25.08.2018 14:35

Մհեր Արշակյան. Ներսը եւ դուրսը

Մհեր Արշակյան. Ներսը եւ դուրսը

Նոր իշխանությունը մտադիր է մինչեւ մյուս տարվա մայիսը անցկացնել խորհրդարանի նոր ընտրություններ: Որպեսզի «ներսը» համապատասխանի «դրսին»:

Բայց արդյո՞ք մինչեւ հիմա այդպես չի եղել: Միշտ է այդպես եղել: Միայն հեղափոխությունը ցույց տվեց, որ համապատասխանություն չկա: Այսինքն, հեղափոխությունը չլիներ, «դուրսը» երբեք էլ չէր տարբերվելու «ներսից»: Որովհետեւ համերաշխ «ներս» ունենալու մեթոդը միշտ համաձայնեցվել է «դրսի» հետ: Այդ «համերաշխությանը» նպաստել են նաեւ հետընտրական ուժային մեթոդները, որով իշխանությունը ժողովրդին պարտադրել է վերջինիս կատարած քվեն:

Եվ հիմա առաջին անգամ այդպիսի պարտադրանք չի լինելու: Բայց այստեղ խնդիր կա: Առաջին անգամ լինելու է քաղաքական կամք, բայց ոչ քաղաքական լայն ընտրություն: Որովհետեւ դաշտում գործող ուժերի 90 տոկոսը միշտ խաղացել է իշխանությունների հետ եւ հաջողացրել վարկաբեկվել: Մյուսներն էլ արդեն բավարար ջլատված են իրենց նախկին հզորությունը բղավելու համար: Հետեւաբար, ազատ ընտրության պարագայում անգամ բացառված չէ, որ ընտրություն չլինի: Միակ մխիթարականն այն է, որ նույնիսկ հնարավոր միակուսակցական խորհրդարանի ձեւավորման պարագայում դա լինելու է ժողովրդի կամքը: Բայց դա, միեւնույն է, քաղաքական ընտրություն չի լինելու:

Հեղափոխությունը չի կարող քաղաքական ընտրության վրա խաղադրույք անել հենց թեկուզ այն պատճառով, որ ինքն իրենով արդեն «սեփականաշնորհել» է հենց ժողովրդի «քաղաքական» կամքը: «Քաղաքականն» այստեղ չակերտների մեջ է, որովհետեւ ժողովուրդը քվե է տալու իր իսկ նվաճմանը, ինչքան էլ սնանկ կամ հարուստ լինի այդ նվաճումը, ժողովուրդը քվե է տալու այն միակ ակնթարթի հաջողության տիրոջը, մարդուն, որը հեռացրեց Սերժ Սարգսյանին: Այս հաղթանակը նոր Հայաստանում ուզում է քաղաքական նոր բովանդակություն, որը հեղափոխության միջավայրում հնարավոր չէ, սակայն այդ միջավայրը հրաշալի հող կլինի, եթե հեղափոխության «բաժնետերերը» չփորձեն մինչեւ աշխարհի վերջը կառչած մնալ իրենց հաջողության սեփականությունից:

Հեղափոխությունը այլ միջավայր է, հեղափոխությունից դեպի ընտրություններ ճանապարհին ոչ ոք չկա հեղափոխականներից բացի, ահա ինչու բացառված չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ այդպես էլ հասկանալի չլինի, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ո՞րը «Քաղաքացիական պայմանագիրը» չէ: Բոլորը խաղալու են որպես «հայաստանակենտրոն» քաղաքական ուժ եւ այդպես էլ պարզ չի դառնա, թե հատկապես ինչով են տարբերվելու միմյանցից: Այստեղ նույնիսկ ժողովրդի հիշողությունը չի օգնի յուրաքանչյուրին դնելու իր տեղը, քանի որ ունենք այն, ինչ ունենք՝ Սերժ Սարգսյանը չկա, մինչդեռ քաղաքական բոլոր ուժերը կան: Ճիշտ այդպես՝ Նիկոլ Փաշինյանը բոլորովին նոր առաջնորդ է, իսկ քաղաքական ուժերը նույնն են:

Եվ ուրեմն նոր ԱԺ-ն, որը լեգիտիմության կասկածի տեղ չի թողնելու, սակայն հազիվ թե լինի քաղաքական մարմին գոնե առաջին ամիսներին, պետք է դառնա քաղաքական նոր մշակույթի եւ գաղափարների թատերաբեմ, որը իր էությամբ կլինի քաղաքական ԲՈՒՀ: Այս ԲՈՒՀ-ը սոսկ «դրսի» լեգիտիմորեն ձեւավորած բացառիկ «ներսը» չի լինելու, քանի որ քվեն՝ քվե, բայց քաղաքական մշակույթը դեռ չկա: Հետեւաբար այստեղից պետք է դուրս քաղաքական այն ինքնագիտակցությունը, որն առաջին անգամ Հայաստանը կդարձնի քաղաքացու հենարան: