20.09.2018 13:41

Ռուսաստանցիների 65 %-ն ամեն օր այցելում է համացանց

Ռուսաստանցիների 65 %-ն ամեն օր այցելում է համացանց

Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի հետազոտության՝ ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը (65%) ինտերնետ է մտնում ամեն օր: Համացանցից տարբեր հաճախականությամբ օգտվում է ռուսաստանցիների 80 %-ը, 4 %-ը՝ շաբաթը կամ ամիսը մի քանի անգամ, շատ հազվադեպ՝ 2 %-ը:

Ինտերնետում ամենաակտիվը 18-24 տարեկան մարդիկ են՝ 97 %-ը դրանից օգտվում է ամեն օր: Օգտատերերի մեծ մասը այնտեղ է այցելում աշխատանքի կամ ուսման բերումով՝ 44%-ը: 42 %-ն օգտվում է մեդիակայքերից:

Հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիները սոցցանցերում սկսել են ավելի քիչ շփվել ընկերների հետ: Այդ ցուցանիշը 2014 թվականի 31 %-ից իջել է 28-ի՝ 2018-ին: Օգտատերերը նաև ավելի հազվադեպ են նոր ծանոթներ փնտրում ինտերնետում (16%-ից՝ 4%): Նվազել է նաև օնլայն խաղերով զբաղվողների թիվը. այժմ դրանք գրավում են 9 % ռուսաստանցիների՝ 2014 թ. 18 %-ի դիմաց:

Մարտին «Լևադա-կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքներով՝ հեռուստացույցը տեղեկատվության հիմնական աղբյուրն էր ռուսաստանցիների 85 %-ի համար: Ինտերնետ-լրատվամիջոցներն իրենց տեղեկատվության հիմնական աղբյուրն էր համարել 27 %-ը:

Փոխանցում է kommersnt.ru-ն: