17.09.2018 13:57

Լիզա Ճաղարյան. Անպատկառության վայրի արշավանքի վերջը չի երեւում

Լիզա Ճաղարյան. Անպատկառության վայրի արշավանքի վերջը չի երեւում

Փաստորեն, քսան տարի շարունակ մեր պետությունը ղեկավարողները ոչ միայն հանցագործ, մարդասպան ու թալանչիներ էին, այլեւ այս մարդիկ ակնհայտորեն ունեցել են հոգեկան լրջագույն խնդիրներ, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները, որքան էլ որ դժգոհեն ՀՀԿ-ականներից՝ պետությունը բզկտելու համար, նաեւ ամեն առավոտ պետք է փառք տան Աստծուն առավել սահմռկեցնող փորձանքներից մազապուրծ լինելու համար։

Ձեր շուրջը նայեք ու տեսեք՝ ինչ է կատարվում։ Քոչարյանը շաղակրատում է արդարադատությունից, մարդկայնությունից ու խղճից, Աբրահամյան Հովիկը ցնցված է, որ կասկածում են իր ազնվությանը, Աշոտյանն ընդվզում է ընդդեմ ընտրախախտումների, Շարմազանովն աղաղակում է ընդդեմ բռնությունների, Արփինե Հովհաննիսյանը, Կոստանյան Գեւորգն ու Հարությունյան Դավիթն էլ՝ ձեզ նվեր, սրանք էլ արդարադատության մահն են գուժում, Եսայան Մարգարիտը «հոգեբանական բռնության» է ենթարկվել եւ բարոյականության մասին է հեծեծում, Հարությունյան Գագիկը դատավորների անկաշառության ու անաչառության մասին բաժակաճառ է ասում... Նույնիսկ Սաշիկն է ոտքի ելել ու գրագետ շարադրել իր «արդար» բողոքը։

Եվ էս բոլորը միաբերան պնդում են, որ Հայաստանում կոռուպցիա չի եղել իրենց օրոք, եւ բոլորը՝ Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալից սկսած, հարստացել են փադիշահի պես... արդար քրտինքով, սկսել են զրոյից ու կուտակել միլիոններ եւ միլիարդներ։

Թե ոնց է պատահել, որ Հայաստանում «արդար քրտինքով» հարստացողների 99,9 տոկոսը միմիայն իշխանական օղակի առաջին դեմքերն ու նրանց ընտանիքներն են կամ սրանց մի քանի կամակատարները՝ քրեական հարուստ կենսագրությամբ, այս «հրաշքի» մասին համեստորեն լռում են քոչարյանական սազանդարները եւ ՀՀԿ-ական դամքաշները։

Լռում են նաեւ այն մասին, թե ոնց է պատահել, որ Հայաստանում բազմաթիվ շարքային քաղաքացիներ փորձել են բիզնեսով զբաղվել, ի դեպ՝ զրոյից չեն սկսել քոչարյանական «համեստագույն» ընտանիքի նման։ Ոչ, այս մարդիկ կամ վարկ են վերցրել, կամ հաջողել են ինչ-որ գումար խնայել եւ ոչ միայն չեն հարստացել, այլեւ հայտնվել են անելանելի վիճակում, ստիպված բնակարան են վաճառել ու գաղթի ճամփան բռնել՝ օտար ափերում օրվա հաց վաստակելու համար։ Կամ՝ մնացել են Հայաստանում եւ մի կերպ գոյություն են քարշ տալիս։

Լռում են նաեւ այն մասին, թե ոնց է պատահել, որ իրենք ահա՛ այսքան ազնիվ են եղել, այսքան անկաշառ, հարստացել են արդար քրտինքով՝ զրոյից, դատել են արդար, սպանել են «անզգուշորեն քաշքշելով», բայց Հայաստանի քաղաքացիները, չգիտես ինչու, ատում են իրենց ինչպես ոխերիմ թշնամուն, ինչպես վայրագ ոսոխին կատեին։  

Լկտիության ու անամոթության այս վայրի արշավանքը մինչեւ ե՞րբ է շարունակվելու։ Մինչեւ ե՞րբ է Հայաստանի քաղաքացին իր օրն սկսելու նախկին իշխանավորների հերթական բարբաջանքը լսելու կամ կարդալու՝ արդարության, ազնվության, անկաշառության ու սրանց նման արժեքների մասին, որոնք հենց իրենք են տարիներ շարունակ ոտնահարել ու ոչնչացրել։

Մինչեւ ե՞րբ է ամեն օր ստիպված լինելու համոզվել, որ այս սրիկաները, գողերը, թալանչիներն ու մարդասպանները ժամ առ ժամ ավելի ու ավելի են անպատկառանում։

Մինչեւ ե՞րբ է Հայաստանի քաղաքացին այս անհեթեթ վիճակը հաղթահարելու, անզորության զգացումից խուսանավելու համար կառչելու այն միակ փրկարար օղակից, որ՝ չէ, սրանք հաստատ հոգեկան հիվանդներ են։