17.08.2018 23:23

Նստելու եք բոլոր մարդասպաններով . Փաշինյանի ելույթի կարեւոր հատվածները

Այսօր Հանրապետության հրապարակում կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը, որը նվիրված էր իր պաշտոնավարության 100 օրվան: Այդ կապակցությամբ Փաշինյանն ամփոփեց իր իշխանության 100 օրը, ներկայացրեց կատարած աշխատանքները, անելիքները, խոսեց ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցերից:

Ստորեւ ներկայացնում ենք Փաշինյանի ելույթի առավել կարեւոր հատվածները՝ ամփոփ:

Ագորայի մասին

Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում՝  ուղիղ ժողովրդաիշխանություն:

Այս քաղաքական իրավիճակի չհասկացվածության պատճառն է, որ դեռեւս ոմանք Հայաստանի ներքաղաքական կյանքում խոսելիս օգտագործում են «կոալիցիա, կոալիցիոն իշխանություն, խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունները: ՀՀ-ում չկա կոալիցիա, խորհրդարանական մեծամասնություն, ՀՀ-ում կա ժողովուրդ, բարձրագույն իշխանությունը պատկանում է ուղիղ ժողովրդին, եւ ժողովուրդն իրականացում է ուղիղ կառավարում: Հենց սա է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանցքային իմաստը: Դա ինչ է նշանակում գործնականում. նշանակում է՝ հեղափոխական հրապարակը հռչակվում է որպես ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին:

Նշանակում է, որ կառավարությունը ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, կառավարությունը սրանից հետո հաշվետու է այս հրապարակին, ենթարկվում է այս հրապարակին:

Մենք ՀՀ քաղաքական կյանքի, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պիտի ժոովրդով հավաքվենք այս հրապարակով եւ կառավարությանը լիազորենք իրականացնել կամ արգելել այս կամ այն գործողությունը:

Առաջիկայում մենք մեր ջանքերով պիտի ուժեղացնենք հանրաքվեի ինստիտուտը, եւ բազմաթիվ որոշումներ ժողովուրդը պետք է կայացնի հանրաքվեներով՝ ինչպես տեղական, այնպես էլ համապետական հանրաքվեներ:

Այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում ժողովրդավարության հաստատումը: ՀՀ-ն պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է հին Հունաստանը, Երեւանը՝ ինչպես հին Աթենքը, Հանրապետության հրապարակը կարողէ դառնալ 21-րդ դարի Ագորան:

Տնտեսության մասին

Սովորաբար հեղափոխություններից հետո տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, եւ կանխատեսում էին, թե հեղափոխությունից հետո Հայաստանը մտնելու է տնտեսական անկման փուլ, եւ տնտեսական ակտիվություն հնարավոր է, եթե իշխանությունը հաջողի:

Մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում, հակառակը՝ արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ:

Հունիսին գրանվել է 9.6 տոկոս տնտեսական ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 8.5 տոկոս, եւ կա բոլոր հիմքերը պնդելու որ այդ ցուցանիշը շարունակելւո է աճ ապրել:

Ներգաղթի մասին

Հիմա Հայաստան ավելի շատ գալիս են, քան հեռանում, ինչը կարելի է համարել արտագաղթի կանխման առաջին եւ շատ կարեւոր փուլ:

Փողերի արտահոսքի եւ ներհոսքի մասին

Շատ են խոսել, որ Հայաստանից միլիոնավոր դոլարներ արտահոսում են: Դա համապատասխանում էր իրականությանը, բայց այսօր պաշտոնապես ասում եմ, որ դուրս գնացած գումարների չափով (116 միլիարդ) գումար է եկել, Հայաստանի բանկերում նույն չափով ավելացել են ավանդները՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից բանկերում թողած ավանդներն են:  

Տնտեսական զարգացումն անելու են այն նույն մոդելով, որով արել են թավշյա հեղափոխությունը: Ինչո՞ւ երկար տարիներ Հայաստանում հեղափոխություն տեղի չէր ունենում։ Որովհետեւ ՀՀ քաղաքացիները մտածում էին, որ ահա ընդդիմադիր առաջնորդներն ու թիմերը պետք է անեն այդ հեղափոխությունը, բայց դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ մարդիկ հասկացան, որ ոչ միայն լիդերները, այլեւ մարդկանցից յուրաքանչյուրը պետք է անի հեղափոխութուն:

Հայաստանում վերացրել ենք տնտեսական մենաշնորհները, եւ հիմա ձեզանից յուրաքանչյուրն ազատ է աշխատել ու ներդրումներ անել, եւ ՀՀ-ում քաղաքական հեղափոխության նման իրականացնել տնտեսական հեղափոխություն: Կառավարությունն իրենից կախված ամեն ինչ անելու է, որ դուք այս հնարավորությունն ունենաք ու կիրառեք կյանքում:

Թալանչիների մասին

Մենք ձեզ խոստացել էինք, որ հերթով կբացահայտենք ՀՀ բոլոր թալանչիներին, եւ մենք հերթով բացահայտում ենք նրանց: Բայց կոռուպցիայի դեմ պայքարում մեր կարեւոր խնդիրը ոչ թե բանտերը լցնելն է, այլ ձեզանից գողացված գումարները վերադարձնելը ժողովրդին եւ պետությանը: Իհարկե, այսօր արդեն տասնյակ միլիոն գողացված դոլարներ վերադարձվել են պետությանը, բայց այսօր ունենք իրավիճակ, երբ իրավապահներն աշխատում են խստագույն ծանրաբեռնվածությամբ, բացի դա՝ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք հարց են առաջացնում, թե արդյո՞ք մեր գործող դատական համակարգը ոչ միայն ֆիզիկապես, այլեւ՝ բարոյապես ի վիճակի է իրականացնել կոռուպցիայի դեմ պայքար:

Այսօր ավելի բարձր են հնչում տեսակետներ, որ մեր հանրապետության դատավորների մի զգալի մասը երկար տարիներ սպասարկել է կոռուպցիոն համակարգին, որ այսօր Հայաստանում գործող բազմաթիվ դատավորներ հենց իրենք եղել են կոռուպցիոն համակարգի մաս: Եւ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակվում է շատ խոր մնալ: Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա է, եւ մենք ամեն դեպքում չպետք է տրվենք դատական իշխանությանը միջամտելու գայթակղությանը, բայց ուզում եմ ասել՝ առաջին օրից Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ ասել եմ, որ հրաժարվելու եմ դատական իշխանությանը հրահանգներ տալու արատավոր պրակտիկայից: Եւ ես հրաժարվելու եմ այդ պրակտիկայից, բայց մյուս կողմից ուզում եմ հստակ ընդգծել, որ սա չի նշանակում, որ որոշ դատավորներ պետք է շարունակեն նախորդ կոռումպացված իշխանության ներկայացուցիչներից:

Եւ նախորդ իշխանության ներկայացուցիչներին եւ նրանցից հրահանգներ ստացող դատական իշխանության ներկայացուցիչներին ուզում եմ ասել՝ խելքներդ գլուխներդ հավաքեք եւ կատակ չանեք ժողովրդի հետ:

Անցումային արդարադատության մասին

Մենք մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով՝ առաջիկայում լուրջ քննարկում ունենք, որտեղ պետք է որոշում կայացնենք անցումային արդադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ:

Որովհետեւ անցումային արդարադատության մարմինները մեզ կարող են անրաժեշտ լինել ոչ միայն այն պատճառով, որ մեր դատական համակարգի բազմաթիվ կոռումպացված դեմքեր շարունակում են տեղը չբերել ժողովրդական հեղափոխությունը, այլեւ որովհետեւ մեր օրենսդրության մեջ կան բազմաթիվ պրոբլեմներ: Օրինակ՝ «Ապօրինի հարստացման մասին» օրենքն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ից, եւ ֆորմալ առումով 2017-ի հունիսի 1-ից առաջ թալանվածը վերադարձնելու առումով կարող է բարդություններ ծագել:

Բերեմ մի օրինակ: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հարազատ եղբոր՝ միայն մեկ հաշվեհամարում (այստեղից ոչ հեռու գտնվող մի բանկում) հայտնաբերվել է 30 մլն դոլար: Էս որ երեկ մեկը կար, ասում էր՝ բա չե՞ն հարցնելու՝ ո՞ւր ա չգիտեմ ում 50 տոկոսները… Հարցնելու ենք, եւ մենք ենք հարցնելու, չկասկածեք: Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է մինչեւ վերջ:

Հիմա 30 մլն դոլարը որ կա, ՀՀ այսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետեւ այդ մարդը ֆորմալ երկար տարիներ պաշտոնյա չի եղել, հետեւաբար հայտարարագիր չի ներկայացրել, եւ ֆորմալ կան դժվարություններ այդ գոմարը հետաքննելու եւ օրենքով սահմանված կարգով առգրավելու: Սա է պատճառը, որ կարծում եմ՝ լրջորեն պիտի մտածենք անցումային արդարադտության նոր մարմիններ ձեւավորելու մասին:

Բայց դա հանկարծ չշփոթեք արտակարգ դատարանների հետ, անցումային մարմինները միջազգային քաղաքակիրթ հանրությանը հայտնի մարմիններ են, եւ շատ երկրներ անցել են այդ ճանապարհը, որը ողջունվում է միջազգային հանրության կողմից: Ավելին, այսօր բազմաթիվ միջազգային կազմակերպություններ եւ գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնում, որ մեզ ու ձեզ կաջակցեն օտար պետոթյուններում եւ օֆշորում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ունեցած ակտիվները բացահայտելու, սառեցնելու եւ Հայաստան վերադարձնելու հարցով:

Եւ մենք պետք է ամեն ինչ անենք այդ գործիքից արդյունավետ օգտվելու համար: Բայց ինքներդ եք հասկանում, որ հիմա շատերը, որ հասկանում են, որ իրենց ժամերը հաշված են, որ իրենց տեղը բանտում է, սկսել են իրենք իրենց ներկայացնել որպես քաղաքական հալածյալներ, քաղաքական հետապնդումների զոհ: Որեւէ մեկը չի հարցնում՝ բա որ քաղաքական հետանդումների զոհ եք, բա հիմա ի՞նչ գործ ունեք ազատության մեջ, թե՞ ձեզ թվում է՝ մենք դատավորներին զանգելու ձեւերը չգիտենք:

Մենք հրաժարվել ենք այդ պրակտիկայից, եւ ես հպարտ եմ մեր կառավարության համար, որ այդ պրակտիայից հրաժարվել ենք, բայց դա չի նշանակում, թե որեւէ մեկի թույլ ենք տալու խուսափել պատասխանատվությունցի, առավելեւս բացառում ենք, որ որեւէ մեկը կխուսափի մարտի 1-ի տասը քաղաքացիներին սպանելու եւ Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու պատասխանատվությունից:

Չի կարող լինել այդպիսի բան: Նստելու եք բոլոր մարդասպաններով, եւ սա ես լիազորված եմ հայտարարել ՀՀ ժողովրդի անունից:

Հողերը ծախողների մասին

Պատկերացնո՞ւմ եք՝ փողեր են ծախսում, լրատվամիջոցներ են գնում, ֆեյքեր են վարձում, վարձու պրոֆիլներ են բացում, որ հայտարարեն, թե Փաշինյանը եկել է հողեր հանձնելու: Պատկերացնո՞ւմ եք՝ ես Ղարաբաղի հարցով դեռ մի բառ չեմ բանակցել, նրանք ասում են, թե եկել է հող հանձնելու: Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել, եւ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետեւ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին, ով ինչ է խոսել: Տո ա՛յ երկիր թալանածներ, տո ա՛յ բանակ թալանածներ, տո ա՛յ զինվորին թալանածներ, տո ա՛յ սերմացու գողացող մկներ…

Ես ասել եմ, որ պատրաստ եմ Ղարաբաղի հարցով լիարժեք բանակցել ՀՀ անունից, բայց Արցախի անունից պիտի բանակցեն Արցախի իշխանությունները, բայց նաեւ ասեմ, որ մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքին:

Բայց, մենք նաեւ պատերազմ չենք ուզում, մենք պատրաստ ենք իսկապես խաղաղ բանակցությունների, հասնել խաղաղ կարգավորման: Բայց նա, ով փորձում է ինձ վրա որեւէ կասկած գցել, նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցը լուծողը կառավարությունը չէ՝ ժողովուրդն է, եւ եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ես ինքս կհավատամ, կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, կգամ կկանգնեմ այստեղ՝ բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակին թե՝ ոչ, կորոշեք՝ գնում ենք, կգնանք, կորոշեք, որ չենք գնում, չենք գնա:

Քաղաքացիական պատերազմով սպառնացողների մասին

Հիմա էլ դուրս են եկել մարդիկ, որ սկսել են խոսել, թե Հայաստանում կարող է քաղաքացիական պատերազմ լինել: Տո՛ քաղաքացիական պատերազմ կարող է միայն լինել ձեր օֆիսների ներսում, դուք քանի՞ քաղաքացու աջակցություն ունեք, որ մի հատ էլ քաղաքացիական պատերազմ լինի՝ 17 հատ նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք:

Էս ա ձեր քաղաքացիական աջակցությունը: Եւ եթե որեւէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնաց, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու: Խորհուրդ եմ տալիս բոլորին՝ խոսելուց առաջ մտածել:

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Վերջին շրջանում՝ ինչ ասես հայ-ռուսական հարաբերությունների մասին ասում են: Այսօր ՀՀԿ-ականներից մեկը համարյա արցունք էր թափում՝ վա՜խ, ինչքան վատ են հայ-ռուսական հարաբերությունները: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, աշխարհի ոչ մի վերլուծական կենտրոն չէր կանխատեսել, նաեւ ռուսական, եւ ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես արեւմուտքի, այնպես էլ ՌԴ մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել: Եւ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է: Ես այս ընթացքում երկու անգամ հանդիպել եմ ՌԴ նախագահ Պուտինի հետ, եւ երեք անգամ հեռախոսազրույց եմ ունեցել, եւ կարող եմ միանշանակ ասել՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլեւ ի հեճուկս ՀՀԿ-ականների եւ սատելիտների՝  լա՛վ են եւ գնալով ավելի լավանալու են:

Մենք ասել ենք, որ արտաքին քաղաքական ռեւերսներ չեն լինելու, եւ մեր նպատակներից մեկը հայ-ռուսական բարեկամությունը խորացնելն է ու այդ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելը:

Համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո բոլորդ կիմանաք հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որ աննախադեպ է մեր նորանկախ պատմության մեջ: Դա կլինի կոնկրետ ապացույց, որ մենք հետեողականորեն գնում ենք մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Զարգացնելու ենք նաեւ մեր հարաբերությունները Եվրամիության հետ, ԱՄՆ-ի հետ, Իրանի հետ: Մեր արտաքին քաղաքականության էությունը մեր շահերը պաշտպանելն է, եւ մենք հետեւողական գնում ենք այդ ճանապարհով:

Սահմանադրական փոփոխությունների մասին

Հակահեղափոխականները լուրեր են տարածում, թե պոտենցիալ ներդրողները իբր չեն գալիս Հայաստան, թե իբր սպասում են՝ հըլը տեսնեն՝ ինչ ա լինում: Սիրելի ժողովուրդ, եկեք միասնաբար նրանց ասենք, որ ոչ մի բան էլ չի լինելու, էն ինչ լինելու էր, արդեն եղել է:  Ժողովրդական հեղափոխությունն այլեւս անշրջելի է:

Մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ հաջորդ մայիս, պետք է տեղի ունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, եւ տեսեք ինչ է կատարվում: Հիմա, ըստ էության, սահմանադրական հնարավորությունը հետեւյալն է, որ ես որպես վարչապետ պիտի հրաժարական տամ, եւ խորհրդարանը պետք է երկու անգամ անընդմեջ չընտրի նոր վարչապետ, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ:

Բայց հիմա նրանք սկսել են մտածել, թե թողնենք հրաժարական տա, հետո արագ ուրիշ վարչապետ կընտրենք: Նախ ասեմ, որ այդ մարդիկ շարունակում են չհասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, բայց քանի որ չեն հասկանում, մենք կանենք հետեւյալը։

Կնախաձեռնենք սահմանադրական փոփոխություններ, որի իմաստը կլինի այն, որ ԱԺ արտահերթ ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի դեպքում, այլեւ ԱԺ-ն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին:

Եւ այդ փոփոխությունները պետք է ընդունի հենց այդ ԱԺ-ն, եւ դա տեղի կունենա միայն, երբ ՀՀ քաղաքացիները ձեւակերպեն դա որպես ձեր կողմից հստակ պահանջ, երբ դուք դա կձեւակերպեք, մենք դրա իրականացումը կապահովենք:

Ես մի անգամ ՀՀԿ-ականներին ու նրանց արբանյակներին խորհուրդ եմ տվել սատանի մայլում քյանդրբազություն չանել: Եւ էլի նույն խորհուրդն եմ տալիս:

Մարտի մեկի գործի մասին

Բոլորդ լսել եք ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցները, եւ դրանք լսելով կարող եմ ասել հետեւայլը, իմ մեկնաբանությունը հայտնի դարձած տեղեկատվությանը հետեւայլն է՝ ըստ էության, մարտի մեկի գործն ամբողջ ծավալով բացահայտված է:

Պատասխանատու եմ ասում՝ չկա տարբերակ, որ ոճրագործներից, դրանց պարագլուխներից որեւէ մեկը խուսափի պատասխանատվությունից: