18.08.2018 13:30

Լիզա Ճաղարյան. Շարմազանով Էդիկը ձեռից գնում է

Լիզա Ճաղարյան. Շարմազանով Էդիկը ձեռից գնում է

Նախկինների վերադարձի դժնատեսիլ ուրվականի կերպարանքից, այնուամենայնիվ, անհանգստացածներ կային։ Երեկվա հանրահավաքից հետո Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գլուխը խաղաղված դրեց բարձին։

Իշխանություն կորցնողներից թե ով ինչպես լուսացրեց այս գիշեր, դեռ հավաստի տեղեկություններ չկան, բայց արդեն վստահաբար կարող ենք ասել, որ դեռեւս չպարզված հանգամանքներում տասնյակի հասնող մեդալներ, շքանշաններ ու պատվոգրեր «վաստակած» ՀՀԿ-ական Էդիկ Շարմազանովն աչք չի կպցրել մինչ Արարատյան դաշտի այս լուսապայծառ առավոտի բացվելը։ Ակնհայտորեն երկունքի ցավ է տարել ողջ գիշեր։ Ու երկնել է արշալույսին։ Արեւի առաջին ճառագայթների ներքո, հենց այն պահին, երբ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, շտապել է իր երկնաքերը... չէ՝ քերթվածքը ընծայել լրատվամիջոցներին, որ նրանք էլ իրենց հերթին ավետեն Հայաստանի քաղաքացիներին, որ... պինդ բռնվեք... Շարմազանով Էդիկը հիասթափված է։

Ես սկսում եմ անկեղծորեն խղճալ այս տղային։

Էդիկ ջան, տղա ջան, Նարեի հայրիկ ջան, Սերժիկի հավատարիմ զավակ ջան, Մարտի 1-ի դահճի ուրվականի արտացոլանքում քո եւ քո կուսակիցների փրկությունը որոնող մոլորյալ ջան, ախր ո՞նց մինչեւ հիմա չես հասկացել, որ քո հիասթափությունը, նաեւ քեզնմանների՛ հիասթափությունը մեր ոգեւորության կենարար աղբյուրն է։ Ոնց որ թե պատմություն գիտես, տրոցկիստների, յակոբինյանների տեղն էլ գիտես, բռնապետերին էլ շատ մոտիկից ծանոթ ես, քո կողքը մի սառը դատողությունը չկորցրած մարդ չկա՞, որ քեզ հուշի՝ ատելի իշխանությունից ազատագրվածներին անասելի հաճույք է պատճառում, երբ տեսնում ու զգում են, որ այդ ատելիները հիասթափված են իրենցից։

Լավ, ո՞նց անենք, որ այդքան չտվայտվես, քեզ պատեպատ չզարկես, գարշահոտ փրփուրներից չկախվես։ Ի՞նչ բուժում առաջարկենք, որ երեսիդ մաշկը հաստ կաշի դարձրած՝ դիմացիններին չմեղադրես այն մեղքերի համար, որոնց մեջ քսան տարի խրված էիր մինչեւ քթածակերդ՝ քո պախանների հետ միասին։ Ո՞նց խցկենք ցնցաախտահարված գլուխդ, որ տերերիդ բազմահատոր, զարհուրելի եւ արյունոտ հանցագործությունների պատասխանատվությունն անտեղի չառնես քո վտիտ ուսերին։ Ինչու՞ ես «ամբոխին» համառորեն հարկադրում մտածել, որ քո այս ողջակիզման միակ պատճառն ընդամենը չնչին կարգավիճակիդ պահպանումը չէ։ Ինչու՞ ես ստիպում, որ սկսենք լրջորեն մտածել, թե դու էլ ես անմիջական մասնակից այդ հանցագործություններին, ոչ թե ընդամենը տառապում ես կոմսոմոլի հրահանգչի ախտանշանով, ինչը նշանակում է՝ պարզապես անբուժելի կամակատար ես ու կարիերիստ։

Ո՞նց անենք, որ ականջիդ օղ անես հետեւյալը։

Ուշադրություն։

Նոր իշխանությունը սխալներ էլ է անելու, նաեւ սայթաքելու է, մի բան ավել է ասելու, մի բան՝ պակաս, մի բան խոստանալու է ու չի անելու, մի բան էլ չի խոստանալու, բայց անելու է (դու շարունակիր, պատմաբան տղա ես)։

Բա՛յց։

Մի էական, շաաաատ էական տարբերություն կա նախկին հանցագործներիդ համեմատ։ Նախ՝ իրենցը սխալներ ու վրիպումներ են, ձերը՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություններ, մեկը մյուսից սահմռկեցնող ոճրագործություններ։

Երկրորդ՝ Հայաստանի հասարակությունը թեւութիկունք է լինելու այս իշխանությանը, որովհետեւ ա՛յս իշխանությանն ի՛նքն է ընտրել։ Այս իշխանությունը եթե սայթաքի, հասարակությունը բռնելու է նրա թեւից ու օգնելու է, որ ոտքի կանգնի, որովհետեւ այս իշխանությունն ի՛ր զավակն է (դու շարունակիր, գիտունիկ տղա ես երեւում)։

Ու մեկ էլ ականջիդ օղ արա. եթե նույնիսկ մի օր հասարակությունը ցանկանա մերժել նաեւ այս իշխանությանը, միեւնույն է՝ հաջորդը դուք չեք լինելու։ Երբե՛ք չեք լինելու։

Եթե դեռ գոնե մի քիչ ուղեղներդ աշխատում է, ամուր բռնեք նոր իշխանությանը, որովհետեւ այս մարդիկ ձգտում են առաջնորդվել միմիայն օրենքով, ոչ թե ձեզ հանձնում են ժողովրդի դատին։

Իսկ ժողովուրդը բազմաշերտ է, պարոն պատմաբան։ Մեկն ուզում է՝ օրենքով դատվեք, մյուսն ուզում է իր ձեռքով «դատել» ձեզ։

Եվ ինքնադատաստանի ցանկություն ունեցողների պատկառազդու բանակը քո տերերն են կերտել (քեզ հետ միասին)՝ իրենց անսահման լկտիությամբ, ամբարտավանությամբ, մարդկային ուղեղին անհասանելի թվացող ագահությամբ ու աչքածակությամբ եւ գազանային արյունռուշտությամբ։

Գնա ձեր սարերը, անտառի օդ շնչիր, խոտին փռված հացուպանիր կեր, աղբյուրի ջուր խմիր, ո՞վ գիտի, մեկ էլ տեսար՝ օգնեց, ու բուժվեցիր։

Հրաշքներ պատահում են, չէ՞, էս կյանքում, Աստվածաշնչից մեջբերումներ անող տղա ես, բա էս հասարակ բանն է՞լ չգիտես։