21.01.2013 23:50

Սերժ Սարգսյանը նորից «ոնց որ լռիվ խառնել ա սաղ»

Սերժ Սարգսյանը նորից «ոնց որ լռիվ խառնել ա սաղ»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Սերժ Սագսյանը շաբաթ օրը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին, որտեղ բավականաչափ ուշագրավ հայտարարություններ է արել:

Ներկայացնենք դրանցից ամենաանհեթեթները:

 «Հայաստանում ընտրությունների ընթացքում դժվարություններ եղել են ոչ միայն հետխորհրդային տարիներին: Չեմ կարծում, որ խորհրդային տարիներին Հայաստանում իդեալական ընտրություններ էին անցկացնում, սա` մեկ: Եվ երկրորդ՝ միգուցե Ձեր տեսակետից առաջին նախագահական ընտրությունները քննադատության չեն ենթարկվել, բայց ես կարծում եմ, որ առաջին ընտրությունները շատ ավելի են քննադատվել, քան մեր վերջին ընտրությունները՝ ես նկատի ունեմ խորհրդարանական ընտրությունները»:

Առաջին անգամ ՀՀ նորագույն պատմության ընթացքում փորձ է արվում կասկածի տակ առնել առաջին նախագահական ընտրությունները, որոնք ինչպես հայտնի է, համարվում են Հայաստանի ամենաարդար ընտրությունները: Եւ դա անում է ո՞վ: Մարդ, ով նախագահ է դարձել մարտիմեկյան սպանդի, քաղաքական հետապնդումների եւ ճնշումների գնով: Սա նորություն էր:


«Գիտեք, երբ որ ասում են, որ չկա ուժեղ մրցակից, երբ որ չկա մարդ, որ կարող է շատ ձայներ տանել, ես դրա հետ համաձայն չեմ։ Իսկ ո՞վ է ասել, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը, նույն Հրանտ Բագրատյանը, նույն Պարույր Հայրիկյանը, որոնք վաստակ ունեն եւ ճանապարհ են անցել, շատ ավելի հեշտ մրցակիցներ են, կամ ավելի քիչ փորձ ունեն բանավիճելու կամ հրապարակային խոսքի»։

Փաստորեն, կարող ենք արձանագրել,  որ Սերժ Սարգսյանի այս հարցազրույցի հիմնական նպատակներից մեկը հենց այս միտքն արտաբերելն էր: Ասել է թե, այս ընտրությունների մրցակցային լինելու մեսիջը հանրությանը հասցնելու ծանր գործը Սարգսյանն անձամբ էր ստանձնել: Փաստորեն, հեռուստաընկերությունների, իշխանական կայքերի եւ քաղաքական գործիչների ջանքերը որեւէ արդյունք չեն տվել, եւ Սարգսյանը որոշել է ինքը անձամբ համոզել հանրությանը, թե ընտրությունները մրցակցային են լինելու:


«Այսօր ՀՀ ՏԻՄ ղեկավարների 70 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցության անդամներ են, եւ որքան էլ փորձենք ասել, որ դա իշխանական ռեսուրսի օգտագործում է, ես դրա հետ չեմ կարող համաձայնել: Մարդիկ այնտեղ էլ քաղաքական պայքար են մղել եւ ղեկավար դիրք են ստացել: Իսկ ինչո՞ւ իրենց այդ ղեկավար դիրքը, ես նկատի ունեմ իրենց հեղինակությունը, եւ ոչ թե ակումբ տրամադրելու կամ չտրամադրելու հնարավորությունը, չպիտի օգտագործեն հանուն իրենց կուսակցության, կամ իրենց կուսակցության թեկնածուի հաղթանակը ապահովելու»:

Սա առնվազն հանցագործության մասին հաղորդում է, եւ ոստիկանությունը պետք է լուրջ զբաղվի այդ հաղորդմամբ: Ի վերջո, մարդը բացահայտ խոսում է այն մասին, որ տեղի է ունենում պաշտոնեական դիրքի չարաշահում:


«Դուք ասում եք՝ իշխանությունները բռնություն գործադրեցին: Բայց արդյո՞ք միայն իշխանությունները բռնություն գործադրեցին: Իշխանությունների համար բնավ դա պետք չէր: Ինչո՞ւ էր պետք իշխանություններին, երբ իշխանությունները ընտրություններում մեծամասնություն ունեին: Իշխանություններին պետք էր, որպեսզի ի՞նչ անեին․․․ մրոտեի՞ն ընտրությունների արդյունքները, իշխանություններին պետք էր, որպեսզի հավելյալ դժվարություննե՞ր ունենային»:

Սերժ Սարգսյանի միտքն, իհարկե, բավականին հետաքրքիր վայրիվերումներ է ապրում, սակայն, անհնար է չնկատել այն, որ նա բացահայտ ստում է: Բացի այն, որ բոլորին էլ հայտնի է, թե ովքեր են ուժ կիրառել Մարտի մեկին, չմոռանանք, որ անգամ աղվանհովսեփյանական դատախազությունը չկարողացավ ապացուցել Սարգսյանի խոսքերը, այլեւ հիմնականում, նաեւ նման մեղադրանքներով հանդես գալ:

«Ինչ վերաբերում է մոնոպոլիաներին, ես կցանկանայի, որ շատ-շատերը խորանային ու նոր եզրակացություններ անեին: Արդյոք դա միայն հայկական միջավայրի՞ց է կախված, արդյոք դա միայն Հայաստանի օրենսդրությունից կամ Հայաստանի իշխանությունների՞ց է կախված, թե՞ դա կա, բայց դրա հետ կան նաեւ այլ օբյեկտիվ պայմաններ, այսինքն՝ կոմունիկացիաների բարդություն, շուկաների անհասանելիություն եւ այլ հանգամանքներ»:

Իհարկե, Սարգսյանը ճիշտ է ասում, հո իշխանությունների ցանկությամբ կամ միջամտությամբ, կամ թողտվությամբ չէ, որ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկ Մինասյանը մոնոպոլիզացնում է տեղեկատվական ոլորտը, որ Սամվել Ալեքսանյանը շաքար ու ձեթ ներկրելու մոնոպոլիստ է, Բարսեղ Բեգլարյանը` բենզինի, Միխայիլ Բաղդասարովը իրենով է արել ազգային ավիափոխադրումները եւ այլն, եւ այսպես շարունակ:


«Երբ խոսքը վերաբերում է նոր  բիզնես սկսելուն, փոքր, միջին բիզնեսի զարգացմանը, ուզում եմ, որ բոլորը վերջնականապես քաջություն ունենան հրապարակավ ասելու, որ, այո, պետությունը ամեն ինչ պետք է անի, այո, իշխանությունները շատ բան պետք է անեն, բայց արդյոք բոլոր մարդի՞կ են, որ ի վիճակի են գործարարությամբ զբաղվել: Չէ՞ որ գործարարությամբ զբաղվելու համար որոշակի ջիղ, որոշակի կարողություններ են անհրաժեշտ, բայց որ մարդկանց 99 տոկոսը անպայման փորձում է զբաղվել գործարարությամբ, սա էլ բնական, հասկանալի ցանկություն է, եւ կարծում եմ` ողբերգություն չպիտի լինի, որ ոմանց դա չի հաջողվում:

Այստեղ Սարգսյանը ընդհանրապես ճշմարտությունն է ասում: Հո բոլորը չէ, որ իր եղբոր` Սաշիկ Սարգսյանի, փեսա Միշիկ Մինասյանի, իր կուսակցությունում եւ իր շրջապատում ծվարած օլիգարխների ու պաշտոնյաների նման գործարարական ջիղ ունեն: Ջիղ ունեն միայն նրանք, իսկ մյուսները, հասարակ մահկանացուները, փաստորեն, թամբալ են, անգյալ ու անտաղանդ:

 

«Այսօր այլեւս Հայաստանում որեւէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել: Դա մի կողմից ուրախացնում է, որ մարդկանց պահանջը մեծանում է, մի կողմից ուրախացնում է, որ ամենածայրահեղ դեպքում, եթե մարդն այլ ելք չունի, կգնա եւ 130, 140 հազար դրամով կաշխատի: Բայց մյուս կողմից էլ իրոք անհանգստացնող է, որովհետեւ մարդ եթե լիարժեքորեն աշխատում է, պետք է գոնե երկու անգամ, քան այսօր վճարում են մեր քաղաքացիներին, աշխատավարձ վճարեն, որպեսզի նրանք ցանկանան աշխատել»:

Այստեղ ընդհանրապես չենք էլ վիճի Սերժ Սարգսյանի հետ: Իհարկե, ՀՀ բնակչության զգալի մասը, գրեթե 35 տոկոսը, որը աղքատ է,աղքատ է ոչ թե ՀՀ իշխանությունների պատճառով, այլ որովհետեւ չեն ուզում աշխատել, այն էլ 150 հազար դրամից պակաս աշխատավարձով: Չեն ուզում ու վերջ: Անգամ 140 հազարով: Իսկ 140 հազարը գիտե՞ք ինչ մեծ գումար է: Դրանով Սերժ Սարգսյանի եղբոր որդին կարողանում է իր սիրեցյալի համար մի քանի տասնյակ հազար դոլարանոց ծաղկեփունջ գնել եւ տեղադրել Հյուսիսային պողոտայում, Սաշիկ Սարգսյանը դրանով տներ է կառուցում ԱՄՆ-ում, փեսան այդ գումարով նորանոր կայքեր ու հեռուստաընկերություններ է իրենով անում, իսկ ինքը` Սերժ Սարգսյանը դրանով եւ սնվում է, եւ թանկանոց շորեր հագնում, եւ մեկ մեկ հասցնում հասնել Բադեն-Բադեն կամ Մոնակո, եւ հին կահ կարասիներ ու արվեստի գործեր գնել: Մի խոսքով, մարդը հազիվ է ծերը ծերին հասցնում, եւ այդ ամենը ընդամենը 140 հազար դրամով: Ու քանի որ ինքը այդքան գումարով է ապրում, ինքն էլ հո բոլորից լավ է հասկանում, որ այդ գումարով լավ էլ կարելի է ապրել, հետեւաբար, ովքեր չեն ուզում, որ իրենց աշխատավարձը լինի այդքան, նորից թամբալ, անգյալ են, չեն ուզում աշխատել, եւ սովոր են միայն իրենց խնդիրները բարդել իշխանությունների վրա:

 

«Խոստումները միշտ էլ գոյություն ունեն քաղաքական կյանքում: Բոլոր ընտրությունների ժամանակ լինում են խոստումներ, լինում են մեծ խոստումներ, լինում են փոքր խոստումներ, բայց առաջատար ուժը մշտապես պետք է ձգտի ավելի բարձր չափանիշներ հաստատելու: Եվ եթե նույնիսկ այդ չափանիշներին չի հասնում, այնուհանդերձ դա ճիշտ է: Մի խոստում կա, որը ես համարում եմ վատ, եթե դու չես կատարում, եւ այդ խոստումը մենք տվել ենք մեր ժողովրդին. դա առավոտից երեկո, օրնիբուն աշխատելն է: Եվ ես կարծում եմ, որ մենք այդ խոստումը կատարել ենք: Որքանո՞վ է մեզ հաջողվել, միգուցե նույնիսկ ոչ մեր ցանկացածի չափ, բայց մենք մեր խոստումը կատարել ենք»:

Սա արդեն մտիքի ֆանտաստիկ թռիչք է: Նա փաստորեն ասում է, այո, խոստումները չեն կատարվում, բայց դե իշխող ուժը հենց դրանով է իշխող, որ պետք է ավելի շատ խոստանա, քան կանի, եթե անգամ խոստումները չի կատարում, միեւնույն է, պետք է տա այդ խոստումները:

 

«Երբ մեկ-մեկ խոսում են այն մասին, որ Հայաստանում արդարության, ազատության պակաս կա եւ այլն, դրա համար են մեր քաղաքացիները գնում, ես կտրականապես դրա հետ համաձայն չեմ: Ինչո՞ւ։ Որովհետեւ երբ նայում ենք աշխարհագրությունը, թե որ երկրներ գնացին մեր քաղաքացիները, ապա հստակորեն տեսնում ենք, որ ավելի շատ արդարություն ունեցող երկրներ չեն գնում: Հիմնականում գնում են բարձր աշխատավարձի ետեւից»:


Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը ինչպես կարձագանքեն այն երկրները, որտեղ որ հայերն ամենաշատն են մեկնում: Ինչպես հայտնի է, հայերը ամենաշատը արտագաղթում են ՌԴ, ԱՄՆ եւ Եվրոպա: Փաստորեն, Սերժ Սարգսյանը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պորտն է տեղը դնում: Այսինքն, ըստ Սարգսյանի ոչ ԱՄՆ-ում, ոչ Եվրոպայում Հայաստանից ավելի շատ արդարություն չկա: Այ դա նորություն էր: Սպասում ենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների արձագանքներին:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանը չի հանդարտվում, նա էլի նորից «ոնց որ լռիվ խառնել ա սաղ»:

Պարգեւ Ապրեսյան