29.08.2018 12:30

Առաջիկա զորավարժություններին կմասնակցի Ռուսաստանի բանակի մեկ երրորդը

Առաջիկա զորավարժություններին կմասնակցի Ռուսաստանի բանակի մեկ երրորդը

Սեպտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն անցկացնելու է «սառը պատերազմի» ժամանակներից՝ 1981 թ. ի վեր ամենալայնածավալ զորավարժությունները: Գերատեսչության տվյալներով՝ «Վոստոկ-2018» անվանումով զորավարժություններին կմասնակցեն մոտավորապես 300 հազար զինվորական, 36 հազար միավոր տեխնիկա և ավելի քան հազար թռչող սարքեր: Զորավարժություններում կընդգրկվեն Կենտրոնական և Արևելյան ռազմական շրջանների գրեթե բոլոր զորամասերը, ինչպես նաև Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերը:

«Դրանք ինչ-որ տեղ կկրկնեն «Արևմուտք-81»-ը, սակայն ինչ-որ տեղ էլ, ըստ էության, ավելի լայնածավալ կլինեն»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ռուսաստանի զինված ուժերում զինծառայողների ընդհանուր թվաքանակը գնահատվում է մոտավորապես մեկ միլիոն մարդ: Այդպիսով, եթե զորավարժություններին մասնակցի 300 հազար զինվորական, ստացվում է, որ բանակի գրեթե մեկ երրորդը մասնակցելու է դրանց:

Եթե մասնակիցները շատ են, ապա ԵԱՀԿ 2011 թ. Վիեննայի փաստաթղթի համաձայն՝ երկիրը պարտավոր է օտարերկրյա դիտորդներ հրավիրել: Սակայն Ռուսաստանի ՊՆ-ում հայտարարել են, որ «պարտավոր չեն պահպանել ԵԱՀԿ նորմերը», քանի որ «զորավարժությունները անցկացվելու են կազմակերպության պատասխանատվության ոլորտի սահմաններից դուրս»:

Փոխանցում է BBC-ն: