05.09.2018 17:24

Լիզա Ճաղարյան. Ջերմ եւ բոցավառ ողջույն Կոստանյան Գեւորգին

Լիզա Ճաղարյան. Ջերմ եւ բոցավառ ողջույն Կոստանյան Գեւորգին

Վաղուց չէի լսել նախկին գլխավոր դատախազ, այժմ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին։

Բան չի փոխվել. նույն ինքնագոհ կամ ինքնագոհ ձեւացող Կոստանյանն է։ Դեմքն է սովորականից ավելի կարմրախառն սեւացած։ Դժվար թե՝ ամոթից կարմրած կամ վախից սեւացած լինի։ Ավելի հավանական է՝ ինքն էլ է Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալի նման իրեն «արեւներով տվել» որեւէ «համեստ» ծովեզերքում՝ համեստ աշխատավարձի համեստ աջակցությամբ։

Ու հիմա վերադարձել է նոր ավյունով լեցուն, որ օրենքի եւ արդարադատության մասին իր ուսանողական կոնսպեկտներից անգիր արած տեքստերը բերանացի արտասանի։ Լավ է՛լ վարժ ու սահուն արտասանում է։

Որովհետեւ վստահ է, որ պատին է սեղմել ԱԺ «Ելք» խմբակցությանը, որը նախագիծ է ներկայացրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին»:

Այս նախագիծը նախատեսում է Մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին փոխհատուցում տալու կարգը, այս նախագիծն արդեն մի քանի անգամ ներկայացվել է ԱԺ քննարկմանը, բայց միշտ մերժվել է։ Մերժողը խորհրդարանական մեծամասնությունն է եղել, որի կարկառուն անդամներից մեկն էլ Կոստանյան Գեւորգն է։

Հիմա իրավիճակ է փոխվել․ նախկինում նախագիծ ներկայացնողն այժմ իշխանության ղեկին է, իսկ Կոստանյան Գեւորգենք մնացել են առանց ղեկի։ Ու անղեկ մնալուց հետո ոչ միայն նախկին հանցագործներն ու նրանց հովանավորները դարձել են ժողովրդավարության դրոշակակիր, մարդու իրավունքների անձնազոհ պաշտպան, ազատ խոսքի մոլեռանդ ջատագով, այլեւ այնքան են բարիացել, որ ո՛չ միայն երկու ձեռքով համամիտ են Մարտի 1-ի տասը զոհերի հարազատներին փոխհատուցում տալու նախաձեռնությանը, այլեւ տենչում են առհասարակ ռոբասերժական բեսպրեդելի տարիների բոլոր զոհերի հարազատներին փոխհատուցել։

Իրենց կարճ խելքով՝ շախ ու մատ են անում ԵԼՔ-ականներին։

Շա՛տ կարճ խելքով։

Ճիշտ եք ասում, պարոն Կոստանյան։ Բոլոր տուժածներին պետք է փոխհատուցում տալ։

Եվ հիշեցնեմ՝ տուժել են Հայաստանի միլիոնավոր այն քաղաքացիները, որոնք ՀՀԿ-ական հրեշավոր իշխանության տարիներին չեն գողացել, չեն սպանել, ընտրություններ չեն կեղծել, ապրել են իրենց արդար քրտինքով ու ստացել իրենց աշխատանքին անհամարժեք վարձատրություն, իսկ «համարժեք»-ի հաշվին ՀՀԿ-ական վերնախավը «հափռգել է» անսահմանության ձգտող չափերով։

Որպեսզի տուժածներին փոխհատուցում տրվի, ահա այս ՀՀԿ-ականների ունեցվածքը պետք է հաշվարկել, եւ այն «համեստ ավելցուկը», որ կուտակել են ոչ թե աշխատավարձով, այլ լկտի կողոպուտով, պետք է պետականացնել, եւ այդ «համեստ ավելցուկի» հաշվին փոխհատուցել Հայաստանի բոլոր տուժած քաղաքացիներին։

Խելացի մարդ է Կոստանյան Գեւորգը։ Թող հենց ինքն էլ գրի այս նախագիծն ու ներկայացնի Ազգային ժողովի քննարկմանը։

Հասարակությունն անպայման կաջակցի, որ նախագիծը միաձայն ընդունվի։

«Սիրո եւ համերաշխության մթնոլորտը» երաշխավորում ենք։