20.09.2018 13:08

Ինֆանտինոն զարմացած է ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակի ընտրությամբ

Ինֆանտինոն զարմացած է ՖԻՖԱ-ի լավագույն ֆուտբոլիստների եռյակի ընտրությամբ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն իր զարմանքն է հայտնել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի երեք հավակնորդների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ լավագույնի կոչման համար պայքարելու են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Մոհամեդ Սալահը։

«Ես իսկապես զարմացած եմ։ Լավագույն եռյակը ընտրվում է ֆուտբոլիստների, թիմերի ավագների, մարզիչների և հանրության կողմից։ Այս բոլոր կողմերը հավասարապես 25 տոկոս ունեն։ Ֆրանսիացի մի քանի ֆուտբոլիստներ ֆանտաստիկ Մունդիալ են անցկացրել, սակայն մենք պետք է ընդունենք, որ դա միակ մրցաշարը չէ։ Քվեարկության արդյունքները պետք է որպես իրողություն ընդունենք։ Գուցե դա ցույց է տալիս այն փաստը, որ Ֆրանսիայի ընտրանին իսկական թիմ էր Աշխարհի առաջնության ժամանակ, ու նրանցից ինչ-որ մեկին առանձնացնելու կարիք չկա։ Դա նրանց և Դիդիե Դեշամի ձեռքբերումն է»,-ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերն է մեջբերում Lequipe.fr-ն։

Լավագույն ֆուտբոլիստի անունը պարզ կդառնա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ։