19.09.2018 14:25

Լիզա Ճաղարյան. «Օգնողների» մրափած արժանապատվությունը «ծառս է եղել»

Լիզա Ճաղարյան. «Օգնողների» մրափած արժանապատվությունը «ծառս է եղել»

Դյուրաբորբո՞ք մարդ է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե։

Զայրացած պահերին կարո՞ղ է ասել ինչ-որ բան, ինչը չէր ասի, եթե այդքան զայրացած չլիներ։ Կարող է։

Իր դյուրաբորբոքությունը հրապարակային պայքարի ընթացքում թաքցրե՞լ է։ Ո՛չ։

Այսինքն, Հայաստանի հանրությունը նո՛ր չի պարզել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դյուրաբորբոք մարդ է եւ երբեմն կարող է մտքեր արտահայտել, որոնք չբարձրաձայնելը գերադասելի կլիներ։

Առավել եւս դա նո՛ր չեն պարզել Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինք կազմած «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների կարկառունները։ Բայց այս փաստը բոլորովին չխանգարեց այս շատ խաղաղասեր եւ անչափ հավասարակշռված կուսակցություններին՝ դաշինք կազմել «քաղաքացիականների» հետ եւ հայտնվել խորհրդարանում։

Իսկ ահա իր «քայլը» սկսած ՔՊ-ականներին այս երկու ուժերը մենակ թողեցին։ Որքան էլ հիմա հետին թվով հոխորտան, որ պայքարում էին նրանց հետ ուս-ուսի, հավատացող գտնելն է դժվար։ Մութ չէր՝ տեսնում էինք, խուլ չէինք՝ լսում էինք։ Հիշողության կորուստ էլ չունենք՝ հիանալի հիշում ենք, թե երբ միացան։ Միացան այն ժամանակ, երբ բոլորին էր արդեն հասկանալի, որ իշխանության հիմքերը խարխլվել են, մինչ այդ հարցազրույցներ էին տալիս ՔՊ-ականների մոտալուտ պարտության մասին։

Եկանք հասանք Երեւանի ավագանու ընտրություններին։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն այս քարոզարշավի իր ելույթներից մեկում ասաց՝ օգնեցինք Նիկոլին։ Այսինքն, երեսով է տալիս, թե օգնեցին խորհրդարանում, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի։ Իսկ ուրիշ ճար ունեի՞ք։ Եթե իր իշխանությունը երկարաձգելու համար նույնիսկ Սահմանադրություն փոխած Սերժիկ Սարգսյանն ստիպված եղավ հրաժարական տալ, եթե այս Սերժիկ Սարգսյանի անձնական օգտագործման ՀՀԿ-ն ստիպված եղավ «օգնել» Նիկոլ Փաշինյանին, դուք ո՞նց էիք պատկերացնում ձեր «չօգնելը»։ Ազգային ժողովի բոլո՛ր ուժերն էլ «օգնեցին», որովհետեւ այլընտրանք չունեին։ Իսկ այլընտրանք չունեին, որովհետեւ Հայաստանի հասարակությունը ոտքի էր կանգնել եւ նահանջելու մտադրություն չուներ։

Կարճ ասած, բոլոր ԱԺ-ականներդ օգնել եք ինքներդ ձեզ, միմիա՛յն ձեզ՝ համաժողովրդական իններորդ ալիքի վրա տաշեղի պես չտարուբերվելու ու վերջնականապես չխորտակվելու համար։

Հետո՞։

Հետո չխորշեցիք այդ դյուրաբորբոք Փաշինյանի կառավարությունում ծվարելուց։

Իսկ հետո, երբ ալիքը մի քիչ պղտորվեց, երբ թալանչիների ու մարդասպանների անդորրը խաթարվեց, եւ սրանք սկսեցին ատամ ցույց տալ նոր կառավարությանը, երբ նախկինների լկտի հակահարձակման պահին իրոք օգնության եւ աջակցության կարիք ունի Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ հանկարծ ձեր եւ մնացած «օգնողների» մրափած արժանապատվությունը «ծառս եղավ»։

Ծանոթ իրավիճակ է։ Երբ Հայ ազգային կոնգրեսը հզոր էր, եւ հասարակության մեծամասնության աջակցությունն էր նրա թիկունքին, դուք այն ժամանակ էլ էիք «օգնում» Կոնգրեսին։ Իսկ երբ իշխանական նենգ քարոզչությունն իր սեւ գործն արեց, երբ աննախադեպ բռնությունները Շարժման սլացքը կասեցրին, դուք մեկ էլ հանկարծ «հասկացաք», որ Շարժման առաջնորդը անհրաժեշտ չափով «դյուրաբորբոք» չի, եւ ծլկեցիք «վաստակած հանգստի»՝ մինչեւ մի նոր ուժ հայտնվի։

Ինչու՞ եք այդպես խորախոցվել, պարոնայք եւ տիկնայք։ Ի՞նչ տեռորի մասին եք աղաղակում։ Ֆեյսբուքի եւ առհասարակ ֆեյքերի մասին նո՞ր եք տեղեկանում։ Երբ գրեթե ողջ լրատվական դաշտը եւ նույն Ֆեյսբուքն իր ֆեյքերով՝ տարինե՛ր շարունակ, հետեւողականորե՛ն առաջին նախագահի դեմ եղկելի վայրահաչոցներից պայթում էր, ինչու՞ չէիք հիշում «աննախադեպ» տեռորի մասին։ Եվ ի՞նչ անսպասելի բան է կատարվում այսօր Ֆեյսբուքում։ Կատարվում է այն, ինչ կատարվել է միշտ՝ Ֆեյսբուքի ստեղծման օրից։ Հասարակության մեծամասնությունը հավատում եւ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, եւ իրենց ընտրյալի դեմ հարձակումներին արձագանքում է՝ ըստ իր մակարդակի։ Իսկ ինչ է, չգիտե՞ք, որ մեր հասարակությունը բազմաշերտ է։ Մեկը հավասարակշռված է քննադատում, մեկը՝ բորբոքված, երրորդը՝ հայհոյում է։ Ո՞վ կարող է ֆեյսբուքյան հեղեղի դեմն առնել։ Ո՛չ ոք։ Ո՛չ այն միջազգային կազմակերպությունները, որոնց դռներն եք վերջին շրջանում պլոկում, ոչ էլ Նիկոլն է ունակ իր համակիրների բերանը փակելու։  

Եվ այսպես, դյուրաբորբոք Նիկոլ Փաշինյանն ասել է՝ տեղեկություններ կան, որ ինչ-որ ուժեր վարագույրի հետեւում համագործակցում են սեւ ուժերի հետ՝ նոր կառավարությանը պարտության մատնելու համար։ Ասել է։

Իսկ այսօրվա ձեր որդեգրած կեցվածքով դուք նույնը չե՞ք ապացուցում։ Քսան տարի շարունակ այս երկիրն անգթորեն ասպատակողներին, Մարտի 1-ի դահիճներին «սպիտակեցնելու» ձեր ապաշնորհ փորձերն ուրիշ ի՞նչ են վկայում՝ բացի դյուրաբորբոք վարչապետի արած հայտարարությունից։  

Ուզում եք ասել՝ չե՞ք գիտակցում, որ թուլացնելով նոր կառավարությանը, ուժեղացնում եք նախկիններին եւ ճանապարհ հարթում նրանց վերադարձի համար։ Եթե այս պարզ բանը չեք գիտակցում, ի՞նչ գործ ունեք քաղաքականության մեջ։

Ուզում եք ասել՝ դյուրաբորբոքությունը վա՞տ բան է։ Չէի ասի, թե հրաշալի բան է, բայց նախկիններին էլ դեռ չենք մոռացել։ Ո՛չ քոչարյանական սառնասիրտ չարագործությունները, ոչ էլ՝ սերժիկսարգսյանական «խաղաղասիրական» հանցագործությունները։ Եվ հիմա այդ «հավասարակշռվածների» կուտակած աղբն ենք մաքրում։ Ու վերջը չի երեւում։ Զարհուրելի չափերի հասնող աղբակույտ է։

Դուք մոռացել եք։ Զարմանալի չէ։ Նաեւ՝ անսպասելի չէ։ Ժամանակ առ ժամանակ հա՛ էլ հիշողության կորուստ եք ունենում։ Նայած թե, ըստ ձեզ՝ քամին ո՛ր կողմից է ուժեղ խփում։

Վստահ եմ, առաջիկա ընտրության օրը հասարակությունը կթարմացնի ձեր մթագնած հիշողությունը, որովհետեւ այդ նույն հասարակությունը բարեբախտաբար չի մոռացել, թե ինչ հրեշավոր չարիքից է ազատագրվել, եւ թե վարագույրի հետեւում ինչպիսի չարչիական դավեր են նյութվում։