04.10.2018 16:19

Լիզա Ճաղարյան. Եթե չհասկանաք, մեղքը ձեր վիզը

Լիզա Ճաղարյան. Եթե չհասկանաք, մեղքը ձեր վիզը

Եթե տեսել եք, թե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի դահլիճում, ուղղակիորեն՝ մթության քողի տակ, սեւակույտի ներկայացուցիչներն ինչպես ընդունեցին հակաժողովրդական օրինագիծը, երեւի երբեք չեք մոռանա, թե ինչպես էին գրպանահատի նման հայացքները փախցնում, հիստերիկ ճղավոցներ արձակում, թե որքան գունատ էին, ջղաձգված, վախեցած, ավելի ճիշտ՝ սարսափած, նաեւ ակնառու էին հիստերիկ նոպաներով ընթացող նեւրասթենիայի գերսրված նշանները։

Այնպիսի տպավորություն էր, որ սրանց դագանակների հարվածներով քշել էին ԱԺ, տանիքներին էլ դիպուկահարներ էին կանգնեցրել՝ 67-ից յուրաքանչյուրի համար հատ-հատ, ու զգուշացրել էին՝ եթե «կողմ» չքվեարկեք, տեղնուտեղը սատկացնելու ենք։ Դե, սրանք էլ ոնց որ թե դեռ ուզում են ապրել ու դողդողացող թաթիկները վեր պարզեցին մի մարդու պես։

Դատապարտելի բան չէ ապրելու ցանկությունը։ Այս պատմության մեջ միակ բանն է սա, որ դատապարտելի չէ։

Մնացածն, ինչ կատարվեց 2018-ի հոկտեմբերի 2-ին, կարծում եմ՝ հոգեբույժների ուսումնասիրելիք թեմա է։

Ո՞վ է այս մարդկանց ստորաբար, նենգաբար ու չարամտորեն խաբել, որ կարող են հասարակության կամքին հակառակ գնալ ու մարսել, դժվար չէ գլխի ընկնելը։ Բոլորս ենք ականատես, որ հեղափոխությունից հետո Հայաստանում կատաղի պայքարն ընթանում է արդարության եւ փողի միջեւ, ուրեմն պարզից պարզ է, որ սրանց հիմարացնողը փողատերերն են՝ քսու գլխավոր ամբ... փողատիրոջ բանսարկու առաջնորդությամբ։ Ասել է՝ փողի դեմ խաղ չկա, ում ուզենք՝ կառնենք։ Դե, սրանք էլ հավատացել են։ Որովհետեւ իրենց հե՛նց փողով էլ առնում են, երբ ուզում են։

Այս սեւակույտի մեջ, ի դեպ, ամենածիծաղելին «ես գող չեմ, ես թալանչի չեմ» հոխորտացողներն ու պետականության, ժողովրդավարության մասին ճամարտակողներն են։ Այսինքն թե՝ քանի որ իրենք շքեղ դղյակներ չունեն, անթիվ-անհամար անշարժ գույք չունեն, բանկերում եւ զանազան գաղտնարաններում միլիոնավոր ու միլիարդավոր դոլարներ չունեն, մարդ չեն սպանել, ուրեմն՝ իրենք անխոցելի են ու ճակատները բաց կարող են բարբաջել ցանկացած խոսափողի առաջ «խրոխտ» տնկված։

Սխալվում եք, պարոնայք եւ տիկնայք, ձեր արածն առավել աններելի հանցագործություն է։ Թալանչիներն ու մարդասպաններն իրենց կաշին փրկելու համար են ոտքի ելել հանրության կամքի դեմ, որովհետեւ գիտեն՝ այլընտրանք չկա, վաղ թե ուշ պատասխան են տալու «օրենքի տառին համապատասխան»։ Թալանչիներն ու մարդասպանները խցկվել են ԱԺ, որ անձեռնմխելիության «հովանու ներքո» առավել լկտիաբար թալանեն ու սպանեն։ Ձե՞զ ինչն է մղել դառնալ այդ ավազակախմբի մասնիկն ու մատ թափ տալ ժողովրդի վրա։ «Կուսակցության գաղափարախոսություն», «անցած ճանապարհ» ու մնացած լոլոները գնացեք պատմեք ձեր տնեցիներին։ Չեն հավատա, բայց գուցե խնայեն ձեզ ու չհայհոյեն այնպես, ինչպես ողջ Հայաստանն է հայհոյում երեկ, այսօր... Հայհոյելու է նաեւ վաղը։ Դուք ընդամենը մանրապճեղ հանցագործներ եք, ձեզ այդքանին են արժանի համարել «հզոր» հանցագործները։ Որովհետեւ եթե հանցագործ չլինեք, հանցագործի ու մարդասպանի խամաճիկները չեք դառնա։ Մանկապարտեզի երեխային էլ է հասկանալի էս պարզ ճշմարտությունը։

Բողոքում եք, որ հանրությունը հայհոյու՞մ է ձեզ։ Մի բողոքեք, ամեն օր փառք տվեք Աստծուն... Չէ, փառք տվեք ձեր «թշնամի» վարչապետին, որ մինչեւ հիմա հայհոյանքներով պրծացրել եք ձեր գլուխները, ու ժողովրդական ցասումը սելավի նման ձեզ չի քշել տարել դեպի «անհայտություն»։

Կասեք՝ սպառնալի՞ք էր ասվածը։ Ամենեւին։ Բացարձակ ճշմարտություն է, իրականությունը սթափ գնահատող նախազգուշացում։ Բացարձակ ճշմարտություն է նաեւ, որ եթե շարունակեք արհամարհել հանրությանը ու շարունակեք դողացող ձայնով պոռոտախոսել այնպիսի արժեքներից, որոնք հենց դուք եք քսան տարի շարունակ ոտնահարել ու բռնաբարել, գալու է մի օր, որ նույնիսկ հեղափոխության առաջնորդն անկարող է լինելու զսպել ժողովրդի քլթքլթացող պոռթկումը։

Որովհետեւ ձեր ցանկացա՛ծ խոսք՝ արդարադատության, ժողովրդավարության, «սուրբ» պետականության ու «թանկագին» սահմանադրության մասին, միմիայն ավելացնում է հանրության ատելությունն ու վրեժխնդրության մղումը ձեր նկատմամբ։ Որովհետեւ գագաթնակետին է հասել այն պատմական պահը, որ հանրությունն այլեւս չի հանդուրժելու, որ ձեր նեղլիկ ուղեղներով փորձեք ծաղրել իրեն։ Իսկ երբ ձեզնմաններն են խոսում վերոնշյալ արժեքներից, դրանից ավելի ճիվաղային ամբարտավանություն հնարավոր չէ պատկերացնել. Հանրությունը գերազանց է հիշում, թե ինչպես եք վարվել այդ արժեքների հետ, այնպես որ՝ կրակի հետ մի խաղացեք։

Եվ միամիտ հույսեր մի փայփայեք, թե ձգձգելով Ազգային ժողովի լուծարումը, փրկելու եք ձեր մազաթափ մորթիները։ Տնտեսությունը զարգանա, թե չզարգանա, մարդիկ սկսեն ավելի վատ ապրել, քան ձեր օրոք են ապրել, նոր կառավարությունից հիասթափվեն, թե չհիասթափվեն, միեւնույն է՝ առյուծի պես ատամներով պաշտպանելու են հեղափոխական ուժին, եւ դու՛ք անհուսալիորեն դատապարտված եք «վաստակած հանգստի» գնալու։ Ազատության  ու արդարության՝ թեկուզեւ կիսատ-պռատ, խենթացնող համը տեսած, արբեցնող բույրը վայելած հասարակությանն այլեւս ոչ մի ուժ չի կարող ստիպել, որ հանդուրժի այն մղձավանջային տարիները, որ դուք էիք «պարգեւել» Հայաստանի քաղաքացիներին։ Ու ոչ մի «ինԾելեկտուալ» ու «պՌոֆեսիոնալ» ելույթով չեք կարող հաղթել ձեզ անսահման ատող եւ իր կորսված արժանապատվությունը վերագտած Հայաստանի հպարտ քաղաքացուն։

Ով այս պարզագույն իրողությունը չի գիտակցում, հազար անգամ վա՛յ նրան։