20.08.2018 18:44

Մհեր Արշակյան. Արմեն Աշոտյան՝ մտքի սադիստը

Մհեր Արշակյան. Արմեն Աշոտյան՝ մտքի սադիստը

Հանրապետական Արմեն Աշոտյանը Հայաստանում որսացել է խոսքի ազատության սահմանափակման վտանգ։ Նրա ձեռքն է ընկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը, որով երիտասարդ Էդուարդ Աղաջանյանը կառավարության բոլոր մարմիններին կոչ է անում որեւէ հայտարարություն անելիս կամ տեղեկություն հայտնելիս համաձայնեցնել իրենց գերատեսչության ղեկավարի հետ, նաեւ հիշեցրել է, որ նրանց պարզաբանումները չպետք է հակասեն կառավարության դիրքորոշմանը։

Այսինքն, խոսելուց առաջ մտածեն, թե ինչ են ասում։ Արմեն Աշոտյանն ուզում է, որ չմտածեն։ Այսինքն, լինեն «ինքնուրույն»։ ՀՀԿ-ական գործիչն ակնհայտորեն գերագնահատում է իր «փայլուն գլուխը»։ Կարծում է, թե Աղաջանյանի շրջաբերականը 2008-ի փետրվարի 23-ի 0038 հրամանի վերամարմնավորումն է նոր կառավարության ձեռքում։

Որտե՞ղ է այս շրջաբերականում խոսքի ազատության սահմանափակումը։ Քրքրեցի, չգտա։ Այսինքն, վարչության աշխատակցի տեսակետը պետք է հակասի՞ իր ոլորտում վարչության պետի դիրքորոշմանը։ Եթե հակասում է եւ կողմերից մեկը անզիջում է, պարզ է, որ մեկը պիտի հեռանա եւ իր դիրքորոշումը հայտնի հրապարակավ։ Եթե վախենում է իր աթոռը կորցնելուց, ինքն անձամբ ամեն կերպ կհամաձայնեցնի իր դիրքորոշումը վարչության պետի կամ նախարարի հետ, Աշոտյանն անհանգստանալու կարիք չունի։ Եվ եթե հեղափոխության ժամանակ նման վախեր կարող է ունենալ ասենք, պաշտպանական ոլորտի ներկայացուցիչը, նա ավելի շուտ ՀՀԿ-ական իշխանության իներցիայի ներկայացուցիչը կարող է լինել նոր կառավարությունում, քան հենց հեղափոխության կադրը։

Աշոտյանը կարծում է, թե մի շրջաբերականով դարձավ Մարդու իրավունքների պաշտպան։ Որովհետեւ լավ գիտի իր ժամանակների իշխանության ձեռագիրը։ Գիտի, որ մարդիկ վախենում էին խոսել։ Կորցնելու եւ այլեւս չվերականգնվելու, նույնիսկ խելքի չգալու բան ունեին։ Խաղի այնպիսի կանոններ էին սահմանված, որտեղ «խոսքի ազատությունը» նույնիսկ որպես մտքով անցկացվող բան չէր ողջունվում։ Եվ լռում էին բոլորը, համատարած բոլորը։ Միայն խորհրդարանում էր բացվում բոլոր այդ «լռության ուխտ» հայտարարածների լեզուն, այն էլ, եթե լրագրողները բառի բուն իմաստով ընկնում էին ոտքի տակ։ Ո՞վ պետք է Արմեն Աշոտյանին հասկացնի, որ իրավիճակ է փոխվել։ Եվ ի՞նչ իմաստ ունի հասկացնելը, եթե մի շրջաբերականը դառնում է «խոսքի ազատության սահմանափակում»։

ՀՀԿ-ի «փայլուն գլուխը» չի զլացել եւ մտահոգվել է նաեւ լրագրողների օպերատիվության սահմանափակմամբ։ Այ նման միտք հնչեցնելու համար արդեն պետք է մտքի սադիստ լինել։ «Հետքը» այդպես էլ Տարոն Մարգարյանի քաղաքապետարանից չստացավ քաղաքային բյուջեի կառավարման տարեկան հաշվետվությունները ոչ մի տարի։ Բոլոր նախարարությունների մամուլի քարտուղարների 95 տոկոսը որեւէ օպերատիվ հարցմանն օպերատիվորեն պատասխանում էին, որ կարձագանքեն «օրենքով սահմանված ժամկետում՝ 30 օրից»։ Եվ ինչու՞ է այս մարդը այսպիսի սադիզմով փորձում լեգիտիմություն հաղորդել քաղաքական գործիչ լինելու կեղծ պատեհությանը մի ժամանակ, երբ հատկապես նրա դեպքում խրախուսվում է լռությունը։ Իսկ լռելու պատեհությունն, ախր, որեւէ հանրապետականի համար ավելի լավ ժամանակներ չի ունենալու։ Հատկապես առաջիկա տարիներին։ Նույնիսկ քրեական գործերի շրջանակներում։