25.09.2018 11:33

Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նյու Յորքում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Ինչպես փոխանցում են կառավարության մամլո ծառայությունից,  Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև սերտ և ամուր համագործակցությունը` ՄԱԿ-ի հռչակած արժեքների պաշտպանության և ամրապնդման գործում:

Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը նպաստում է մեր երկրում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու հույս հայտնել, որ այդ ծրագրերը ոչ միայն կկրեն շարունակական բնույթ, այլ նաև կստանան նոր ազդակներ:

Գուտերեշը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա: Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանում իշխանությունը խաղաղ փոխանցելու գործընթացը փայլուն օրինակ է և հույս հայտնել, որ մեր երկիրը կընթանա վերընթաց զարգացման ճանապարհով` իրականացնելով նորանոր բարեփոխումներ տարբեր ուղղություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ և կարևորել այնպիսի բարեփոխումների իրականացումը, որոնք նույնիսկ տեխնիկապես կբացառեն ընտրախախտումների հնարավորությունները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցություն ցուցաբերելու համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում Գուտերեշը անդրադարձել էր նաեւ Հայաստանին՝ նշելով. «Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»: