թուրքիայում արգելված FETO-ի հետ:
Ապրիլին Թուրքիայում ձերբակալվել էր ռուս դեսպանի մարդասպանի «համակարգողը»:
Անդրեյ Կառլովը սպանվել էր 2016 թ. դեկտեմբերի 19-ին Անկարայում լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Հարձակումը գործել էր այդ միջոցառման ընթացքում դեսպանի պահպանությանը ներգրավված ոստիկանության աշխատակից Մևլյութ Ալթինթաշը, որը սպանվել էր իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ:
Փոխանցում է gazeta.ru-ն: