03.10.2018 20:08

Լիզա Ճաղարյան. Կեղծ բարոյախոսները նույնիսկ հայհոյանքի՛ արժանի չեն

Լիզա Ճաղարյան. Կեղծ բարոյախոսները նույնիսկ հայհոյանքի՛ արժանի չեն

Ես ֆեյսբուքցի եմ երկար տարիներ։ Ինչը նշանակում է՝ հիանալի գիտեմ, որ Ֆեյսբուքի օգտատերերի մի մասը բարեկիրթ է եւ զուսպ, մի մասը ձեւանում է բարեկիրթ եւ զուսպ, մի մասը նյարդային է ու շուտ բռնկվող, մի մասը նյարդային է, բայց ու՛շ բռնկվող, մի մասը գրագետ է, մի մասը ճգնում է գրագետ երեւալ (մեկ-մեկ ստացվում է, մեկ-մեկ՝ ոչ), մի մասը գրառումներ է անում բազմաթիվ ուղղագրական սխալներով, եւ այս բազմաթիվ ուղղագրական սխալներ անողներից ոմանք մի քանի տասնյակ սուպերգրագետ արժեն իրենց անմշակ իմաստնությամբ, մի մասն էլ անկաշկանդ ու անզուսպ հայհոյում է։ Կարճ ասած, հասարակության բոլոր շերտերը Ֆեյսբուքում են, եւ բոլորը՝ բարեկիրթներն էլ, հայհոյողներն էլ եղել են ՄԻ՛ՇՏ՝ ե՛ւ հեղափոխությունից առաջ, ե՛ւ հեղափոխությունից հետո։

Մի էական տարբերությամբ. հեղափոխությունից առաջ ընդդեմ հայհոյախոսությունների վայնասուն չէին բարձրացնում բիրդան «անաչառ» դարձած ոմանք։ Հեղափոխությունից առաջ ընդդիմադիր ուժերի եւ նրանց առաջնորդների դեմ ֆեյսբուքյան գարշահոտ հայհոյախոսությունների համար ՀՀԿ-ական իշխանությունից հաշիվ չէին պահանջում նրանք, ովքեր մի փոր հացի համար այս նույն ՀՀԿ-ականներին ծառայում էին եւ այս նույն Ֆեյսբուքում կարդում էին այն աղբի սելավը, որ լցվում էր այնպիսի մարդկանց վրա, որոնց կոշիկի փոշին լինելուն անգամ արժանի չէին ո՛չ իրենք, ո՛չ իրենց թալանչի տերերը։ Հայհոյանքի թիրախ դարձածները, նաեւ նրանց համակիրները կա՛մ պատասխանում էին նման թափթփուկներին ըստ արժանվույն, կա՛մ արհամարհում էին՝ հրաշալի գիտակցելով, որ առնվազն անհուսալի բթամտություն է պահանջել որեւէ իշխանությունից, որ փակեն ազատ-անկախ սոցցանցի օգտատերերի անսանձ բերանները։

Չերկարացնեմ. մառազմը ալիք տվեց հեղափոխությունից հետո։ Պարզվեց՝ ոտներն ամպոտ որոշ օգտատերեր եւ անեկդոտ պատմելուց դեպի «մեծն վերլուծաբանի» ոլորտ ոստնած որոշ լրագրողներ մինչ հեղափոխությունը ոչ տեսել էին, ոչ էլ լսել էին, որ Ֆեյսբուքում նաեւ հայհոյողների հսկա բանակ կա, ու մեկ էլ, ո՜վ սարսափ, հեղափոխությունից հետո մի լուսապայծառ առավոտ արթնացան ու տեսան՝ վու՜յ աման, կա՛ն, էս ո՜նց են հայհոյում, քա՛ վույ ախչի։

Ու վայնասունն սկսվեց։ Ուրեմն, էս անագորույն բացահայտումից հետո է՛ս «միամիտ աչքաբացվածները» ողբուկականը կապեցին ու սկսեցին պահանջել... Ումի՞ց... Ըհը՛, նոր կառավարությունից։ Սկսեցին պահանջել՝ ի՞նչ։ Ըհը՛, սկսեցին պահանջել, որ հայհոյողների սանձերը ձգեն, որովհետեւ հայհոյողները նոր կառավարության եւ հատկապես ու մասնավորապես՝ այդ կառավարության ղեկավարի համակիրներն են։ Բթամի՞տ են էս ողբասացները, թե՞ անմեղսունակ։ Թե՞ այս նույն անհեթեթ պահանջը դնող ՀՀԿ-ականների հացկատակներն են։ Իրենք մեզանից լավ կիմանան, այս անբարո թամաշայի հանդիսատեսներս ընդամենը կարող ենք ենթադրություններ անել։

Բայց ա՛յ ֆեյսբուքցիներին մարդասպանության զառանցանք-մեղադրանք ներկայացնել եւ այդքանով չբավարարվելով՝ մեղադրանքը տանել հասցնել կառավարության դուռը, սա... անուն չունի։ Այս դեպքում համարժեք պատասխանը միայն հայհոյանքը կարող է լինել, բայց ես այդ հաճույքը չեմ պատճառի նման մարդկանց։

...Մարդը մահացել է, ես չեմ ուզում որեւէ տեսակետ հայտնել նրա մասին։ Ընդամենը հիշեցնեմ, որ հանգուցյալը նույնպես չէր խեղճանում հակադարձելիս եւ նույնիսկ չէր խորշում հույժ նատուրալիստական անեծքներ ու նզովքներ հղել ընդդիմախոսներին ու նրանց... անմեղ երեխաներին։ Ինչ որ է, ասենք՝ Աստված հոգին լուսավորի, եւ անցնենք առաջ։ Հանգուցյալն ի վերջո մեղավոր չէ, որ իր մահից հետո կեղծ բարոյախոսների «պարսը» «բայաթիներ» է քերթում ընդդեմ նոր կառավարության՝ շահարկելով իր մահը։