01.10.2018 10:36

Գագիկ Ջհանգիրյան. Սկսենք Սահմանադրական հանրաքվեից

Գագիկ Ջհանգիրյան. Սկսենք Սահմանադրական հանրաքվեից

Այսօր հասարակական, քաղաքական շրջանակներում ու հարթակներում, յուրաքանչյուր ընտանիքում քննարկվող հիմնական խնդիրը ԱԺ-ի արձակման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն է։

Գործադիր իշխանության ներկայացուցիչները, նրանց համախոհ գործիչներն ու քաղաքական վերլուծաբանները, քաղաքական ակտիվ խմբերը համոզված են, որ ԱԺ-ն անհրաժեշտ է արձակել և խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, մինչև տարեվերջ։ Այս տեսակետը գերիշխում է հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո։

Գործադիր իշխանությունը հանձնած քաղաքական ուժի ներկայացուցիչներն ու նրանց թիկունքում դիրքավորված անհատներն ու ուժերը, նրանց սպասարկող քաղաքագետներն ու վերլուծաբանները՝ ընդհակառակը, հակված են գործող ԱԺ-ն հնարավորինս երկար պահպանելու (եթե հաջողի, ապա մինչև այս գումարման ԱԺ-ի ժամկետի ավարտը) կամ նոր ընտրություններն առնվազն եկող գարնանը կամ ամռանը անցկացնելու տեսակետին։

Երկու հակադիր այս դիրքորոշումների կողմնակիցներն էլ Սահմանադրական և իրավական փնտրտուքի մեջ են՝ իրենց տեսակետների հիմնավորման համար փաստարկներ գտնելու ակնկալիքով։

Բոլորին հետաքրքրող հիմնական հարցը հետևյալն է․ գործող Սահմանադրությունը ԱԺ-ի վաղաժամկետ արձակման հիմք կամ դեպք նախատեսո՞ւմ է, թե՞ ոչ։

Ակնհայտ է, որ ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքը այն միակ իրավիճակն է, երբ վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրում, և ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով։

Գործող Սահմանադրությունը ԱԺ-ի վաղաժամկետ արձակման այլ հնարավորություն, նորմ ու դրույթ չի պարունակում։

ԱԺ-ի վաղաժամկետ արձակման լրացուցիչ հնարավորություն նախատեսելու մասին օգոստոսի 17-ի հանրահավաքում բարձրաձայնեց վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ պատրաստ է հանրաքվեով Սահմանադրության մեջ ԱԺ-ի ինքնարձակման դրույթ ավելացնել և ապա հասնել այդ որոշման կայացմանը։

 Այս հարցում առավել ռադիկալ, արմատական դիրքորոշում ունեցողները առաջարկում են ԱԺ-ի արձակմանը հասնել բացառապես ժողովրդական ճնշման և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ու պատգամավորների ինքնահրաժարականի միջոցով։

 «Արտահերթի» հարցն առանձնահատուկ բծախնդրությամբ ու մանրամասն քննարկվում է նաև մասնագիտական, իրավաբանական շրջանակներում և լսարաններում։ Այդ քննարկումներում արտահայտված դիրքորոշումների ու մտահոգությունների մեծ մասը հանգում է ԱԺ-ի արձակման և նոր ընտրությունների նշանակման լեգիտիմ, օրինակարգ հիմքերի որոնմանը կամ ձևակերպմանը։

 Ինձ, որպես իրավաբանի՝ առավել ընդունելի է երկրում ստեղծված կնճիռը լուծել ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածով նախատեսված հանրաքվեի միջոցով, որպես ժողովրդաիշխանության իրականացման անմիջական և ունիվերսալ եղանակ։

 Քանի որ իշխանությունը հայտարարել է հանրաքվեի գնալու պատրաստակամության մասին, առաջարկում ենք հանրաքվեի դնել ոչ թե ԱԺ-ին ինքնարձակման հնարավորություն տվող մի դրույթ (որի ընդունման դեպքում նույնիսկ ԱԺ-ի կողմից ինքնարձակման որոշման կայացմանը հասնելը կրկին խնդրահարույց է լինելու), որը լավագույն դեպքում կլուծի միայն նոր ԱԺ-ի ընտրության հարցը, այլ լուծել բազմապատիկ ավելի մեծ ու կարևոր, համապետական ու քաղաքական խնդիր՝ հանրաքվեի դնել կիսանախագահական կառավարման ձևի Սահմանադրության նախագիծ, որի անցումային դրույթներով հնարավոր է լուծել ոչ միայն ԱԺ-ի արձակման ու նոր խորհրդարանական ընտրությունների նշանակման, այլև տասնյակ այլ հույժ կարևոր և այժմ անլուծելի դիտարկվող խնդիրներ։

 Հանրաքվեի առաջարկվող տարբերակը երկրում ստեղծված քաղաքական դիմակայությունն ու Սահմանադրական ճգնաժամն անցնցում ու անվտանգ, իրավական առումով բացարձակ անխոցելի հանգուցալուծելու, նոր, լեգիտիմ, օրինակարգ իշխանության ձևավորման լավագույն հնարավորությունն է։

 Կհարցնեք անշուշտ՝ ինչո՞ւ նորից վերադառնալ կառավարման կիսանախագահական ձևին, չէ՞ որ նոր ենք անցել կառավարման խորհրդարանական մոդելին։ Կամ մի՞թե Սահմանադրության նոր նախագծի մշակումը մեզանից երկարուձիգ ամիսներ չի պահանջի։

 Սկսեմ վերջից։ Հայաստանն ունեցել է կիսանախագահական կառավարման ձևի երկու Սահմանադրություն, որոնք երկուսն էլ բռնել են ժամանակի քննությունը, իրենց կիրառման քսան տարիների ընթացքում Սահմանադրական ճգնաժամի երբևիցե չեն հանգեցրել։ Մեր՝ մինչև օրս չգովազդված, հմուտ իրավաբան մասնագետների համար երկար ժամանակ չի պահանջվի՝ քաջատեղյակ լինելով այդ երկու փաստաթղթերի ուժեղ և խոցելի կողմերին, օգտագործելով նաև գործող Սահմանադրության համադրելի և հաջողված հատվածներն ու ինստիտուտները, երրորդ ավելի բարեփոխված տարբերակ մշակել։

 Այժմ անդրադառնանք առաջին հարցին։

 Որպեսզի կիսանախագահական կառավարման ձևին վերադառնալու մեր առաջարկը չդիտվի որպես քմահաճ ընտրություն, այլ լինի փաստարկված և հիմնավոր, եկեք միասին քննենք երկրում ստեղծված իրավիճակը։

 Որևէ կասկած չկա, որ երկիրը չորս-հինգ ամիս է, ինչ հայտնվել է Սահմանադրական խորը ճգնաժամի մեջ։

 Առաջին։ Թավշյա հեղափոխությունը, ի հեճուկս գործող Սահմանադրության, նախ նախկին վարչապետին պարտադրեց հրաժարականի, ապա վարչապետ կարգեց հեղափոխության առաջնորդին։ ԱԺ-ի՝ Ն․ Փաշինյանին վարչապետ ընտրելու քվեարկությունը խորհրդարանի՝ իրավունքի ուժով արձակումը կանխելու պարտադրված միջոց էր, որով ժողովրդի պահանջով ու որոշմամբ վարչապետ կարգված շարժման առաջնորդը Սահմանադրական արձանագրում ստացավ։

 ԱԺ-ում հայտնված քաղաքական մեծամասնությունը զրկվեց ՀՀ Սահմանադրության 149 հոդվածով սահմանված՝ իր նախընտրած անձին ՀՀ վարչապետ ընտրելու հնարավորությունից, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ «ընտրված» ԱԺ-ն բացարձակապես չէր արտահայտում ժողովրդի տրամադրություններն ու համակրանքը։

 Ժողովրդի մեծամասնության լիակատար վստահությունն ու աջակցությունը վայելող գործադիր իշխանության և դրանից մեծ մասամբ զուրկ օրենսդիր իշխանության հակադրությունը, ի վնաս պետական ու ազգային շահերի, ամիսներ ի վեր շարունակվում է, իսկ մեր գործող Սահմանադրությունը իրավիճակը շտկելու լուծում չի նախատեսել։

 Երկրորդ։ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ-ում կայուն մեծամասնության ձևավորումը պարտադիր է։ Կարելի է ասել, որ այս պահանջը բարձրացված է Սահմանադրական սկզբունքի աստիճանի, ոչինչ, որ աշխարհի՝ խորհրդարանական կառավարման մոդել ունեցող ոչ մի երկրի սահմանադրություն նման նորմ չի պարունակում։ Ընդ որում՝ «կայուն խորհրդարանական մեծամասնություն» հասկացությունը մեր ընտրական օրենսգիրքը նույնականացրել է քանակական մեծամասնության հետ, մինչդեռ «կայուն» եզրը հատկանիշ ու որակ է։

 Մեր կարծիքով՝ Սահմանադրության մեր հայրերը կառավարման խորհրդարանական համակարգերին հատուկ կառավարությունների կայունության ապահովման մեխանիզմները շփոթել կամ միտումնավոր տրանսֆորմացրել են ԱԺ-ում կայուն մեծամասնություն ունենալու հետ։

 Արձանագրենք, որ ՀՀ ԱԺ-ում մոտ երկու ամիս է, ինչ բացակայում է իբր կառավարության կայունությունը երաշխավորող «կայուն խորհրդարանական մեծամասնությունը»։ ՀՀ Սահմանադրությունը այս պարագայում կրկին լուռ է․ ինչպե՞ս պետք է վերականգնել այդ կայուն խորհրդարանական մեծամասնությունը, թե՞ կարող ենք շարունակել ապրել առանց դրա՝ ՀՀ Սահմանադրությունը պատասխան չունի։

 Վերը բացահայտված Սահմանադրական համակարգային արատներն ու խութերը ի հայտ են եկել նոր Սահմանադրության՝ ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելուց ամիսներ անց։ Վստահ եմ, որ առաջիկայում դեռևս թաքնված, չբացահայտված այլ լրջագույն բացերի ու հակասությունների պակաս չենք ունենալու, եթե ազգովի չհրաժարվենք այս «փորձանքից»։

 Կառավարման խորհրդարանական ձևին անցումն ի սկզբանե Հայաստանի համար հակացուցված էր։ Այդ մասին նախկինում տասնյակ ու հարյուրավոր անգամներ բարձրաձայնել ենք ու հիմնավորել։ Բայց իշխանությունն անդրդվելի էր։ Այժմ, արդեն որպես հիշեցում՝ կրկնենք․

 ա) Հայաստանում չկան կայացած քաղաքական ուժեր (բացառությամբ մեկ-երկուսի)՝ իրենց հստակ գաղափարախոսությամբ, աշխարհայացքով։ Կուսակցությունները, որպես կանոն, ձևավորված են իշխանության կամ խոշոր կապիտալի շուրջ։ Բազմակուսակցական համակարգը սնող և կայացնող միջին խավի տեսակարար կշիռը խիստ փոքր է։ Աղքատությունը, նույնիսկ պաշտոնական թվերով, 50% է։ Այդ իսկ պատճառով քաղաքական համակարգը անկատար է, քաղաքական մշակույթը ու ավանդույթները՝ թերզարգացած։ Թվարկված նախադրյալների բացակայությունը խորհրդարանական կառավարման համակարգի բնականոն ձևավորումն ու գործունեությունը անհնարին է դարձնում։

 բ) Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, և կենտրոնաձիգ ու մոբիլ գործադիր իշխանության համակարգ ունենալը, որը առավել հատուկ է նախագահական ու կիսանախագահական կառավարման մոդելներին, Հայաստանի անվտանգության համար կենսական խնդիր է։ Չպետք է մոռանալ նաև, որ մեր հարևանները (Թուրքիա, Ադրբեջան) որդեգրել և հետևողականորեն իրականացնում են կիսանախագահական կառավարման ձևի ամրապնդման քաղաքականություն։

 գ) Տարածաշրջանում Հայաստանն անդամակցում է միջպետական, անվտանգության, տնտեսական այնպիսի կառույցների (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՎՐԱԶԷՍ), որոնք, նախ և առաջ, այսպես ասած՝ նախագահների ակումբներ են, և փոքր Հայաստանի համար այդ հարթակներում առաջնային մանդատ ունեցող ՀՀ նախագահի կարգավիճակով ներկայանալը երկրորդական խնդիր չենք համարում։

 Այս թվարկումը կարելի է շարունակել, բայց վկայակոչված հիմնավորումները բավարար են՝ եզրակացնելու, որ խորհրդարանական կառավարման համակարգն այսօրվա Հայաստանի, նրա աշխարհաքաղաքական ու անվտանգության խնդիրների, տնտեսական զարգացման ցածր մակարդակի, կուսակցական ու քաղաքական համակարգերի անկատարության հետ որևէ աղերս չունի։

 Սահմանադրական փոփոխություններ կատարելու բուն անհրաժեշտությունը նախորդ իշխանությունների մոտ ծագել է հանկարծակի, այն նախապես ծրագրված չի եղել, ամենայն հավանականությամբ՝ Նախագահի «ժառանգորդ» օպերացիան խիստ ռիսկային համարելու կամ ինչ-ինչ պատճառներով այն ձախողելու հետևանքով։ Այսպես․

 ա) ՀՀ նախագահը 2012 թ. հունիսի 30-ի իր կարգադրությամբ հաստատում է «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը»։

 Այդ փաստաթղթում խոսվում է տասնյակ նյութական ու դատավարական օրենսգրքերի, այլ օրենքների մշակման ու դրանցում փոփոխություններ կատարելու ժամանակացույցի մասին՝ մինչև 2016 թ. ներառյալ։ Եվ ոչ մի խոսք ու հիշատակում չկա 2014 թ․ նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների մասին։

 Նույնիսկ ոչ իրավաբանի համար էլ ակնհայտ է, որ սկզբից բարեփոխում են Սահմանադրությունը, այնուհետև միայն օրենսդրությունը համապատասխանեցնում նոր Սահմանադրությանը, և ոչ թե հակառակը։

 Մեր տպավորությամբ՝ ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի համար նույնիսկ խորհրդարանական կառավարման ձևի անցման հանձնարարականը անակնկալ է եղել։

 Այդ հանձնաժողովի «ծառայական օգտագործման համար» գրիֆով Սահմանադրական բարեփոխումների 2014 թ. մարտի թվագրմամբ «Հայեցակարգը» ամբողջովին վերաբերել է 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրության կատարելագործմանն ու բարելավմանը։ Խորհրդարանական կառավարման ձևի մասին այդ փաստաթղթում հիշատակվում է մեկ -երկու կետում, որպես այս կամ այն մասնավոր խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակ։

 Մինչդեռ նույն «Հայեցակարգի»՝ G․I․Z․ կազմակերպության հովանավորմամբ հրատարակված տարբերակն արդեն ամբողջովին խորհրդարանական կառավարման ձևի Սահմանադրության նախագծին է նվիրված։

 Սահմանադրության կառավարման ձևի փոփոխության հիմնավոր որևէ սահմանադրա-իրավական հիմք ու պատճառ գոյություն չի ունեցել։ Եղել է Սահմանադրությունը իրական կյանքում լիարժեք կիրառելու, գործադրելու կամքի պակաս ու բացակայություն։

 Այդ մասին խոստովանում են նույն Սահմանադրական բարեփոխումների հեղինակները։

 «Հայեցակարգի» 2.4.1 կետի 6-րդ ենթակետում արձանագրված է. «Հետևողականորեն չի իրականացվում Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա 2-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի՝ «ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»։

 Այսինքն։ Այսօր փաստացի գործող Սահմանադրության հեղինակներն էլ են ընդունել, որ ժողովուրդը հետևողականորեն չի ձևավորում իր իշխանությունը, այդ իրավունքը նրանից խլված է։

 Հետևաբար, նախընտրական, ընտրական և հետընտրական լարվածությունները, պարբերաբար առաջացող բողոքի զանգվածային ալիքներն ու ժողովրդական շարժումները հետևանք են ոչ թե կիսանախագահական կառավարման ձևի թերությունների, այլ Սահմանադրության գործադրման, կիրառման քաղաքական կամքի բացակայության, բոլոր մակարդակների ընտրությունների արդյունքների պարբերական ու անխտիր կեղծումների։

 Եվս մի կարևոր ու անժխտելի հիմնավորում։ Չնայած որ 2005 թ. խմբագրությամբ Սահմանադրության ընդունմամբ՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման նվազագույն շեմը 1995 թ. խմբագրությամբ Սահմանադրության նախատեսած ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/3-ից նվազեցվել էր 1/4-ի, այնուամենայնիվ, 2015 թ. Սահմանադրական հանրաքվեն տապալվել էր։ Բավական է նշել, որ Սահմանադրության նախագծին «ոչ» էին ասել շուրջ 450 000 իրական ընտրողներ։ Չխորանալով թվաբանական հաշվարկների ու վերլուծությունների մեջ՝ նշենք, որ ժողովրդի գիտակցության մեջ Սահմանադրական հանրաքվեն արձանագրվեց որպես հերթական կեղծված ընտրություն։

 Ամփոփենք։

Կգնա՞ իշխանությունն առաջարկվող ճանապարհով, թե՞ կընտրի, նախևառաջ, Ազգային ժողովն արձակելու և խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու ուղին՝ Հայաստանի Հանրապետության շահերից բխում է օր առաջ հրաժարվել գործող Սահմանադրությունից:

Երեւանի ավագանու ընտրությունն ապացուցեց, որ Հայաստանն ի զորու է անցկացնել ժողովրդավարական, ազատ ու արդար ընտրություններ, եթե իշխանությունը դրանք չի կեղծում։ Նկատի ունենալով այս դրական փորձը՝ կարևորում ենք ժողովրդի իշխանության իրականացման անմիջական եղանակի՝ հանրաքվեի միջոցով հիմք դնել լեգիտիմ, օրինակարգ Սահմանադրությանը և իշխանությանը: