20.08.2018 11:00

Ագուերոն ԱՊԼ-ում դարձավ ամենաշատ գոլ խփած երկրորդ լեգիոները

Ագուերոն ԱՊԼ-ում դարձավ ամենաշատ գոլ խփած երկրորդ լեգիոները

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն երեք գնդակ հեղինակեց ԱՊԼ-ի երկրորդ տուրի «Հադերսֆիլդի» դեմ խաղում (6:1) և դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաշատ գնդակ խփած երկրորդ լեգիոները։ 

Այս պահին արգենտինացու հաշվին 146 գնդակ կա, ինչը երկուսով ավել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսիից, ում էլ հենց շրջանցեց Ագուերոն։ Լեգիոներների շրջանում բոլորից շատ աչքի է ընկել «Արսենալի» ֆրանսիացի նախկին գոլահար Թիերի Անրին։ Նրա հաշվին 175 գնդակ կա։ 

Ինչ վերաբերվում է, ԱՊԼ-ի ռմբարկուների ընդհանուր ցուցակին, ապա այստեղ առաջատարը Ալան Շիրերն է 260 գոլով։ Երկրորդը Ուեյն Ռունին է 208 գոլով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Էնդի Քոուլը (187): Ընդհանուր ցուցակում Ագուերոն Տեդդի Շերինգեմի հետ կիսում է 10-րդ և 11-րդ հորիզոնականները։ 

Հիշեցնենք, որ Ագուերոն 2011 թվականից հանդես է գալիս «քաղաքաբնակների» կազմում և թիմի պատմության լավագույն ռմբարկուն է։