24.09.2018 13:13

Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի քաղաքական ուժերի հետ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների հարցով

Աշխատանքային այցով  Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ի երեկոյան հանդիպում է ունեցել Նյու Յորքի, ինչպես նաև ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Փաշինյանն անդրադարձել է նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Մասնավորապես, զուգահեռ անցկացնելով երեկ կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ՝ Փաշինյանը նշել է, որ կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան շատ ձայն, բայց այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել:

«Ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

«Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: …

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,-  ասել է վարչապետը: