16.08.2018 09:00

Սպալետին երկարաձգում է պայմանագիրն «Ինտերի» հետ

Սպալետին երկարաձգում է պայմանագիրն «Ինտերի» հետ

«Ինտերը» հայտարարեց Լուչիանո Սպալետիի պայմանագրի երկարաձգման մասին։ Մարզիչը կղեկավարի «Ինտերը» հաջորդ երեք մրցաշրջանի ընթացքում։

««Ինտերի» պատմության հարյուրտասներորդ տարվա ընթացքում կարևոր որոշումներ ենք ընդունել ակումբին ճիշտ ուղու վրա դնելու համար, և այսօր՝ նոր մրցաշրջանից առաջ, ցանկանում ենք ևս մեկ քայլ կատարել՝ մեր կապը Լուչիանո Սպալետիի հետ ավելի ամրապնդելով,- հայտարարեց Սթիվեն Չանը։- Անցած տարի Սպալետին ու նրա շտաբը թիմին առաջ են մղել՝ վերադարձնելով Չեմպիոնների լիգայի խաղարկություն։ Սա մեր աշխատանքի և մեր անձնակազմի ջանքերի արդյունքն է։ Մենք երջանիկ ենք մարզիչ Սպալետիի հետ պայմանագիրը երկարաձգելու և մեր ուղին շարունակելու համար։ Մեր նպատակն է կառուցել համաշխարհային ֆուտբոլի ամենաուժեղ թիմերից մեկը։ Ձեռք բերված համաձայնությունը հաստատում է մեր վստահությունը նրա աշխատանքի և երկարաժամկետ նախագծի նկատմամբ»։

Սպալետին արձագանքել է՝ շնորհակալություն հայտնելով ղեկավարությանն ու ակումբին պայմանագիրը նրան հնարավորություն տալու համար։ «Ցանկանում եմ ընդգծել, որ այս ստորագրությունը ընդամենը պաշտոնական մասն է, որովհետև երբեք հարցականի տակ չի դրվել հանուն այս ակումբի պայքարը շարունակելու հարցը,- ասել է մարզիչը։- Հենց սկզբից փոխադարձ վստահություն կար, իսկ ամենօրյա շփման արդյունքում ավելի հստակ դարձավ, որ երազում ենք նույն բաների մասին։ Ասենք, որ այսօր ամրապնդվում է «Ինտերի» աշխարհի ընդհանուր ցանկությունների պայմանագիրը»։