22.01.2013 01:04

«Եվրատեսիլի» հայաստանցի մասնակիցը կորոշվի ազգային ընտրության միջոցով

«Եվրատեսիլի» հայաստանցի մասնակիցը կորոշվի ազգային ընտրության միջոցով

Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ից 18-ը տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը: Ավելի վաղ Հայաստանում մրցույթի կազմակերպիչ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Սակայն, հաշվի առնելով մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում`հնարավորություն ընձեռելով բազմաթիվ կատարողների, հեղինակների` ներկայանալ հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ ապահովելով առողջ մրցակցություն, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Մարտի 2-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել ոչ պակաս քան 16 տարեկան անձինք:

Համաձայն մրցույթի կանոնադրության`մեկ կատարման ժամանակ բեմում կարող է լինել ոչ ավելի քան 6 մարդ: Հիմնական կատարող(ներ)ը եւ բեք-վոկալ կատարող(ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են: Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչեւ 01.10.2012թ-ը: Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն: Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Քաղաքական, գովազդային, վիրավորական եւ նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են: Բեմում կենդանիներն արգելվում են:

Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են  հունվարի 22-ից մինչև  փետրվարի  20-ը: