08.09.2018 13:44

Մհեր Արշակյան. Մի եղեք հոյակապ՝ Հայաստանի հաշվին

Մհեր Արշակյան. Մի եղեք հոյակապ՝ Հայաստանի հաշվին

ՀՀ երրորդ նախագահի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի դուստրը՝ Անին, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նա մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստացման մեջ: Աստվածաբանական ֆակուլտետի դասախոսի դստեր բիզնեսների մասին մենք ոչինչ չենք լսել:

Գիտեինք, որ Սարգսյան Լեւոնը կոռուպցիայով բարգավաճող մի կլանի առանցքային դեմք է: Բայց Անին որտեղի՞ց ծլեց: Ինչու՞ են հայրերը գնացել այսպիսի հրեշավոր արարքների եւ իրենց դուստրերին ու կանանց ներքաշել նման, ինչպես ոստիկանությունն է ասում, «առերեւույթ» հանցանքների մեջ: Պատասխանը պարզ է՝ «անմեղությունը» սեռ ու դուստր չի հարցնում: Հայրը իր հանցանքների տերն է, եթե կարիք լինի դստերն ու կնոջն էլ «Աստծո» փուռը տալ՝ կտա: Պետական ապարատում այսպիսի մարդկանց տասնյակներով կարելի է հաշվել: Նրանք էականի առաջ կին եւ դուստր չեն ունեցել, իսկ էականը հարստանալն է ամեն եւ ցանկացած գնով: Հետեւաբար, Լեւոն Սարգսյանի դուստր Անին, եթե նույնիսկ ոչնչից տեղյակ չէ, պետք է պատասխան տա, թե այդ ինչ հարկեր է թաքցրել եւ ինչպես է ապօրինի հարստացել:

Գուցե Անին մի կատարյալ անմեղություն է, մի կտակարանյան գառնուկ: Բայց պատասխան պետք է տա, որովհետեւ մենք կտակարանյան գառնուկ կարող ենք լինել կամ բնազդաբար, եւ այդ դեպքում Կտակարանն այստեղ կապ չունի, կամ գիտակցաբար, եւ այս դեպքում առաքինության շահառուն մարդն է, ով էլ որ նա լինի՝ մուրացկա՞ն, գրո՞ղ, թե մի հպարտ աղքատ, որոնք նույնիսկ չեն էլ երեւակայել, թե ինչեր են տեղի ունենում իրենց անպտուղ քաղաքացիության բնօրրանում: Անիի դեպքում այդպիսի շահառուները չեն ուրվագծվել: Նա հարստացել է առանց շունչ քաշելու, գուցե նույնիսկ այդպես էլ չիմանալով, թե ինչ է փողը: Բայց փաստն այն է, որ չիմացությունը նրան չի ազատում պատասխանատվությունից, հայրը քաշել է նրան, հայրը փորձել է հարազատների մեջ «բաշխել» մոտ 20 տարվա իր ակտիվ ապօրինությունները: Եթե նա դստերն ասել է իր այս խորամանկության մասին, Անին առավելեւս պետք է պատասխան տա, իսկ եթե չի ասել, աղջիկը քննչական մարմիններին կօգնի հասկանալ, թե հայրն ինչպես է «պատվազրկել» իրեն:

Բայց եթե Անին տեղի ունեցածից խաբար չէ, ինչու՞ էր մոտ երկու ամիս փախած հարազատ Հայաստանից: Այսինքն, ինչու՞ էր նվազագույնը 60 օր խուսափում հետաքննական մարմիններից: Ուրեմն գիտեր, թե ինչ է արել հայրը եւ հատկապես ինչու է արել: Գիտեր նաեւ, որ ինքը մատը մատին չի խփել այդ փողերի արժանավոր տերը լինելու: Եվ մինչ Անին ամեն օր հպարտ էր իր աստվածաբան հայրիկով, հարյուր հազարավոր հայաստանցիներ ուզում էին հպարտ լինել այս Հայաստանով, որից մի պահ «կաշին ու ոսկորն» էր մնացել:

Հետեւաբար, չկա այդպիսի հարց, թե ինչպե՞ս կարող են ամբողջ ընտանիքով լինել հանցագործ: Լեւոն Սարգսյանը բացառիկ կոռուպցիոն կլանի ներկայացուցիչ էր եւ «պարտավոր» էր մսխել Հայաստանը: Նա գերազանց գիտեր ինչ է անում: Սակայն դրանից հետո նա կատարել է մարդու դեմ ուղղված բացառիկ հանցագործությունը՝ «որդուն» պատասխանատու է դարձրել հոր արարքների համար: Անին այսօր էլ կարող է հպարտ լինել, որ Լեւոն Սարգսյանն իր հայրն է: Բայց երբ դուստրով զբաղվում են քննչական մարմինները, Անին պետք է որոշի՝ ինքն իր հոր սիրասուն դու՞ստրն է, թե ՀՀ քաղաքացի, որը Հայաստանում միակը չէ, որ սիրասուն դուստր է: Անին պետք է ազնիվ լինի այսպիսի Հայաստանի հետ: Գուցե նրա հայրը մի հոյակապ մարդ է: Բայց անձնական խնդրանք՝ մի եղեք հոյակապ Հայաստանի հաշվին: