14.08.2018 13:25

Դիկտատորներ

Դիկտատորներ

Չնայած դրսում 21-րդ դարն է, դեռ կան պետություններ, որոնց ղեկավարներն անսահմանափակ իշխանություն ունեն և կարող են անվանվել բռնապետներ:

Դասական դիկտատորի հատկանիշներից են բոլոր իշխանական լծակների կենտրոնացումն իր ձեռքում և օրենքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը: Նրա այդ իմիջն ամրապնդվում է քաղաքական ընդդիմադիրների և սեփական ժողովրդի դեմ հալածանքներով:

Թեպետ որոշ բռնապետություններ ունեն ժողովրդավարական ինստիտուտներ և ազատ պետության որոշակի արտաքին հատկանիշներ, իրականում դրանց քաղաքականությունը հենվում է ոչ թե օրենքի, այլ բռնապետի կամքի, ցանկության վրա:

Ամերիկացի հոգեբանները հանգել են այն եզրակացության, որ նման առաջնորդներին այս կամ այն չափով բնորոշ են սադիստական հակումներ, պարանոիկ ախտանիշներ, նարգիզիզմ և շիզոֆրենիա:

2010 թ. The Foreign Policy ամսագիրը կազմել էր ժամանակակից 23 վատթարագույն բռնապետների ցանկը, և այնտեղ ամենախորշելին այն ժամանակ ճանաչվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրը: Նրան հաջորդել են աֆրիկյան և ասիական պետությունների ղեկավարները:

Այդ ժամանակից ի վեր աշխարհը զգալիորեն «ժողովրդավարացել» է, և դրան նպաստել են հյուսիսկորեական առաջնորդի, Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի, Եթովպիայի վարչապետ Մելես Զենաուիի մահերը, ինչպես նաև Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումը: Սակայն մեռած ու տապալված բռնապետներին փոխարինելու են եկել նորերը, և նրանք բոլորն այնքան ընդհանուր բան ունեն միմյանց հետ՝ թե՛ կյանքում և թե՛ իրենց վախճանում:

Ռումինիայի վերջին կոմունիստ առաջնորդ Չաուշեսկուին ցեղասպանության և կոռուպցիայի համար մահվան դատապարտելուց հետո՝ նրա դատավճիռն ի կատար է ածվել անմիջապես: Նրա ձեռքերը կապել են ու գնդակահարել պատի տակ: Դատավճիռն իրականացնողներից մեկը հետագայում պատմել է. «Նա նայեց ինձ ու երբ հասկացավ, որ հենց հիմա է մեռնելու, լաց եղավ»: