22.08.2018 12:57

Լիզա Ճաղարյան. Նախագահ ունենք, աշխարհը չունի

Լիզա Ճաղարյան. Նախագահ ունենք, աշխարհը չունի

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է եւ արժանի է»: Սա «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետն է:

Դե, զարմանալի բան չկա. ժամանակին, երբ ՀՀԿ-ականներից ազատվելու անսահման ցանկությունն առաջնային դարձրած ՀՀ քաղաքացիներն ընտրեցին այս մարդուն (շատերը՝ ճարահատյալ) եւ դուրս եկան փողոց՝ իշխանության զավթման հերթական փորձը կանխելու, այս նույն «խաղաղության աղավնին» մեկ էլ հանկարծ սկսեց ռեւերանսներ անել իր ձայները գողացած Սերժիկ Սարգսյանին, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին «զորավար» կարգեց ու ժողովրդին թողնելով մինչեւ ատամները զինված «զորավարական» պատժիչ ջոկատներին դեմ հանդիման՝ «զորավարի» հետ թեւ-թեւի ճամփա ընկավ աղոթելու։

Կարճ ասած՝ հասարակությունն ընտելացել է պարոն Հովհաննիսյանի մտքի «հանճարեղ» վայրիվերումներին, առավոտյան մի բան ասելուն, երեկոյան՝ մեկ այլ բան։ Ավելին, «Ժառանգության» առաջին դեմքը սովորաբար այնպիսի խուճուճիկ մտքեր է բարձրաձայնում, որ հետագայում դրանք այլ կտրվածքով խմբագրելն էլ առանձնապես դժվար բան չէ։

Օրինակ, եթե անհրաժեշտություն ծագի, վաղն էլ կարող է ասել, որ Ռոբերտ Քոչարյանն արժանի է բանտախցում անցկացնելու իր հետագա կյանքը, եւ ինքը նկատի է ունեցել, որ պետք է վերադառնա բանտախուց, եւ որ ինքը հավաստի աղբյուրներից տեղեկացել է, որ Քոչարյանի մանկության երազանքն է բանտախցում՝ մենության ստեղծարար գրկում գիրք գրելը։

Րաֆֆին է, էլի։ Ընդամենը մեկ կուսակցության ղեկավար է, առջեւում Երեւանի քաղաքապետի ընտրություններ են, մի բան պետք է ասի՝ այդ օրվա քամու բերածն էլ սա էր։ Թեթեւ տանենք՝ քամու բերածը քամին էլ կտանի։

Իսկ ահա Արմեն Սարգսյանը ողջ Հայաստանի նախագահն է։ Ահա այս Հայաստանում, որի նախագահն Արմեն Սարգսյանն է, քաղաքական եւ քրեական կյանքն ուղղակիորեն եռում է։ Իշխանություն կորցրած ՀՀԿ-ականները կատաղության գագաթնակետին են, հիստերիկ շարժումներ են անում, ներսից հույսները կտրած՝ ցանկացած ստոր ու դավաճանական միջոցներով փորձում են դրսից «տղա բերել» նոր կառավարության դեմ, հասարակությունը գրեթե ամեն օր ցնցվում է ՀՀԿ-ականների կատարած հերթական սահմռկեցնող հանցագործության բացահայտման մասին լսելով, «միակ տղամարդը» (է՛ն, որին «Ժառանգության» Րաֆֆին «թույլ տվեց» վերադառնալ՝ ուր ուզում է ու ոնց ուզում է) իր ունեցած միակ «տղամարդկությունը»՝ փողը, հանել է արդարության դեմ եւ հիստերիկ շարժումներ է անում մանրումեծ ջեբկիրների «հովանու ներքո»...

Պարզ ու համառոտ ասած՝ Հայաստանը նստած է վառոդի տակառի վրա, եւ որքան էլ հասարակությունը երջանիկ է, որ ազատվել է նախկինների բիրտ լծից, նույնքան էլ գերլարված է, որ հանկարծ սխալ շարժում չանի, եւ նախկին կենդանի դիակները՝ օգտվելով այդ սխալից, չվերակենդանան։

Եվ միայն մի մարդ կա անհանգիստ օրեր ապրող մեր երկրում, որ շողարձակում է անհոգությունից։ Հայաստանի, այսպես կոչված, նախագահ Արմեն Սարգսյանն է այդ մարդը։ Նա ցավակցական կամ տոնական հեռագրեր է հղում այսուայնտեղ, ցուցահանդեսներ է այցելում, պաղպաղակ է ուտում ու... ժպտում է։ Դե, խառը ժամանակներ են, ի՞նչ ասի։ Չգիտի՝ դեռ որքան կնստի այդ աթոռին, բայց որքան երկար՝ այնքան լավ։ Եթե տեսակետ հայտնի հօգուտ նոր կառավարության, բա որ մեկ էլ տեսար՝ հները ետ գան։ Եթե փորձի հներին պաշտպանել, բա որ հանկարծ նորերն ամրապնդեն իրենց դիրքերը։ Մանավանդ՝ հների թեթեւ ձեռքով բազմեց նախագահի գահին, նորերն էլ՝ ճարները կտրած յոլա են տանում։

Այս իրավիճակում ավելի լավ չէ՞ շարունակի անհոդաբաշխ ժպտալ, պաղպաղակ ուտել, մշակութային օջախներ այցելել եւ հեռագրեր ընծայել համայն աշխարհին։

Որտեղ կկտրվի՝ կկտրվի։

Հենց կտրվի, Թումանյանի ականջը կանչի, Արմեն Սարգսյանը կասի. «Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի», ու կվերադառնա իր հարազատ մառախլապատ Ալբիոն։

Փորձած բան է։