20.08.2018 21:37

Վլադիմիր Կարապետյան. Փաշինյանի կառավարության այսօրվա մարտահրավերը

Վլադիմիր Կարապետյան. Փաշինյանի կառավարության այսօրվա մարտահրավերը

Օգոստոսի 17-ի տպավորիչ հանրահավաքում վարչապետ Փաշինյանի ելույթի մի քանի առանցքային շեշտադրումները հանրապետականների համար կոնսոլիդացիայի նոր հիմք հանդիսացան: Գոյություն ունեցող արդարադատության մեխանիզմների դանդաղկոտությունը, օրենքներում և ընթացակարգերում առկա սահմանափակումները, Մարտի 1-ի սպանդի պատասխանատուներ Ռ. Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, նրանց առանցքային օգնականներ Արմեն Գևորգյանի, Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի, նույն գործով անցնող հայտնի օլիգարխների ազատության մեջ գտնվելը լրացուցիչ ազդանշան են դեռևս պատգամավորական մանդատով պատսպարվող որոշ անձանց համար՝ ցինիզմի և ագրեսիայի նոր չափաբաժին լրատվական դաշտ նետելու համար:

Ներքաղաքական հարթություն

Է. Շարմազանովին, Դավիթ Հարությունյանին և ընկերներին, ըստ իս, հատկապես անհանգստացրեց վարչապետի ելույթի երկու շեշտադրում՝ Սահմանադրական փոփոխությունների և անցումային արդարադատության մարմինների ստեղծման մտադրությունը: Արդարադատության և դատական համակարգերը՝ Դ. Հարությունյանի գլխավորությամբ, ավազակախմբի ստեղծած այն հիմնասյուներն են, որոնք խոչընդոտում են այսօրվա իշխանություններին կազմաքանդել քրեական հանցագործների արատավոր այն համակարգը, որի քաղաքական տանիքը հանդիսացել է ՀՀԿ-ն իր առաջնորդներով՝ կուսակցության փոխնախագահները ներառյալ:

Անցումային արդարադատության (ԱԱ) մարմինների ստեղծումը առաջին հերթին հարվածելու է հենց այդ ավազակախմբին՝ զրկելով իրավական, կոռուպցիոն այն լծակներից, որոնցից օգտվում են ժողովուրդը 20 տարի թալանած, բազում հանցագործություններ գործած ՀՀԿ-ական հանցավոր խմբակի «իրավական պաշտպանության օթյակի» ղեկավար Դ. Հարությունյանն ու ընկերները: Երեկ էլ նրանք մի տեքստ էին նախապատրաստել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի համար…

