17.08.2018 12:05

Սերգո Տոնոյան. Քաղբանտարկյալ դառնալու համար մի քիչ էլ տղամարդկություն է պետք

Սերգո Տոնոյան. Քաղբանտարկյալ դառնալու համար մի քիչ էլ տղամարդկություն է պետք

«Միակ տղամարդ» եւ «այլախոհ» Քոչարյանը գուժում է քաղաքականություն վերադառնալու մասին։ Թեեւ գույժ անվանել իրեն սպառած, ասելիք չունեցող, մինչեւ վերջին ոսկորը վախեցած այս մեղադրյալի ամպագոռգոռ հայտարարությունը սխալ կլինի։ Ավելի հետաքրքիր է հետեւել Քոչարյանի ընտրած մարտավարության առանցքային՝ քաղբանտարկյալ դառնալու ցնորամտությանը։

Որովհետեւ, երբ մենք լսում ենք Քոչարյանի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության վերաբերյալ դժվարությամբ արտաբերած մեկ-երկու, ճոխ է ասված՝ մտքերը, ապա առանց որեւէ տարակուսանքի պատրաստ ենք հակադարձել փաստերի այնպիսի մի ստվարածավալ փաթեթով, որ քարը քարի վրա չի թողնի, պարզապես կջախջախի Քոչարյանի հաջողությունների մասին առասպելը։ Պատրա՛ստ ենք, որովհետեւ տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացին անմեղ զոհերի եւ քաղբանտարկյալների առկայության գնով, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության սահմանափակման պայմաններում պայքարել է հենց այն ստերի դեմ, որոնք Քոչարյանն այժմ պնդաճակատորեն շարունակում է քարոզել։

«Թախտաբիթիներին» դեռեւս չհանդիպած Քոչարյանը ստում է, եւ լավ հասկանալով, որ համաժողովրդական ատելության ալիքն իրեն էլ է խորտակելու, մոտալուտ բանտարկությունից առաջ փորձում է ներկայանալ որպես քաղբանտարկյալ։ Սա պաշտպանվելու նրա միակ միջոցն է, սա նահանջի վերջին հանգրվանն է, որտեղ ուզում է տեղավորել իր անթիվ մեղքերը մեղադրյալ Քոչարյանը։ Չլիներ այս ամենն այսքան զավեշտալի, կարելի էր նույնիսկ որոշակի խղճահարություն ունենալ նրա նկատմամբ։ Սակայն, քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը գիտակցում է՝ ինչպիսի մեղադրանք է նրան առաջադրված, դժվար է պատկերացնել, որ նա ունակ է պայքարել որեւէ այլ միջոցով։ Նա ստիպված է զոհի կամ հալածյալի դերի մեջ մտնել, որովհետեւ տարրական ստերը բավական չեն համոզելու, որ նա անմեղ է։

Ինչեւէ, Քոչարյանի օրոք քաղբանտարկյալի եւ պատանդի կարգավիճակում հայտնված մի ամբողջ ժողովրդի դժվար է մոլորեցնել առյուծի արցունքներով։ Այս հասարակությունը լավ գիտի՝ ինչ է նշանակում լինել քաղբանտարկյալ, եւ եզակի այդ հարցում Ռոբերտ Քոչարյանը ժամանակին իսկապես հաջողել է։ Միայն թե տղամարդկության պակաս է զգացվում այդ մասին հայտարարելու համար: Ի գիտություն Քոչարյանի, քաղբանտարկյալ դառնալու համար էլ է մի փոքր քաջություն եւ տղամարդկություն հարկավոր: Բոլոր ժամանակներում էլ հարգանքի արժանի են եղել քաղբանտարկյալի կարգավիճակը հաստատակամ եւ աներկյուղ ստանձնածները, եւ հակառակը՝ անպատվել եւ անարգվել են նրանք, ովքեր անելանելիությունից եւ վախից փորձել են թաքնվել քաղբանտարկյալի անվան տակ:

Բայցեւայնպես, եթե Ռոբերտ Քոչարյանն իսկապես որոշել է քաղբանտարկյալի դիմակը հագնել, ապա տրամաբանությունը հուշում է, որ դրա համար վերջինս, նախեւառաջ, պետք է նորից բանտարկվի: Քաղաքացիները հաստատակամ են արդարադատության վերականգման նկատմամբ ունեցած իրենց պահանջում եւ սպասում են արդարացի դատավճռին: Հայաստանի հասարակության «ագրեսիվ փոքրամասնությունը» մի կերպ կդիմանա, այդքան քաջություն կունենա հանդուրժելու քրեակատարողական հիմնարկներից մեկում հայտնված ինքնակոչ մի քաղբանտարկյալի գոյությանը, թեեւ Ռոբերտ Քոչարյանի պարագայում միանգամայն պարզ է, որ դատապարտումից հետո նա լինելու է շարքային կալանավոր՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: