10.09.2018 12:22

Սերգո Տոնոյան. Երեւանի հիմնախնդիրներից մեկը

Սերգո Տոնոյան. Երեւանի հիմնախնդիրներից մեկը

Ինչպես գիտենք, անցած տասնամյակների ընթացքում բազմիցս եւ պարբերաբար բարձրաձայնվել է Երեւանի ճարտարապետական կերպարի աղավաղման ցավոտ հարցը։ Ամեն անգամ, երբ քանդվում կամ այլանդակվում էր հերթական շինությունը, հասարակական ակտիվը, երեւույթը գնահատելով որպես վանդալիզմ, պայքարի էր ելնում՝ անհույս նպատակ ունենալով կանխել արդեն թափ առած գործընթացը։ Այս հայտնի՝ «քաղաքի ճարտարապետական կերպարի աղավաղում» արտահայտությունը, տարիներ շարունակ շրջանառության մեջ լինելով հանդերձ, սովորաբար չի բացահայտել խնդրի էությունը եւ մնացել է սոսկ գեղագիտական բնորոշման տիրույթում։ Քանդվել են շենքեր, թաղամասեր, իսկ տեղում կառուցվել են նորերը, որոնք մեծամասամբ գնահատվել են որպես անճաշակ կամ անհամահունչ։ Սրանք, բնականաբար, նույնպե՜ս գեղագիտական բնորոշումներ են։ Անճաշակ է, որովհետեւ մե՞նք ենք այդպես մտածում, պատվիրատո՞ւն է անճաշակ, ճարտարապե՞տը, թե՞ մեկ այլ տիրույթում է պետք փնտրել պատճառը։

Որպեսզի ավելի հասկանալի լինի, պարզաբանենք հետեւյալը։ Ցանկացած տեսակի կառուցապատման գործընթաց կարգավորվում է օրենքով սահմանված նորմերով եւ ընթացակարգով։

Եթե դուք ապրում եք, օրինակ՝ բազմաբնակարան շենքի առաջին հարկում եւ ամբողջ կյանքում ձեր պապիկից ժառանգած բնազդով անպայման ուզում եք հողամաս ունենալ, որտեղ՝ ծառի շվաքում կկարողանաք հանգիստ գարեջուր խմել եւ նարդի խաղալ, ապա առաջինն, ինչ դուք մտածում եք՝ սեփականաշնորհել կամ զավթել ձեր պատուհանի դիմացի հողակտորը։ Պատուհանը դարձնում եք դուռ, ինչը գործնականում նշանակում է քանդել շենքի արտաքին, երկաթբետոնե պանելային պատը, հետո տարածքը ցանկապատում ենք: Իսկ եթե մի քանի մետր հեռավորության վրա «սովետից» ժառանգություն ստացած մետաղական մի ավտոտնակ ունեք, ապա կամաց-կամաց սկսում եք այն երկհարկանի առանձնատան վերածել՝ առաջին հարկում ավտոլվացման կետ կամ մթերային խանութ ունենալու հեռանկարով։ Հավատացեք, ճիշտ նույն կերպ է մտածում Երեւանի կենտրոնում, քարե հինգհարկանի, «թամանյանական» շենքի վերջին հարկի բնակիչը։ Նա էլ կարծում է, որ իրավունք ունի մանսարդային մի հարկ ավելացնել, հատկապես, որ հարեւանն արդեն դեպի տանիք տանող առանձին վերելակ է տեղադրել։ Այսպես են մտածել նաեւ Երեւանի կենտրոնում բազմաբնակարան շենքեր կառուցողները, գրեթե բոլոր շենքերի առաջին հարկերն ու դրանց տակի նկուղները սեփականաշնորհողները, նրանք, ովքեր խանութներ, գրասենյակներ կամ սրճարաններ են բացել։

Այս բոլոր դեպքերում քաղաքացին, գործարարը շրջանցել կամ խախտել է օրենքը, դրանով սահմանված քաղաքաշինական նորմերը, որովհետեւ հե՛նց օրենքի պահապանը, այս դեպքում՝ համայնքապետը, թաղապետը, քաղաքապետը, ինքն է թույլատրել, հաստատել այդպիսի կառուցապատումների նախագծերը։ Հնարավոր մեկ այլ դեպքն էլ փաստաթղթերի եւ իրականում կառուցածի անհամապատասխանությունն է։ Սա էլ նշանակում է, որ չեն գործել վերահսկողության գործառույթները ապահովող պետական մարմինները, ավելի ճիշտ՝ գործել են, սակայն բոլորովին այլ մեթոդներով եւ այլ նպատակներով։

Պետք է իմանալ, որ ցանկացած կառուցապատման գործընթաց սկիզբ է առնում «Ճարտարապետահատակագծային առաջադրանք» կոչվող փաստաթղթից։ Պատվիրատուի ցանկություններից մինչեւ ճարտարապետի կամ շինարարի երեւակայություն կապօղակում ահա ա՜յս փաստաթուղթն է, որ կոչված է ապահովել բոլոր կողմերի շահերը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում ձեր ապագա շինության էսքիզային նախագիծը այս փաստաթղթի համարժեք գործառույթները ապահովող պետական մարմին ներկայացնելիս ի պատասխան դուք  ստանալու եք շուրջ 50%-ով պատրաստ նախագիծ, այսինքն՝ պետությունը, օրենքը անմիջապես սահմանելու են բոլոր այն նորմերը, որոնց շրջանակում կարող եք իրականացնել ձեր նախագիծը։ Ավելին, երբ պատրաստվում եք գնել կամ վարձակալել որեւէ տարածք, դուք նախապես կարող եք ստանալ այդպիսի մի փաթեթ, որը լիարժեք կծանուցի այդ տարածքում կառուցապատում իրականացնելու բոլոր հնարավորությունների մասին։

Իսկ ինչպե՞ս է գործել կամ դեռեւս գործում այս համակարգը Հայաստանում։ Առավել առարկայական լինելու նպատակով մեջբերենք ՀՀ կառավարության՝ ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին որոշման հավելվածի 2-րդ կետը․ «Ճարտարապետահատակագծային առաջադրանքը փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպես նաեւ քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության եւ այլ նորմատիվ պահանջներին համապատասխան սահմանում է տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության օբյեկտի նախագծման եւ շինարարության պարտադիր պայմանները եւ սահմանափակումները»։

Սա, ինչպես ասում են՝ թղթի վրա, իրականությունը, սակայն, տարիներ շարունակ բոլորովին այլ է եղել: Սկսած հողահատկացման, սեփականաշնորհման, շինարարական գործունեություն ծավալելու չափորոշիչներից (քաղաքաշինական, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային եւ այլն) եւ թույլտվություններից մինչեւ շինարարության ավարտական ակտերի տրամադրման գործընթացները անխըտիր բոլոր պատասխանատու պետական մարմինները մեծամասամբ գործել են հարցը ծանոթով կամ կաշառք վերցնելու միջոցով լուծելու սկզբունքով։ Սրա՛ արդյունքում է, նախեւառաջ, աղճատվել, աղավաղվել Երեւան քաղաքի կամ հանրապետության այլ բնակավայրերի ճարտարապետական դիմագիծը։ Քաղաքապետից մինչեւ շարքային տեսուչ տարիներ շարունակ գործել են քաղաքաշինական նորմերը անտեսելու, շրջանցելու, աջուձախ շինթույլտվություններ բաժանելու, իսկ կառուցապատման ընթացքն ու վերջնարդյունքը վերահսկելու գործընթացը աչքակապությամբ կոծկելու մեթոդով։ Նույնիսկ ամենամեծ երեւակայությունը չի հերիքի պատկերացնելու, թե ինչպիսի ծավալի են հասել այս ոլորտի ապօրինությունները եւ համակարգված կոռուպցիայի դրսեւորումները։

Քաղաքային նոր իշխանությունների գլխավոր խնդիրն, ըստ այդմ, պետք է լինի ոլորտի եւ դրա պատասխանատու պետական մարմինների գործունեության արմատական վերանայումն ու վերափոխումը։ Ցանկացած քաղաքապետի, թաղապետի կամ գյուղապետի խնդիրն է ապահովել իրենց համայնքների մասնագիտական բաժինների այնպիսի ինքնուրույն եւ անկախ աշխատանքային մթնոլորտ, որ երբ ղեկավար մարմնի հաստատմանը ներկայացված նախագծային փաթեթի վրա համապատասխան բոլոր բաժինների մասնագիտական եզրակացությունները մակագրված լինեն՝ «Ենթակա չէ հաստատման», թե՛ քաղաքացին, որ դիմում է կառուցապատման թույլտվություն ստանալու համար, թե՛ քաղաքապետը, որ պատրաստվում է ստորագրել այն, միանգամից գիտակցեն, որ շրջանցել օրենքի գերակայությունը պարզապես անհնար է։ Սրա համար, այո՜, տքնաջան եւ նվիրյալ աշխատանք է պահանջվում, բայց, առաջին հերթին՝ քաղաքական կամք, առանց որի հեղափոխությունը շատ արագ կշրջանցի քաղաքաշինության բնագավառը, իսկ այլանդակ եւ ապօրինի կառուցապատումներն էլ չեն դադարի եւ ավելի կխորացնեն ճարտարապետական կերպարի աղավաղման արատավոր գործընթացը։

Ինչպես տեսնում եք՝ խնդրո առարկան փոխկապակցված է բազմաթիվ ոլորտների եւ մասնագիտական բնագավառների գործառույթների պահպանման եւ կատարելագործման հետ, դժվար եւ ծանր, բայց հրատապ մի գործ, որը պետք է սկսի ցանկացած նոր քաղաքային իշխանություն։