02.10.2018 15:16

Արտահերթը պիտի լինի այն ժամանակ, երբ ցանկանա ժողովուրդը

Արտահերթը պիտի լինի այն ժամանակ, երբ ցանկանա ժողովուրդը

ԱԺ արտահերթ ընտրությունների թեման շարունակում է մնալ քաղաքական դաշտի  ամենաքննարկվող հարցը, հատկապես՝ երեկվա իրադարձության ֆոնին, երբ այդ հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցկացրեց առաջին քննարկումը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Իսկ քննարկումները հիմնականում ընթանում են հետեւյալ բովանդակությամբ.

Պե՞տք են արդյոք արտահերթ ընտրություններ, թե՞ ոչ:

Ե՞րբ պետք է դրանք անցկացվեն, արդյո՞ք պետք է շտապել:

Այս պահին կարող ենք արձանագրել հետեւյալը.

Ժողովրդի մեծամասնությունը (եթե չասենք՝  գրեթե բոլորը) կողմ են, որ ընտրություններն անհրաժեշտ են: Արտահերթ ընտրություններին կողմ են նաեւ ներկայիս իշխանությունները, ինչպես նաեւ կառավարության մաս կազմող կուսակցությունները: Արտահերթին դեմ են թերեւս միայն ՀՀԿ-ականները, որոնց «բնական անհանգստությունը» հասկանալի է. արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ն ոչ միայն մեծամասնություն չի ունենա խորհրդարանում, այլեւ մեծ հարց է՝ արդյո՞ք այդ կուսակցությունը կկարողանա հաղթահարել նվազագույն շեմը: Այս առումով ուշագրավ է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի այն մեկնաբանությունը, թե այդպիսով կհաստատվի Փաշինյանի դիկտատուրա, եւ խորհրդարանում ընդդիմություն չի լինի: Դեռ մի կողմ թողնենք այն, որ հենց Սահմանադրությամբ արձանագրված է, որ անկախ քվեարկության արդյունքներից, խորհրդարանում ընդդիմություն լինելու է: Կարեւորն այն է, որ ով՝ ով, բայց պարոն Շարմազանովը իրավունք չունի խոսել դիկտատուրայից, որովհետեւ հենց իրենք էին իրենց եւ իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար փոխել Սահմանադրությունը, նրան փաստացի երրորդ ժամկետով առաջադրել եւ նշանակել Հայաստանի ղեկավար: Եւ վերջապես, հենց ինքը Շարմազանովն էր ընդամենը կարճ ժամանակ առաջ ՀՀ քաղաքացիներին եւ քաղաքական ուժերին սպառնում, թե «Նախագահ Սարգսյանը հստակ ամրագրել է, որ պետական կառավարման ամենաբարձր օղակներում իրենց տեսնող մարդկանց համար պետության կառավարման ղեկին ձգտելու հիմնական, եթե ոչ միակ ճանապարհը Հանրապետական կուսակցությունն է: Եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով»: Այնպես որ, ինչպես կասեր դասականը՝ Շարմազանով, դու սուս:

Մենք դառնանք «կողմ»-երին: Բանն այն է, որ «կողմ»-երի ճակատում էլ տարակարծություն կա: Եթե ժողովրդի մեծ մասն ու իշխանությունները ցանկանում են, որ այդ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա կառավարության մաս կազմող կուսակցությունները, կարծես, «կողմ ըլլալով» արտահերթի գաղափարին՝ դեմ են դրա՝ հնարավորինս կարճ ժամկետներում անցկացմանը:

Նրանց անհանգստությունն էլ պարզ է: Հեղափոխական էյֆորիայի ֆոնին նրանք քվեների խնդիր են ունենալու: Եւ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները դրա լավագույն ցուցիչն էին, երբ տապալվեց որոշ կուսակցությունների «կայուն ընտրազանգված» ունենալու մասին տարիներ շարունակ շրջանառվող միֆը: Բոլորը տեսան, որ ազատ ու արդար ընտրությունների դեպքում կայուն ընտրազանգված ասվածը, մեղմ ասած՝ չափազանցություն է:

Իհարկե, բոլոր կուսակցությունների եւ քաղաքական ուժերի անհանգստությունները հասկանալի են, բայց, ի վերջո, նրանք բոլորը պետք է հասկանան, որ վերջին խոսքը ժողովրդինն է, եւ կարեւոր է այն, թե ինչ են ցանկանում մարդիկ: Եւ եթե մարդիկ կողմ են արտահերթ ընտրությունների հնարավորինս արագ անցկացմանը, իսկ ժողովրդական ձայնի արտահայտման բազմաթիվ տարբերակներ կան, եւ դրանցից մեկն արդեն նախկին իշխանությունները տեսել են ամիսներ առաջ, երբ դիմադրում էին ու չէին ցանկանում սկզբում «հանձնել» իշխանությունը, ապա՝ քվեարկել ժողովրդի թեկնածուի օգտին:

Կարեւորը ժողովրդի ցանկությունն է, եւ քաղաքական ուժերը պարտավոր են հաշվի նստել այդ ցանկության հետ: Որովհետեւ Մայր օրենքը անփոփոխ հոդվածով հստակ արձանագրում է. Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եւ վերջ:

Քրիստինե Խանումյան