Իրավաբան Վահե Գրիգորյանը պարզաբանում է, որ «Անցումային արդարադատության առաջնային նպատակն է հիմնարար իրավունքների խախտումների զոհերի իրավունքների վերականգնման միջոցառումներ եւ մեխանիզմներ հիմնելը եւ գործարկելը մի միջավայրում, որտեղ եղած գործիքակազմը դրա հնարավորությունն այլ կերպ չի ընձեռում, եւ մենք ամեն օր համոզվելու ենք, որ հայաստանյան արդարադատության համակարգը չի կարողանալու ապահովել այս խնդիրը… նաև ճշմարտության բացահայտումն ու արձանագրումը»:  Սրանք այն խնդիրներն են, որոնցից ամենաշատն են վախենում հանրապետականները, և հենց դրանով է բացատրվում նրանց առերևույթ համախմբումն ու աննախադեպ հոխորտանքը այս օրերին: Այդ համախմբման մեջ իր դերն ունեցավ ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանը, որը, փոխանակ իր դրական ներգրավվածությամբ փորձեր կատարելագործեր ԱԱ մարմինների ստեղծման իրավական չափորոշիչները, հապճեպ միակողմանի գնահատականներով հանդես եկավ: Նման դիրքավորում ցուցաբերեցին հանրության շրջանում հայտնի փաստաբաններ, որոնցից մի քանիսը այսօր ներգրավված են հանրության շրջանում ամենաօդիոզ համբավ ունեցող, քաղաքական ղեկավարության ուղիղ հրամանների ներքո գործող, ընդդիմության դեմ հարձակումներին մասնակցած քրեական հանցագործների պաշտպանության մեջ: Այստեղ ցանկանում եմ ընդգծել. փաստաբանների իրավունքն է ընտրել պաշտպանյալին, և այդ հանգամանքը որևէ մեկնաբանության ենթակա չէ: Միով բանիվ, տպավորություն է առաջանում, որ հասարակության շրջանում ժամանակին համարձակ և պրոֆեսիոնալ դիրքորոշմամբ աչքի ընկնող մարդիկ՝ բիզնես նկատառումներից ելնելով գնում են անհամարժեք զիջումների սկզբունքայնության հարթությունում: Այդ փաստաբաններն այսօր հայտնվել են իրենց կողմից բազմիցս քննադատված Փաստաբանների միության նախագահ Զոհրաբյանի գաղափարական դաշտում, ընդ որում վերջինիս հիմնավորումները, կարծես, առավել մասնագիտական են: Առաջիկայում նույնպես կտեսնենք փաստաբանների համքարության որոշ ներկայացուցիչների հետևողական հարձակումներ՝ քաղաքական բարեփոխումների փշոտ ճանապարհ անցնող քաղաքական թիմի անդամների վրա: Նրանք, համագործակցելով ԲԴԽ անդամների, ՄԻՊ պաշտպանի, հակահեղափոխության պարագլուխների հետ, փորձելու են հանրության մեջ վարչապետի նախաձեռնությունների նկատմամբ ձևավորել բացասական վերաբերմունք: Արժե թույլ չտալ (բնականաբար՝ բարոյական և քաղաքական հարթության վրա), որ ժամանակին վաստակած հանրային հեղինակությունն այսօր օգտագործվի դժվարին ճանապարհ անցնող վարչապետի և նրա թիմի դեմ:

Արտաքին քաղաքական հարթություն

Արմատական բարեփոխումներ իրականացնողների ճանապարհին շատ ավելի կարևոր մարտահրավեր եմ համարում միջազգային հանրության, առանցքային միջազգային կազմակերպությունների դիրքավորումը: Այստեղ է, որ ուժերը հավասար չեն՝ նախկին ավազակապետությունը, դեռևս ազատությունը վայելող Սերժ Սարգսյանը, օգտվում են փորձառու, մասնագիտական պատրաստվածություն և գերագույն մոտիվացիա ունեցող ինստիտուցիոնալ թիմի՝ ԱԺ փոխնախագահների, արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի, արդարադատության նախկին 2 նախարարների, մի շարք երկրների խորհրդարանների հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերի ղեկավարների, ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունում, այլ միջազգային կառույցներում ՀՀԿ-ական պատվիրակության անդամների, ԲԴԽ անդամների, միջազգային ատյանների հետ աշխատող փաստաբանների ծառայություններից: Այն հանգամանքը, որ նշյալ միջազգային կառույցներում ներգրավված ՀՀԿ-ական պատգամավորներից մի քանիսը չեն երևում հայկական լրատվամիջոցներում, չի նշանակում, որ նրանք ամենաակտիվ կերպով չեն գործում դրսում: Դրանք բոլորը լծված են հեղափոխությունը սևացնելու, վարչապետի քայլերը յուրովի՝ թշնամաբար մեկնաբանելու, միջազգային կառույցներում ՀՀ կառավարության որոշումներն ու մտադրությունները աղավաղելու և բացասական կարծիք ձևավորելու, Հայաստանի շահերի դեմ այլ կոնկրետ գործողություններով: Նրանք շատ ակտիվ են, աշխատում են թե՛ դրսում, թե Հայաստանում՝ դեսպանությունների հետ, ունեն անսահման ռեսուրսներ, «գաղափարական» սպասարկում, պատրաստված կադրեր: Այս ամենին գումարվում են ՀՀԿ-ական և մերձհանրապետական դեսպանները, որոնք հեղափոխությունից 100 օր անց էլ (!) պահպանում են պաշտոնները՝ Ռ. Սադոյան՝ Վրաստան, Ա. Մանուկյան՝ Ուկրաինա, Է. Ղազարյան՝ Լեհաստան, Մ. Մինասյան՝ Վատիկան, Լ. Մարտիրոսյան՝ Կանադա, Մ. Բադեյան՝ Քուվեյթ, Վ. Բադալյան՝ Թուրքմենստան: Նրանք բոլորը տրամադրված են նոր կառավարության դեմ՝ ստացվող պաշտոնական հաղորդագրություններն ու ոչ պաշտոնական տեղեկությունները դրա վկայությունն են: Հուսով եմ, որ քաղաքական նկատառումներով նշանակված այս բոլորը (Սերժ Սարգսյանին մերձավոր շրջապատի կողմից հովանավորյալ մի շարք այլ դեսպանների հետ միասին) ետ կկանչվեն հնարավորինս կարճ ժամկետներում՝ անկախ իրենց փոխարինող նոր դեսպանների նշանակման ժամկետներից:

Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր դիվանագիտության, նաև՝ խորհրդարանական, ակտիվ գործունեությունը: ՀՀ ԱԳ նախարարը, վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդականը (փորձառու դիվանագետ, փայլուն բանակցող), խորհրդականը, ԱԳ նախարարի տեղակալը, Սերժ Սարգսյանի ավազակապետական համակարգի հետ առնչություն չունեցող դեսպանները,  ամենօրյա ռեժիմով պետք է հանդիպումներ անցկացնեն գործընկերների, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, դեսպանընկալ պետություններում բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ներկայացնելու Կառավարության քաղաքականությունը, արդարադատության հաստատման ուղղությամբ տարվող քայլերը, կոռուպցիայի դեմ մղվող պայքարը և այդ ճանապարհի դժվարությունները, հիմնարար ազատությունների երաշխավորման ուղղությամբ արվող քայլերը: Պաշտոնապես պետք է կապ հաստատել այն պաշտոնյաների հետ, որոնց հետ այսօր ապակառուցողական և թշնամական շփումներ են ունենում ՀՀԿ-ական ներկայացուցիչները:  

Հնարավորինս արագ պետք է մշակել հուշագիր անցումային արդարադատության մարմինների ստեղծման մասին վարչապետի նախաձեռնության վերաբերյալ՝ մանրակրկիտ բացատրություններով: Մեկ այլ հուշագիր՝ սահմանադրական փոփոխությունների մասին: Դրանցում առկա դրույթները հարկավոր է օգտագործել բոլոր վերոնշյալ հանդիպումներում՝ հասցնելով զրուցակիցներին Կառավարության առաջնայնությունները, ջախջախելով հակառակորդների փաստարկները: Այս հարցում հատկապես կարևոր է ԵԽ-ում, ՄԱԿ-ում, ԵՄ-ում մեր դեսպանների ակտիվությունը, ԵԼՔ խմբակցության ՔՊ պատգամավորների հանդիպումները Երևանում, ինչպես նաև նրանց այցելությունները Եվրոպական կառույցներ:

Կառավարությունը այսօր ձեռնամուխ է եղել արմատական բարեփոխումների, և հասարակության պարտքն է՝ օգնել ավարտին հասցնել մեծ դիմադրության հանդիպած իշխանության վերոնշյալ նախաձեռնությունները: Այսօր առավել քան կարևոր է թույլ չտալ ՀՀԿ-ական ներկայացուցիչներին՝ իրենց կամեցած, նենգափոխված պատկերը ներկայացնել մեր գործընկերներին, կարծիք ձևավորողը պետք է լինի իշխանությունը: Մեր բարեկամները պետք է համոզված լինեն, որ արդարադատության պատժիչ, կամ ավելի ճիշտ՝ ուղղիչ ուժը անխուսափելի կերպով հասնելու է բոլոր հանցագործներին՝ առանց բացառության: