01.10.2018 13:39

Մի խոստովանության պատմություն

Մի խոստովանության պատմություն

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հանդես է եկել հրապարակումով, որում պնդում է, որ ներկա փուլում «ամայացած քաղաքական դաշտում» ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ միայն չեն լուծի Հայաստանի առջև կանգնած խնդիրները, այլև ավելի կխորացնեն դրանք։

Մի կողմ թողնենք, որ ԱԺ ընտրությունների հրամայականը բխում է այսօրվա Հայաստանի ներքաղաքական իրավիճակից։ Ինչը հասկանում է ցանկացած միջին վիճակագրական քաղաքացի, բայց չի հասկանում քաղաքական մտքի գիգանտ Վազգեն Մանուկյանը։

Մի կողմ թողնենք նաև այն պարզագույն ճշմարտությունը, որ երկիշխանության պայմաններում ոչ միայն ոչ մի երկիր չի զարգանում, այլև կանգնում է ավելի մեծ վտանգների առաջ։ Հայաստանը մեկ անգամ տեսել է երկիշխանություն, որն  ավարտվել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությամբ (ինչը, չգիտես ինչու, ժպիտ էր պարգևել ԱԺՄ առաջնորդին)։ Սա հասկանում է ցանկացած միջին վիճակագրական քաղաքացի, բայց չի հասկանում քաղաքական մտքի գիգանտ Վազգեն Մանուկյանը։

Փորձենք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե արտահերթ ընտրություններ չլինեն մոտ ապագայում։

-         Բարդանալու է մարտի 1-ի ոճրագործության լիակատար բացահայտումը։

-         Հնարավորություն է բացվելու Ռոբերտ Քոչարյանի և մարտի1-ը կազմակերպած մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար՝ ճողոպրելու արդարադատությունից։

-         Բարդանալու են կոռուպցիայի դեմ պայքարը և նախկին իշխանության կատարած հսկայածավալ թալանի ու այլ հանցանքների բացահայտումը։

-         Բարդանալու է օտարերկրյա ներդրումների ներգրավումը։

-         Շարունակվելու են հակահեղափոխական ճամբարի կողմից պետական կառավարման մեքենայի դեմ իրականացվող սաբոտաժները։

-         Մեծանալու է երկրի ներքաղաքական լարվածությունը։

-         Հայաստանում սեփական շահերն առաջ տանելու դաշտ է բացվելու դրսի խաղացողների համար։

Բոլոր վերը նշված հանգամանքները համընկնում են հակահեղափոխական ճամբարի շահերին և, հակառակը՝ հակոտնյա են Հայաստանի և հայ ժողովրդի շահերին ու իղձերին։ Եվ կրկին՝ սա հասկանում է ցանկացած միջին վիճակագրական հայ, բայց, չգիտես ինչու՝ չի հասկանում քաղաքական մտքի գիգանտ Վազգեն Մանուկյանը։

 

Բայց մենք կհանդգնենք կարծել, որ չի կարող Վազգեն Մանուկյանն այս պարզ բաները չհասկանալ։ Վերջիվերջո, քաղաքական մտքի գիգանտ է։ Հետևաբար՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն անհրաժեշտ է թարգամանել և կարդալ այսպես.

 

-         Ես՝ Վազգեն Մանուկյանս, հակահեղափոխականների ճամբարից եմ, բայց համարձակություն չունեմ դրա մասին հայտարարել ուղիղ։

-         ԱԺ արտահերթ ընտրությունները վերջ են դնելու իմ սիրելի հակահեղափոխականների ճամբարին, որոնց հետ ես 10 տարի համագործակցել եմ պաշտոնապես, և ևս 10 տարի՝ «ընդդիմության» կարգավիճակում։  Դրա համար ոտ ու ձեռ եմ ընկել։

-         ԱԺ արտահերթ ընտրությունները վերջ են դնելու նաև իմ «քաղաքական» կարիերային, իմ Հանրային խորհրդին. մեղք եմ, մի՛ արեք։

-         Ազատ արտահերթ ընտրությունները կենտրոնական գործոն են դարձնելու հասարակությանն ու քաղաքացուն, որի հետ ազնիվ խոսել ես այդպես էլ չսովորեցի։

Քաղաքական կարիերայի ավելի խղճուկ ավարտ դժվար էր պատկերացնել։

 

Հ.Գ.Եվ վերջում փորձեք հասկանալ Վազգեն Մանուկյանի հետևյալ միտքը. «Հետևաբար ի՞նչ է պետք անել: Առաջին՝ ընդունել օրենք կամ կառավարության որոշում կուսակցությունների զարգացման մասին (այդ թվում և կուսակցությունների պետական ֆինանսավորման), միաժամանակ փոփոխել«Կուսակցությունների մասին» օրենքը: Երկրորդ՝ ընդունել նոր ընտրական օրենսգիրք,որը կհամապատասխանի ժամանակակից պետության չափորոշիչներին և կապահովի ինչպես տեղական, այնպես էլ համապետական շահերի առկայությունը նորընտիր Ազգային ժողովում: Այս ամենն անելուց հետո միայն, նախապես հայտարարելով ողջամիտ ժամկետ, անցկացնել խորհրդարանական ընտրություններ: Այս ողջ գործընթացի վերաբերյալ այժմյան Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները պետք է գան կամավոր համաձայնության, այդ ամենը հռչակեն որպես նպատակ և պաշտոնապես հանդես գան հայտարարությամբ՝ հանրության առջև պարտավորվելով նաև, որ մինչև նոր ընտրությունները կնպաստեն ներկա կառավարության արդյունավետ գործունեությանը: Անհրաժեշտության դեպքում ԱԺ խմբակցությունների ձեռք բերած պայմանավորվածությունն ամրագրել իրենց կուսակցությունների համագումարների որոշումներով:» Չէ, կատակ էի անում՝ մի փորձեք՝ չեք հասկանա։ Որովհետև քաղաքական մտքի գիգանտ Վազգեն Մանուկյանը ունի մի խասյաթ՝ գեղեցիկ ձևակերպումներով փաթեթավորել մի տխմարություն և մատուցել հասարակությանը՝ հույսով, որ մարդկանց մի հատված, չհասկանալով, կասի՝ ախպեր, դե խելոք բան ա ասում, էլի։

 

Վարդան Հակոբյան