24.09.2018 17:13

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են

Երեւանի ավագանու ընտրությունները չափազանց կարեւոր էին, նախեւառաջ՝ քաղաքական իմաստով: Քաղաքական՝ հեղափոխության հաղթանակի իմաստով: Հեղափոխությունը եղել է, բայց գիտենք բոլորս՝ չի ավարտվել դեռ: Քանի դեռ հին իշխանության ներկայացուցիչները նստած են խորհրդարանում ու նաեւ դրա շնորհիվ վերահսկում են դատական իշխանություններին ու այլ մարմինների, նշանակում է՝ հեղափոխությունը ընթացքի մեջ է:

Եւ ուրեմն, տրամաբանական է, որ այս՝ հետհեղափոխական առաջին՝ ավագանու ընտրությունները չէին կարող լինել զուտ  ՏԻՄ ընտրություններ, որտեղ կարեւոր կլինեին միայն աղբահանության կամ վերելակների հարցերը: Դրանք, անշուշտ, կարեւոր, չափազանց կարեւոր հարցեր են, բայց դրանք ինքնին չեն կարող լուծվել, որովհետեւ հետեւանք են, եւ, ուստի, մինչեւ ամբողջությամբ չապամոնտաժվի իշխանական հին՝ ապակառուցողական համակարգը, ամեն օր ստիպված ենք լինելու լծվել ոչ թե նորը ստեղծելու, այլ հետեւանքներ վերացնելու գործին:

Եւ հենց այդ պատճառով էլ այս ընտրությունները քաղաքական էին ամբողջապես ու չէին կարող այդպիսին չլինել: Որովհետեւ չի կարող պատահել այնպես, որ երկրում հեղափոխություն տեղի ունենա, բայց այն հաստատվի տեղ-տեղ կամ մասնակի: Եւ քաղաքացիները դա հասկանում են: Ճիշտ է, որոշ քաղաքական ուժեր դա կամ չեն հասկանում, կամ չեն ցանկանում հասկանալ, կամ չհասկանալու են տալիս, բայց դա այլ հարց է: Որովհետեւ բնական է, որ նրանք էլ հետհեղափոխական «տորթի» իրենց բաժինն են ցանկանում, պարզապես դա պահանջում են ոչ թե ժողովրդից, այլ՝ հեղափոխական իշխանությունից: Հենց այդ պատճառով էլ թերեւս պատասխանը ստացան իրական հասցեատիրոջից՝ ժողովրդից, որը հստակ բացատրեց, որ քանի դեռ հեղափոխությունն ընթացքի մեջ է, իրենք հեղափոխություն են անելու, եւ վերջ: Հաջորդ քայլն, այսպիսով, արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, եւ երեկվա քվեարկությունն այն խթանն էր, որն է՛լ ավելի արագացրեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տալու գործընթացը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ ավելի ակնառու դարձրեց դրա անհրաժեշտությունը:

Քվեարկության արդյունքները դրա լավագույն ապացույցն էին, եւ հիմա ուզած- չուզած՝ քաղաքական ուժերը ստիպված պետք է մտնեն ժողովրդի թելադրած  օրակարգի մեջ: Այդ հարցում, կարծես թե, ձեւավորվում է կոնսենսուս, անգամ այն ուժերի կողմից, ովքեր մասնակցելով ավագանու արտահերթ ընտրություններին՝ օրեր առաջ հայտարարում են, թե իրենք դեռ կմտածեն՝ կքվեարկե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար, թե՞ ոչ: Նրանց ստացած տոկոսները հասկացրին իրենց, որ այո, պետք է քվեարկեն:

Միակ դիմադրող ուժը հիմա կարծես ՀՀԿ-ն է, որը դեռ շարունակում է պնդել, թե արտահերթի անհրաժեշտություն չի տեսնում, ճիշտ է՝ արդեն ոչ նախկին ինքնավստահ տոնով: Եւ որպես, այսպես ասած՝ «հիմնավորում»՝ բերում են այն, թե իբր քվեարկության մասնակցության տոկոսը ցածր է եղել,  ավելի քան 50 տոկոսը ընտրություններին չի մասնակցել:

Սա արդեն հիմնավորում էլ չէ, սա փրփուրներից կախվել է նշանակում, որովհետեւ, նախ՝ մեկ տարի առաջ նույն ՀՀԿ-ականները «հաղթեցին» Երեւանի ավագանու ընտրություններում ավելի ցածր մասնակցության պարագայում, եւ դա այն ժամանակ ՀՀԿ-ականներին առանձնապես չէր հուզում, ապա՝ բոլորին էլ հայտնի է, որ ընտրացուցակներում եղած ոչ բոլորն են ապրում Հայաստանում, երկրից արտագաղթած, բայց ՀՀ անձնագրից չհրաժարված շատ անձինք դեռ ընտրացուցակներում են (ՀՀԿ-ականները, ավելի լավ է ՝մտածեն այն մասին, որ իրենց իշխանության արդյունքում մարդկանց ստիպել են գաղթել երկրից): Եւ ապա, նախկին ընտրություններում իրենք մասնակցություն ապահովում էին հազարներով մարդկանց տեղամաս «բերման ենթարկելով»: Այս անգամ մարդիկ եկել են ինքնակամ, առանց կաշառքի, իրենց, այսպես ասած՝ ոտքով, կամքով: Հետեւաբար՝ մասնակցային թվերը մատնանշելը պարզունակ մանիպուլյացիա է:

Նիկոլ Փաշինյանն արդեն Նյու Յորքից հայտարարել է, որ Հայաստան ժամանելուն պես բանակցություններ է սկսելու խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տալու համար: Սա հեղափոխությունն ավարտին հասցնելու վերջին ու վճռական քայլն է լինելու, եւ արտահերթ ընտրությունները այլընտրանք չունեն: Որքան էլ որ հին իշխանության մնացորդները փորձեն դիմադրել: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինելու են:

Քրիստինե Խանումյան