05.09.2018 11:44

Արսեն Գրիգորյան. Տղերք, ձեր անկումն «ավտոպիլոտ» է

Արսեն Գրիգորյան. Տղերք, ձեր անկումն «ավտոպիլոտ» է

Արմեն Աշոտյանը պետք է սովորի աղոթել: Հենց թեկուզ նրա համար, որ ազատ եւ անպատիժ խոսելու հնարավորություն ունի: Երեկ այս ճաճանչափայլը հայտարարել է, որ Փաշինյանն ապակայունացնում է երկրի վիճակը: Նա վարչապետին մեղադրել է ավտորիտար կառավարում իրականացնելու մեջ:

Ընդդիմություն լինել չգիտեն: Կարծում են՝ մեղադրանքը լեգիտիմացնում է իրենց բռնած նոր ճամփան: Իբր՝ ժողովուրդն իրենց չէր ընկալում իբրեւ իշխանություն, հիմա կընկալի իբրեւ ընդդիմություն, որովհետեւ միշտ ընդդիմության կողմից է եղել: Նա այդպես էլ չի ասում, թե որտեղ է այդ ավտորիտարիզմը երկրի ներսում: Ավտորիտարիզմի բացատրությունն այն է, որ չկա հանցանք, բայց կան մեղադրանք եւ մեղավորներ: Դիցուք, 2008-ի մարտի 1-ից առաջ ոստիկանությունը հայտարարում էր, որ Ազատության հրապարակում հավաքվածների մոտ նկատվել են զենքեր: Սա ակնհայտ սուտ էր, ոչ մեկի մոտ զենք չգտան: Մարտի 1-ի սպանություններից առաջ Քոչարյանը հայտարարեց, որ կա տեսագրություն, թե ինչպես են ցուցարարները կրակում ոստիկանների վրա: Սա ասաց, որ 10 հոգու սպանելու պատճառ ունենա եւ Մյասնիկյանի հրապարակը կարողանա մաքրել ցուցարարներից: Մարդու ծրագիրը հաջողվեց:

Ավտորիտարիզմը գործիք է իշխանությունը պահելու համար: Մանվել Գրիգորյանին կամ Ռոբերտ Քոչարյանին բռնելով՝ ինչպե՞ս է իշխանություն պահում Փաշինյանը, եթե, ինչպես ասում են, բռնել է գործի վրա: Ավտորիտարիզմն ինքն իրեն չի թաքցնում: Մարտի 1-ից հետո հարյուրավոր մարդիկ դարձան քաղբանտարկյալներ: Որպեսզի դուրսը դատարկվի պայքարողներից: Որպեսզի մյուսները ջլատվեն եւ դադարեն պահանջել ընտրությունների արդյունքների վերանայում: Ավտորիտարիզմ է Հյուսիսային պողոտայի բնակիչների տների հետ կատարվածը, երբ մարդկանց հատուկ միջոցների օգնությամբ մի քանի օրում դուրս շպրտեցին իրենց բնակարաններից: ՄԻԵԴ-ը տեղի ունեցած ապօրինություններն ապացուցեց ՀՀ-ի դեմ տասնյակ վճիռներով:

Ավտորիտարիզմ էր 2015-ի սահմանադրական բարեփոխումները, որոնցով Սերժ Սարգսյանն ուզում էր իշխանություն երկարացնել: Ավտորիտարիզմ է, երբ գիտես քո անիրավացիությունը՝ հանուն իշխանության գլխին մնալու: Սրանք բաներ են, որոնք Աշոտյանը գերազանց գիտի: Ինքը ուղղակի չի ուզում ընդունել, որ ավելի վատ չի լինելու, քան եղել է իրենց օրոք: Ի՞նչ անի Արմեն Աշոտյանը: Գուցե նույնիսկ երբեմն ճիշտ բաներ ասի նոր իշխանությունների թերացումների մասին: Բայց լեգիտիմությունը միայն իշխանության համար չէ, այլեւ ամբողջ կյանքի: Դու կյանքիդ լեգիտիմությունն ես կորցրել, նախկին երիտասարդ: Դու դա կորցրել ես նույնիսկ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտլեկտուալ խաղի սեղանի շուրջ, քանզի քանի՞ գրոշ արժե իմացությունը, եթե այն քեզ չի օգնում ազնիվ լինել հենց քո առաջ:

Դուք դատապարտելու իրավունքը ձեզնից չեք ծնում, այլ վերցնում եք ժողովրդից, որովհետեւ դա նույն իշխանություն ունենալու իրավունքն է, ուղղակի՝ ընդդիմության դիրքերից: Դուք այդ իրավունքը չունեք նույնիսկ հիմա` ԱԺ-ում համեմատական մեծամասնություն լինելով: Տղերք, ձեր անկումն «ավտոպիլոտ» է, եւ միայն Աստված գիտի, թե ինչ հրաշքով դուք կարողանում եք նաեւ խոսել: