05.10.2018 12:25

Ինգուշեթիան ապստամբում է՝ ընդդեմ Չեչնիայի հետ նոր սահմանի

Ինգուշեթիան ապստամբում է՝ ընդդեմ Չեչնիայի հետ նոր սահմանի

Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով  Չեչնիայի հետ Ինգուշեթիայի նոր սահմանի վերաբերյալ համաձայնագրի դեմ, որ կնքել է ինգուշական խորհրդարանը:

Ցուցարարները պնդում են, որ Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը և Ռամզան Կադիրովը խաբել են ինգուշներին՝ լեռնային տարածքների մի մասը հանձնելով Չեչնիային:

Արդեն հանրահավաքի նախօրեին Մագասի կենտրոնում հերթապահում էին ոստիկանության ուժերը: Ինգուշեթիայի մայրաքաղաքում, ինչպես նաև հանրապետության ամենամեծ քաղաքում՝ Նազրանիում, և այլ բնակավայրերում ինտերնետը խափանվել էր, և քաղաքացիների կարծիքով՝ այդպիսով տեղական իշխանությունները փորձում էին թույլ չտալ, որ բողոքի ակցիայի մասին լուրը տարածվի:

Ցուցարարները սուլոցներով են դիմավորել հրապարակ ժամանած հանրապետության ղեկավար Եվկուրովին, նույնիսկ նրա ուղղությամբ պլաստիկե շիշ են նետել: Նրա անվտանգության ծառայությունը որոշել է Եվկուրովին հեռացնել հրապարակից և  սկսել է օդ կրակել, ինչը, սակայն, խուճապի չի մատնել հավաքված ժողովրդին:

«Մենք ուրիշին պատկանող ոչինչ չենք ուզում: Բայց ինչքա՞ն կարելի է ինգուշներից քիչ-քիչ ամեն ինչ խլել: Ոչ Կադիրովը, ոչ էլ Եվկուրովն այդ հողերի սեփականատերը չեն: Ամբողջ ժողովուրդը ոտքի է ելել, ապստամբում է: Որ այդպես է՝ թող մեզ նորից Ղազախստան աքսորեն, եթե ուզում են խլել մեր հողերը»,- ասել է ցուցարարներից մեկը:

Փոխանցում է BBC-ն: